Մեկնաբանություն

08.11.2012 14:05


Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը ԲՀԿ–ի հայտարարությունից անհանգստացած

Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը ԲՀԿ–ի հայտարարությունից անհանգստացած

ԲՀԿ–ի վերջին հայտարարությունը՝ նախագահական ընտրություններից առաջ որոշակի օրակարգով քննարկումների և խորհրդակցությունների շարք սկսել շահագրգիռ քաղաքական ու հասարակական շրջանակների հետ, լրջորեն մտահոգել են Սերժ Սարգսյանին ու իր նեղ թիմին։

ՀՀԿ–ականները շտապեցին հայտարարել, որ իրենք չեն մասնակցի ԲՀԿ–ի հրավիրած քննարկումներին, և որ խորհրդարանական կառավարման համակարգին իրենք դեմ են։

Ուշագրավն այն է, որ ԲՀԿ–ից դեռ չեն դիմել ՀՀԿ–ին, բայց վերջինիս ներկայացուցիչներն արդեն հրաժարվում են քննարկումների մասնակցել։

Ուշագրավ է նաև այն, որ ՀՅԴ–ն, ՀԱԿ–ը և «Ժառանգությունը» այս կամ այն ձևով դրական են արձագանքել ԲՀԿ–ի նախաձեռնությանը և պատրաստակամություն հայտնել մասնակցել քննարկումներին։ Այսինքն՝ քաղաքական դաշտի հիմնական խաղացողները (մինուս՝ ՀՀԿ) կարող են քաղաքական բարեփոխումների օրակարգի շուրջ նստել միևնույն սեղանի շուրջ։

Հիշեցնենք, որ ՀՅԴ–ն ու «Ժառանգությունը» կողմ են պետական կառավարման համակարգի խորհրդարանական մոդելին։ ՀԱԿ–ի պաշտոնական տեսակետն այս հարցում դեռ չկա, սակայն եթե նշյալ ուժերը ԲՀԿ–ի հետ միասին ի վերջո կարողանան համատեղ քաղաքական օրակարգ մշակել կամ թեկուզ մի քանի կետի շուրջը համաձայնության գան, ապա դա արդեն «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափի կվերածվի։ Ահա սա՛ է անհանգստացրել Բաղրամյան 26–ին, քանզի այնտեղ էլ են հասկանում, որ գալիք նախագահական ընտրություններում եթե գաղափարական հակադիր ճակատ ձևավորվի Սերժ Սարգսյանի դեմ, ապա միայն ՕԵԿ–ի հույսին մնացած ՀՀԿ ղեկավարը կհայտնվի բավական ծանր դրության մեջ։

Իշխանությանն այժմ այլ բան չի մնացել, քան տարատեսակ «վերլուծությունների» և «մուտիլովկաների» օգնությամբ փորձել քարկոծել ԲՀԿ–ի առաջարկը, բայց հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ Բաղրամյան 26–ի քարոզչամեքենան չի կարողանալու արդյունավետորեն կիրառել իր գործիքները, քանզի ստիպված է լինելու հրապարակավ մտնել գաղափարական քննարկումների ոլորտ, ինչից Սերժ Սարգսյանը մշտապես կաղացել է։ Սերժ Սարգսյանի տարերքը կուլիսային ու փակ պայմանավորվածություններն են։ Բաց և հրապարակային պայքարից նա վախենում է այնպես, ինչպես սատանան խունկից։ ԲՀԿ–ն իր քայլով գործող նախագահին բերում է բաց դաշտ, ինչը չէր մտնում Բաղրամյանն 26–ի ծրագրերի մեջ։

Եթե նախընտրական արշավի ժամանակ Սարգսյանն ու իր թիմը խոսեն ժողովրդավարական արժեքներից, տնտեսության ապամենաշնորհայնացումից և պետական կառավարման համակարգի թափանցիկությունից ու միևնույն ժամանակ կողմ արտահայտվեն գիշերային և միանձնյա որոշումներով առաջնորդվող համակարգի վերարտադրությանը, ապա, նախագահի ասած, սիրուն բան չի ստացվի։ Իսկ այն, որ ներկա պայմաններում Սերժ Սարգսյանը վերածվել է միանձնյա որոշումներ կայացնողի, ամենալավը գիտեն հենց ՀՀԿ–ում, և դժվար է պատկերացնել, թե ինչպես են հանրապետականները, դեմքի լուրջ արտահայտությամբ, պաշտպանելու թուրքմենբաշիի վերածվելու Սերժի ցանկությունը։ Այնպես որ Սերժ Սարգսյանի անհանգստությունը հիմքեր ունի և պատահական չէ, որ նրա թիմում թեթև խուճապ է նկատվում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը