Մեկնաբանություն

12.11.2012 01:51


Ծառուկյանի, Մարգարյանի, Տեր–Պետրոսյանի և Հովհաննիսյանի ընդհանուր հայտարարը

Ծառուկյանի, Մարգարյանի, Տեր–Պետրոսյանի և Հովհաննիսյանի ընդհանուր հայտարարը

ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի ու ՀԱԿ–ի՝ նախագահական ընտրություններից առաջ քաղաքական օրակարգ ձևավորելու թեմայով պաշտոնական հայտարարությունները ցույց են տալիս, որ «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» բանաձևի գործնական կիրառումը զուտ տեսական դատողությունների ոլորտից չէ։

«Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյանին» մաս կարող է կազմել նաև «Ժառանգությունը», ավելի ճիշտ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, քանզի «Ժառանգություն» կուսակցությունն էական դերակատարում չունի քաղաքական դաշտում։ Դե, իսկ «Ժառանգություն» անունը կրող  ԱԺ խմբակցության երկուս ու կես ժառանգական պատգամավորներն իրենց անցած ճանապարհով ու ներկա գործունեությամբ ցույց են տալիս, որ լրիվ այլ տեղից են ուղղորդվում և այլ շահեր  պաշտպանում։ Հետևաբար՝ ճիշտն այն կլինի, որ խոսենք Րաֆֆի Հովհաննիսյան անհատի մասին, ով փոքրիկ (5-6 տոկոսանոց), բայց այդուհանդերձ՝ կայուն  վարկանիշ ունի («Հայաստանի եվրոպացի բարեկամները» 3% են տալիս) և պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններում։

Ինչի՞ շուրջն է «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևավորվել

«Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյանը», այսպես թե այնպես, արդեն ձևավորված է, քանզի ՀՀԿ ղեկավարին սատարում է միայն ՕԵԿ–ը, որի մասին որպես կուսակցություն կարելի է միայն անցյալ ժամանակով խոսել։

Հիմա շատերին է հետաքրքրում այն  հարցը, թե արդյոք կարո՞ղ  են նախագահական ընտրություններից առաջ Գագիկ Ծառուկյանը, Հրանտ Մարգարյանը, Լևոն Տեր–Պետրոսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայնության գալ ու 2013թ. միասնական թեկնածու առաջադրել Սերժ Սարգսյանի դեմ, որպեսզի կոնսենսուսային բանաձևն ամբողջական տեսք ստանա։

Այս պահին դեռ վաղ է այդ հարցին պատասխանելը, բայց ակնհայտ է, որ նշյալ գործիչներն ունեն ընդհանուր հայտարար, ինչը նշանակում է, որ եթե ոչ միասնական թեկնածու, ապա միասնական ճակատ կազմելու լուրջ նախադրյալներ կան։ Նրանցից յուրաքանչյուրն էլ տարբեր հիմնավորումներով դեմ է գործող նախագահի արտաքին և/կամ  ներքին քաղաքականությանն ու կողմ է իշխանափոխությանը։

ԲՀԿ–ն չի ընդունում դեպի գերկենտրոնացում տանող սերժատիգրանական սոցիալ–տնտեսական քաղաքականությունը և քաղաքական մենաշնորհի առկայությունը։ Այդ իսկ պատճառով ԲՀԿ–ն մայիսյան ընտրություններից հետո մաս չկազմեց իշխող կոալիցիային, իսկ այժմ էլ առաջարկում է անցնել խորհրդարանական կառավարման համակարգին ու 100 տոկոսով համամասնական ընտրակարգին։

Գաղափարական տեսանկյունից ՀՅԴ–ն նույնպես այս իշխանության  ընդդիմախոսներից է, ինչը հատկապես դրսևորվեց հայ–թուրքական տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտության հարցում սկզբունքային դիրքորոշում ցուցաբերելու տեսքով։ Ինչպես հայտնի է, ՀՅԴ–ն նախաձեռնեց «Ո՛չ»–ի շարժումը և դուրս եկավ իշխող կոալիցիայից։

2008թ. նախագահական «ընտրություններից» հետո Լևոն Տեր–Պետրոսյանը դարձել է տիտղոսային ընդդիմության առաջնորդը, և բնական է, որ չի ընդունում Սերժ Սարգսյանի իշխանությունը։

Չնայած «Ժառանգության» որոշ ներկայացուցիչների դուր է գալիս միլիոնավոր դոլարների դասախոսություններ կարդացող ու միլիարդավոր դոլարների վարկեր մսխող վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հակակոռուպցիոն պայքար մղելու գաղափարը, բայց անգամ այդ պայմաններում «Ժառանգությունը» ֆորմալ առումով ընդդիմադիր է այս իշխանությանը՝ թեկուզ միայն այն պատճառով, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ուզում է նախագահ դառնալ, այսինքն՝ իշխանափոխության կողմնակից է։

Եվ այսպես, ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» առաջնորդներին միավորում է ներքաղաքական ստատուս քվոն փոխելու ցանկությունը։ Ամեն մեկն իր պատճառներն ու պատկերացումներն ունի փոփոխության ձևի ու բովանդակության մասով, սակայն բոլորի մեջ էլ կա ներկա վիճակի փոփոխության ու նաև իշխանափոխության ձգտում։

Խորհրդարանական կառավարման ձև և 100 տոկոսով համամասնական ընտրակարգ

Եթե առանձին հարցերի մակարդակով քննարկենք «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյանի» պոտենցիալ փայատերերին, ապա այստեղ ևս նկատելի է նրանց մոտեցումների ներդաշնակությունը։

Ե՛վ  ԲՀԿ–ն, և՛ ՀՅԴ–ն, և՛ ՀԱԿ–ը, և՛ «Ժառանգությունը» կողմ են 100  տոկոսով համամասնական ընտրակարգին, ինչին դեմ է ՀՀԿ–ն։ Այս հարցում լիակատար կոնսենսուս է ոչկոալիցիոն ուժերի միջև։

ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն, ՀԱԿ–ը և «Ժառանգությունը» դեմ են քվեարկել կառավարության գործունեության ծրագրին, ինչը նշանակում է, որ այդ ուժերը չեն ընդունում վարվող տնտեսական քաղաքականությունը։ Այսինքն՝ այս հարցում էլ է կոնսենսուս արձանագրվել։

ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն ու «Ժառանգությունը» միանման մոտեցումն ունեն նաև  Սահմանադրությունը փոխելու և խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հարցում։ ՀԱԿ–ն այս թեմայով դեռ չի հստակեցրել իր դիրքորոշումը, բայց համաձայնել է քաղաքական օրակարգն ընդլայնելու նպատակով ԲՀԿ–ի հետ քննարկումներ սկսել։

Այնպես որ, սկզբունքային մի քանի հարցերում խորհրդարանական 4 ոչկոալիցիոն ուժերն այսօր էլ ընդհանուր հայտարար ունեն, և շատ հանգիստ կարող են առաջ մղել առնվազն միասնական ճակատ կազմելու գաղափարը։ Մնացած հարցերի պատասխանն էլ կախված կլինի ընտրական գործընթացներից ու հասարակական տրամադրություններից։ Ամեն ինչ պետք է բնական ու ընկալելի լինի ընտրողի համար։ Մնացածը տեխնիկայի հարց է։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը