Մեկնաբանություն

16.11.2012 00:29


Ինչո՞ւ են վճարում Տիգրան Սարգսյանին

Ինչո՞ւ են վճարում Տիգրան Սարգսյանին

Կովերի «բարեմասնությունները» գոլ ջրով մշակելու մասին դասախոսություններ կարդալուց և նմանատիպ դասախոսությունների համար 17 միլիոն դոլարի կարգի գումար մսխելուց ազատ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ տանիքի ներքո զբաղվում է «հալվա–հալվա» ասելու միջոցով բերանը քաղցրացնելով։

Վարչապետն ապրում է այն հույսով, որ ԲՀԿ–ն սատարելու է Սերժ Սարգսյանին։ Եթե նա անկեղծորեն հավատում է դրան, ուրեմն՝ քաղաքականապես անմեղսունակ է։ Իսկ եթե չի հավատում, բայց հայտարարում է, ուրեմն՝ դատարկախոս է։

Ամեն դեպքում ստացվում է, որ Տիգրան Սարգսյանը ոչ միայն տնտեսությունից բան չի հասկանում, այլ նաև քաղաքականությունից։ Ճիշտ է ասված. եթե մարդը «բարեշրջիչ» է, ապա նա այդպիսին է բոլոր ոլոլորտներում և ընդմիշտ։

Արդեն ավանդույթ է դարձել այն, որ խորհրդարանական նիստերի ամեն մի քառօրյայի վերջում  կասկածելի ժպիտ ունեցող Տիգրանը գալիս է ու խոսում 2011թ. ստորագրված կոալիցիոն հուշագրի մասին։ Այս քառօրյան բացառություն չկազմեց։ Տպավորությունն այնպիսին է, որ գործադիր մարմնի ղեկավարին աշխատավարձ են տալիս այն բանի համար, որ նա ոչ թե պետական բյուջեի քննարկումներին մասնակցի և իր բուն գործով զբաղվի, այլ գա ԱԺ ու ԲՀԿ–ից խոսի։

Նախագահի թիմում, թերևս, չեն զգում, որ մակուլատուրայի թղթի վերածված կոալիցիոն հուշագրի մասին վարչապետին անընդհատ խոսեցնելով՝ նախ անհարմար դրության մեջ են դնում իրենց ղեկավար Սերժ Սարգսյանին, և բացի այդ՝ ակամայից խոստովանում են, որ առանց ԲՀԿ–ի իրենք չեն կարող ներկայիս նախագահին տանել պաշտոնավարման երկրորդ ժամկետի։

Իսկ եթե Բաղրամյան 26–ում զգում են, որ կոալիցիոն հուշագրի մասին հիշելով՝ անհարմար վիճակի մեջ են դնում Սերժ Սարգսյանին, բայց այդուհանդերձ շարունակում են վարչապետի բերանով դա անել, կնշանակի հավատում են, թե հալվա ասելով բերանը քաղցրանում է։

Երկու դեպքում էլ սիրո՛ւն բան չի ստացվում։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը