Մեկնաբանություն

09.11.2012 17:48


Նիկոլ Փաշինյանի պարտված խաղը

Նիկոլ Փաշինյանի պարտված խաղը

Միշիկական լրատվամիջոցները վերջին օրերին համառորեն տարածում են այն լուրը,  թե մոտ ժամանակներում Նիկոլ Փաշինյանը դուրս է գալու ՀԱԿ-ից և ստեղծելու է նոր կուսակցություն: Փաշինյանի՝ ՀԱԿ–ից տարանջատվելու հիմնական պատճառ է ներկայացվում ԲՀԿ-ՀԱԿ հնարավոր համագործակցությունը նախագահական ընտրությունների ժամանակ:

Ինչո՞ւ հիմա

Փաշինյանին ՀԱԿ-ից պոկելու և նրան որպես սկզբունքային գործիչ ներկայացնելու գովազդային արշավը միշիկական լրատվամիջոցները շուտվանից էին սկսել, բայց ավելի ինտենսիվ ձևով դա արվում է Նաիրա Զոհրաբյանի հայտնի հայտարարությունից հետո:

Պարզ է, որ ԲՀԿ-ն չի հավակնում, որ իր առաջարկած օրակարգը համարվի «Աստվածաշնչային ճշմտարտություն»։ Ծառուկյանի թիմի հիմնական առաքելությունը «Կոնսենսուս մինուս  Սերժ Սարգսյան» ձևաչափն ամբողջական տեսքի բերելն է: Հենց սա՛ է պատճառը, որ իշխանությունը որոշում կայացրեց հերթական անգամ ակտիվացնել Նիկոլին և նախատեսված ժամանակից շուտ խաղի մեջ մտցնել նրան: Հակառակ դեպքում, Սերժի շրջապատը կձգեր մինչև լավագույն պահն ու առիթը: Բայց քաղաքական դաշտի անսպասելի ակտիվացումը ակնհայտ խուճապ է առաջացրել իշխանության մոտ: Հնարավոր կոնսոլիդացիայի ուրվականը ստիպում է սերժամիշիկական իշխանությանը գնալ ցայտնոտային քայլերի, իսկ դրանք սովորաբար սխալ են դուրս գալիս:

Մի դեպքում չեն դիմանում նյարդերը և Կրթության նախարար Աշոտյանին նետում են ՀՅԴ–ի դեմ պայքարի, մյուս դրվագում` Նիկոլի համար կուսակցություն են ստեղծում և օր առաջ ստիպում «իբր տարաձայնությունների» պատճառով լքել ՀԱԿ-ը:

ՀԱԿ–ն առանց Նիկոլի

Կյանքը ցույց տվեց, որ ՀԱԿ-ից հեռացած գործիչներն ուղիղ 10 օր հետո մոռացության են մատնվում: 10 օրում նրանք հանձնում են միշիկական «ՊԱՊ համալիրը», այն է՝ հարցազրույցներ են տալիս «Միշիկ.am»–ներին, «Միշիկ–Press»–ին, «Միշիկ–TV»–ներին,  արտասանում  պատվիրված ելույթները, գեղամյանություն անում ԲՀԿ–ի դեմ ու վերջ: Սա է նախկին ՀԱԿ-ականի քաղաքական ճակատագիրը: Դավիթ Շահնազարյանը, Արամ Սարգսյանը, Անդրանիկ Քոչարյանը ձեզ օրինակ։

Նկատենք, որ իշխանությունն իր հաճախորդների հանդեպ միշտ անողոք է գտնվել, ու երբեք նրանց ճակատագրի մասին հոգ չի տարել։ Այնպես որ հազիվ թե Նիկոլի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք դրսևորվի։ Նրան առավելագույնը կտանեն «Միշիկ–comedy»–ի հյուրասրահ ու հետո կուղարկեն «1+1+1+1+ …» խաղալու։

Հիմա հարց է առաջանում՝ կտուժի՞ արդյոք սրանից ՀԱԿ-ը: Այս հարցը պետք է նայել ավելի լայն հարթության մեջ: ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի. ՀՅԴ-ի (եթե Րաֆֆին խելքի գա՝ նաև «Ժառանգության»), իրական անկախություն ունեցող լրատվամիջոցների, ազատ մարդկանց, չմիշիկացված գործարարների դերակատարումը և ճակատագիրը որոշելու է այն գործընթացը, որն արդեն սկսվել է, և որից այդքան վախենում է  իշխանությունը:

Եթե մեզ բոլորիս հաջողվի հաղթանակ տանել նախագահական ընտրություններում, ապա ՀԱԿ-ը, բնականաբար, ունենալու  է իր տեղը  երկրի հետագա կառավարման  մեջ, իհարկե՝ առանց Նիկոլի: Իսկ եթե այս գործընթացը ինչ-ինչ պատճառներով տապալվի, ապա պարտվելու ենք բոլորս` դարձյալ առանց Նիկոլի, ում, լավագույն դեպքում, սպասվում է Արտաշես Գեղամյանի ճակատագիրը (պատգամավոր դառնալու մոմենտով)։

Ասելս այն է, որ Նիկոլն ամեն դեպքում պարտված է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը