Մեկնաբանություն

13.11.2012 00:22


2 կգ «դաբրո» Ֆրանսիայից

2 կգ «դաբրո» Ֆրանսիայից

Սերժ Սարգսյանի քարոզչաթիմը շարունակում է զբաղվել իր սիրած գործով՝ հեքիաթներ է տարածում այն մասին, թե որքան շատ դրսի «դաբրո» ունի ՀՀԿ ղեկավարը։ Այս անգամ նմանատիպ հեքիաթի հիմք է դարձել գործող նախագահի այցը Ֆրանսիա։

Սերժ Սարգսյանը մոտիկից տեսել է և նույնիսկ ձեռքով բարևել է Ֆրանսիայի նախագահ Օլանդին, ինչն էլ գավառամտությամբ աչքի ընկնող «անկախ» մամուլին առիթ է տվել հորթի հրճվանքով նշել, որ Արևմուտքը և մասնավորապես Ֆրանսիան Հայաստանի նախագահական ընտրություններից առաջ «դաբրո» է տալիս «ֆուտբոլասեր» նախագահին։

«Այն  ընթացքում, երբ ԲՀԿ–ն ներսի քաղաքական դաշտում է հանդիպումներ ունենում, Սերժ Սարգսյանը փորձում է ցույց տալ, որ ինքը ներսում խնդիր չունի և պարզապես մնացել է հարցերը կարգավորելու դրսում։ Ֆրանսիան, այդ իմաստով, Հայաստանի բոլոր նախագահների համար հանդիսացել է կարևոր երկիր, որտեղ լուծվել են նախագահ դառնալու համար կարևոր հարցեր,–գրում է սերժամետ կայքերի հաստիքային ու արտահաստիքային թղթակիցը և հոդվածի վերջում ամփոփում,–քաղաքական խորհրդակցությունների շնորհիվ ԲՀԿ–ն Սերժ Սարգսյանին փորձում է ակնարկել, որ եթե նա չկիսվի ԲՀԿ–ի հետ, ԲՀԿ–ն մյուսների հետ կվերցնի ամբողջը։ Սերժ Սարգսյանն էլ փորձում է Ֆրանսիայում ցույց տալ, որ եթե փորձեն վերցնել ամբողջը, ինքն Արևմուտքի օգնությամբ ուժով կպահի այն»։

Ահա այսպես, ՀՀԿ ղեկավարը դարձել է «կինոյի մեջի տղեն» ու Արևմուտքի օգնությամբ ուժով պահելու է իշխանությունը։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Տեսնես Օլանդը գիտի՞, որ ինքը Սերժին «դաբրո» է տվել, և որ ինքը՝ որպես Արևմուտք, աջակցելու է ՀՀԿ ղեկավարին, որպեսզի նա ուժով պահի ամբողջ իշխանությունը, եթե հանկարծ ԲՀԿ–ն փորձի մյուսների հետ վերցնել ամբողջը։

Եթե նախագահականի «ջիգիթները», իրոք այսպիսի պատկերացումներ ունեն արտաքին ու ներքին քաղաքականության մասին, ապա հասկանալի է դառնում, թե ինչպես են ծնվում Սերժ Սարգսյանի մանկամիտ ու դատարկ ելույթները։ Իսկ եթե նախագահականում շատ լավ հասկանում են, որ, այսպես ասած, էշությամբ են զբաղված, բայց ստիպված են դա անում, որպեսզի խուսափեն կազմաքանդումից, ապա դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը խուճապային տրամադրության մեջ է, և այդ տրամադրության տարածումը թույլ չտալու համար վիրտուալ մակարդակում Օլանդին են «տղա» բերում։

Մի ժամանակ էլ գրում էին, թե Սերժը Պուտինի հետ հանդիպելուց հետո եկավ Հայաստան ու ներիշխանական դավադրություն բացահայտելու «դաբրո» բերեց իր հետ՝ աշխատանքից հեռացնելով ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին ու հրաժարական պարտադրելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին։ Իրականությունը, սակայն, այն էր, որ ՀՀԿ ղեկավարին հաջողվել էր միայն 12–րոպեանոց հանդիպում ունենալ ՌԴ նախագահի տանը գիշերվա կեսին, հայտնվել տան միջանցքի «տաբուրետկայի» վրա և Պուտինի երեխաներին քնից չհանելու համար խոսել ցածրաձայն։ Պարզ է, որ Պուտինի հետ որևէ հարց չէր քննարկվել ու չէր էլ կարող քննարկվել, սակայն դա չխանգարեց «դարի դաբրո» ներկայացումը բեմադրել Հայաստանում և պատկերավոր ասած՝ նախագահականի հավաքարարին աշխատանքից ազատելը հրամցնել որպես Ս. Սարգսյանի դիրքերի ուժեղացման և դրսից «դաբրո» ունենալու ապացույց։

Ուշագրավն այն էր, որ այդ օրերին հրաժարական տվեց նաև նախագահի փեսան, ու ստացվեց, որ վերջինս էլ էր հակասարգսյանական դավադրության մասնակից։ Սերժամետ մամուլը, ըստ այդմ, հայտնվեց հիմար վիճակում, բայց դե նման «մանր» բաների վրա Բաղրամյան 26–ում չեն սիրում ուշադրություն դարձնել և հավատարիմ են մնում որդեգրած գծին, այն է՝ Սերժ Սարգսյանի ցանկացած այցելություն կամ հյուրընկալություն ներկայացնել որպես դրսի «դաբրոյի» վկայություն։ Հիմա հերթն Օլանդից «դաբրո» ստանալուն է հասել։

Սրանք, փաստորեն, չեն կողմնորոշվել, թե ի վերջո ում «դաբրոյով» պետք է նախագահական երկրորդ «սռոկը» նստի Սերժը՝ Մոսկվայի՞, Արևմուտքի՞, Թուրքիայի՞, թե՞ Ուզբեկստանի։

Այս պահին «դաբրոն» ֆրանսիական հետք ունի, քանի որ Սարգսյանը Ֆրանսիայում է։ Լիներ նա Հիմալայներում կամ Սիկտիվկարում, կասեին, թե այնտեղից է «դաբրո» ստանալու։

Ակնհայտ է, որ նման հիմարությունները  և էժանագին PR–ը չեն կարող ազդեցություն թողնել, բայց նախագահականում, թերևս, առաջնորդվում են «Որքան ոչխարի էլ համոզենք, որ Հայաստանի նախագահ դառնում են դրսի «դաբրոյով», և որ այդ «դաբրոն» Սերժին են տվել, էլի «քյար» է» տարբերակով։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Տեսնես Ֆրանսիայից իր հետ կգ «դաբրո» բերող Սերժ Սարգսյանը մաքսազերծելո՞ւ է այն, թե՞ կոռուպցիան գլխից բռնելու փուլին մաքսայինում դեռ չեն հասել։

Այս խորագրի վերջին նյութերը