Մեկնաբանություն

07.11.2012 16:43


Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը շտապում է

Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը շտապում է

Հայաստանի լրատվական դաշտում գործող իշխանամետ լրատվամիջոցները, որոնց ընդունված է Սերժ Սարգսյանի փեսայի պատվին միշիկական համարել, արդեն տևական ժամանակ է՝ շրջանառության մեջ են դրել այն թեզը, թե իբր 2013թ. գործող նախագահի վերընտրության հարցը կասկած չի հարուցում, և բոլորը պետք է պատրաստվեն 2018թ. նախագահական ընտրություններին։

Դատելով ամենից՝ Միքայել Մինասյանն ակնհայտերն իրեն է պատկերացնում Սարգսյանի ժառանգորդի դերում։ «Ժառանգորդ» օպերացիայի հաջող իրականացման գրավականը, ըստ փեսայի, Հայաստանի տնտեսական դաշտի ամբողջական մոնոպոլացումն ու քաղաքական դաշտի անապատացումն է, որոնք պետք է առաջիկա հինգ տարիներին լինեն ցանկացած գնով նախագահի աթոռին մնացած Սերժ Սարգսյանի օրակարգում։

«Եթե Սերժ Սարգսյանը չոչնչացնի ԲՀԿ–ին, ՀՀԿ–ին ու մյուսներին, չկարողանա տնտեսական դաշտից մաքրել այսօրվա խոշոր խաղացողներին և չկարողանա բիզնես դաշտը մտցնել Բաղրամյան 26–ի ամբողջական վերահսկողության ներքո, ապա չի կարողանա իր ուզած ժառանգորդին փոխանցել նախագահական աթոռը»,–իր ծրագրերով է «անկախ» մամուլի միջոցով կիսվում Միքայել Մինասյանը։ Այսինքն՝  երիտօլիգարխը, ով այդպիսին է դարձել զուտ նախագահի փեսա լինելու շնորհիվ և ում վերահսկողության տակ գործող ԶԼՄ–ները խոսում են ժողովրդավարությունից ու քաղաքացիական արժեքներից,  իրականում բոլշևիկյան գաղափարախոսությամբ առաջնորդվող մեկն է։

Նկատենք, որ Միքայել Մինասյանն իր աներոջ քաղաքական ապագայի հարցում շտապում և սխալվում է։ Սա այն դեպքն է, երբ գործ ունենք «Ջուրը չտեսած՝ մի՛ բոբիկացիր» ժողովրդական խոսքի հետ, և ահա թե ինչու։

Նախ՝ մեծ հարցականի տակ է, թե արդյոք Սերժ Սարգսյանը 2013թ. ընտրական գործընթացներից հետո կկարողանա՞ մնալ նախագահականում, թե՞ ոչ։ Բացի այդ՝ եթե մի պահ ենթադրենք, որ Սերժ Սարգսյանը շրջիկ խմբերի օգնությամբ երկրորդ ժամկետով կառավարելու հնարավորություն է ստացել, ապա նա որևէ մեկին (այդ թվում՝ սեփական փեսային) չի ժառանգի իշխանությունը, քանի որ այդ տիպի մարդիկ, որպես կանոն, քադաֆիական կամ ալիևյան սինդրոմով են տառապում և աթոռը զիջում են միայն կյանքից հեռանալով՝ լինի այդ հեռանալը բռնության կիրառման կամ բնական մահվան ճանապարհով։ Ասել է թե՝ Սերժի վերընտրվելու պարագայում «ժառանգորդ» օպերացիան բացառվում է։

Միքայել Մինասյանի երազած «Ժառանգորդ» օպերացիան չի կարող կյանքի կոչվել նաև  այլ պատճառով։ Եթե Ս. Սարգսյանը մնա նախագահի պաշտոնում, ապա Հայաստանը սրընթաց կերպով կշարունակի իր հետընթացը, կաճի արտագաղթը, ինչը Ադրբեջանին մինչև 2018թ. հնարավորություն կտա վերսկսել ռազմական գործողությունները։ Սարգսյանի նախագահության պարագայում Հայաստանը ոչ մի շանս չունի և պատերազմում կպարտվի, իսկ պարտվելով՝ կկորցնի պետականությունը։ Այնպես որ, Սերժ Սարգսյանի ու իր փեսա Միքայել Մինասյանի կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ բոլոր ծրագրերը հակասում են Հայաստանի Հանրապետության շահերին, և հետևաբար՝ 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ չպետք է թույլ տալ, որ իրականություն դառնան Սերժի ու Միքայելի մարտավարական առումով համընկնող, բայց ռազմավարական առումով իրար հակասող երազանքները։

Սարգսյանը Մինասյանին տեսնում է որպես գործիք՝ վերարտադրվելու և հավերժ իշխելու համար, իսկ Մինասյանը Սարգսյանին տեսնում է որպես գործիք՝ 2018թ. «Մեկ օլիգարխի տնտեսությունը» նվեր ստանալու և իշխանության գլուխ գալու համար։ Նկատենք, սակայն, որ այդ երկու մարդու երազանքն ու Հայաստանի ապագան իրար հակասում են և հետևաբար՝ ենթակա չեն իրականացման, եթե, իհարկե, մեր ժողովուրդն ուզում է պետություն ունենալ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը