Մեկնաբանություն

17.11.2012 13:17


Գագիկ Ծառուկյան VS Սերժ Սարգսյան

Գագիկ Ծառուկյան VS Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանի կողմնակիցները վերջապես հասկացել են, որ նա ստիպված է լինելու մրցել ԲՀԿ–ի կողմից պաշտպանվող թեկնածուի հետ։ Նրանք հասկացել են նաև, որ մրցակից թեկնածուն կարող է դառնալ Գագիկ Ծառուկյանը։

Ում միջև պետք է ընտրել

Գագիկ Ծառուկյանին ու Սերժ Սարգսյանին համեմատելիս սերժանժդեհականները և «անկախ» մամուլի մշակներն այլ ձև չեն գտել ՀՀԿ ղեկավար Սարգսյանին պաշտպանելու, քան հետևյալ փաստարկներին դիմելը.

Ա. Գագիկ Ծառուկյանը պատրաստ չէ նախագահ դառնալու, քանզի դժվար է նրան պատկերացնել  երդմնակալության արարողության ժամանակ, արտասահմանյան գործընկերների հետ հանդիպելիս, արտաքին քաղաքական հարցերով խորհրդակցություններ անցկացնելիս և այլն,

Բ. Մենք ունենք Ղարաբաղի խնդիր, և միայն Սերժ Սարգսյանը, ով պատերազմի բովով է անցել, կարող է այդ հարցով զբաղվել,

Գ. Երկրի նախագահը գերագույն գլխավոր հրամանատարն է և պատասխանատու է Հայաստանի անվտանգության համար, ուստի դժվար է պատկերացնել Ծառուկյանին այդ դերում, մինչդեռ Սերժ Սարգսյանը տարբեր ժամանակներում գլխավորել է ուժային բոլոր կառույցները և իր գործը լավ գիտի։

Սերժամետների կողմից այլ «փաստարկներ» էլ են հնչեցվում, սակայն նշվածներն այն հիմնականներն են, որոնց արժե անդրադառնալ։

Այն, որ Ծառուկյանն ամենապատրաստված գործիչը չէ հայաստանյան ընդդիմադիր դաշտում, վիճելի հարց չէ, քանզի այդպես էլ կա։ Սակայն ամեն մի ժամանակահատված իր պահանջներն է առաջ քաշում։ ԱՄՆ-ում էլ այսօր Օբաման ու Ռոմնին ամենախելոք ու ամենաինտելեկտուալ մարդիկ չեն, նրանցից խելոքներ շատ-շատ կան, սակայն ամերիկյան հասարակությունը չընտրեց լավագույններին, այլ ընտրեց իրար հետ մրցակցող երկու մարդկանցից մեկին: ԱՄՆ բարձրակարգ համալսարանների յուրաքանչյուր պրոֆեսոր տասնապատիկ ավել պատրաստվածություն ունի, բայց չի դառնում երկրի նախագահ։

Հարևան Վրաստանում էլ Իվանիշվիլին «մաքուր» քաղաքական գործիչ չէ, սակայն նա դարձավ այն մարդը, ով կարողացավ համախմբել Սահակաշվիլու ռեժիմին դեմ արտահայտվող և փոփոխություններ պահանջող քաղաքական ու հանրային ուժերին։

Պետության նախագահները հիմնականում քաղաքական ու հասարակական այն խմբերի ներկայացուցիչներն են, ովքեր գալիս են որոշակի ժամանակահատվածում ստեղծված որոշակի խնդիրները լուծելու համար։

Այսօր Հայաստանում բոլշևիկյան քաղաքականություն է իրականացվում, և բնական է, որ հակաիշխանական պայքարի խորհրդանիշը պետք է դառնա փոքր, միջին ու խոշոր բիզնեսի շահերը ներկայացնող ԲՀԿ–ն՝ իր լիդերով։ Իսկ եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Հայաստանը «սառը» պատերազմի մեջ է Ադրբեջանի հետ, և տնտեսության հետագա գահավիժումը սպառնում է մեր անվտանգությանը, ապա է՛լ ավելի հասկանալի կդառնա, թե ինչու է բոլշևիկյան ուժերի դեմ պայքարի առաջամարտիկը դարձել ազգային բուրժուազիայի ներկայացուցիչը։ Այնպես որ, քաղքենիների համար հնչող այն տեսակետը, թե Ծառուկյանը թույլ է արարողակարգային հարցերում, ընդամենը Սերժին պաշտպանելու դատարկ փաստարկ է։

Ավելորդ չէ նշելը, որ Սերժ Սարգսյանը զուրկ է խարիզմայից, ինչը չես ասի Ծառուկյանի մասին։ Ճիշտ է, ԲՀԿ առաջնորդը միանշանակ չի ընկալվում հասարակության որոշակի շերտի կողմից, բայց ո՞վ է ասել, որ երկրի ղեկավարը պետք է լինի ամբողջ հասարակության համար ընդունելի։ Այս կոնտեսքտում պետք է ընդգծել, որ Սարգսյանին ընդունող հանրային որևէ շերտ չկա, եթե իհարկե, հանրային շերտ չդիտարկենք նրա նեղ շրջապատին և ընտանիքի անդամներին։ Անգամ պետական կառավարման համակարգում զզված են այն մթնոլորտից, որն ստեղծվել է վերջին տարիներին, և այդ զզվանքն իր դրսևորումը կունենա առաջիկա ընտրությունների ժամանակ։

Անցնենք առաջ։

Բացահայտված ու քողարկված սերժականներն այնպես են խոսում արարողակարգային հարցերում Ծառուկյանի անփորձության և նրա գիտելիքների պաշարի մասին, կարծես Սերժ Սարգսյանը քայլող խելքի տոպրակ է և արարողակարգային հարցերում իրեն գերազանց պահող։ Համենայնդեպս, Ծառուկյանն իրեն արժանապատիվ կպահեր և Գյուլի դեմքին չէր «թռնի» այն պահին, երբ մերոնք ֆուտբոլային հանդիպման ժամանակ գոլ կերան թուրքերից։

Բացի այդ՝ Ծառուկյանը ստրկամտորեն մինչև գետին չի խոնարհվի օտարկերկրյա «ճ» կլասի դիվանագետ տեսնելիս և նրան բարևելիս։

Երդմնակալության արարողության մասով էլ ասենք, որ եթե Ծառուկյանը մասնակցի 2013թ. ընտրություններին ու դառնա նախագահ, ապա դժվար է պատկերացնել, որ նա ժողովրդին երդում կտա ոստիկաններով շրջապատված Ազատության հրապարակում՝ դատարկ ցելոֆանի ուղեկցությամբ ողջունելով զինվորներին։

Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին, ապա ով, ով, բայց Սերժ Սարգսյանի կողմնակիցները պետք է չխոսեն այդ թեմայով, քանզի տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտության միջոցով գործող նախագահը մեծագույն վնաս հասցրեց ՀՀ և ԼՂՀ անվտանգությանը։  Իսկ եթե ոմանք ուզում են Ծառուկյանի ու Սարգսյանի միջև համեմատականներ անցկացնել Ղարաբաղի հարցի լուծման նրանց մոտեցումները հաշվի առնելով, ապա նկատենք, որ ԲՀԿ առաջնորդը, օրինակ, «Ալ Վաթանին» հարցազրույց չի տվել և չի հայտարարել, թե Հայաստանը պատրաստ է զիջել ազատագրված շրջանները, եթե Ադրբեջանն ընդունի ղարաբաղցիների ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը։

Ծառուկյանը չի հայտարարել նաև, թե Աղդամը մեր հայրենիքը չէ։ 

ԲՀԿ առաջնորդը, անշուշտ, Ղարաբաղյան հակամարտության գիտակ չէ, բայց նա իր պոտենցյալ մրցակից հանդիսացող «գիտակի» նման միջազգային լսարանի առջև չի հայտարարել, թե Ղարաբյան հակամարտությունը կրոնական բնույթի ունի, ինչը կատարյալ դիլետանտիզմի վկայություն է։

Ծառուկյանը ցույց է տվել, որ խորհուրդ լսելու հատկություն ունի և ինչից որ թույլ է, վստահում է մասնագետներին։ Իսկ դա նշանակում է, որ նախագահ դառնալու դեպքում նա Ղարաբաղի հարցում առաջնորդվելու է փորձագիտական կարծիքը հաշվի առնելով և հաստատ «ֆուտբոլային» դիվանագիտության պես անհեռատես քայլի չի գնա։

Եվ վերջապես՝ գերագույն գլխավոր հրամանատար լինելու մասին։ Այո՛, Սերժ Սարգսյանն ուժային կառույցները ղեկավարելու փորձ ունի, բայց հարցն է, որ այդ ընթացքում նա աչքի է ընկել բացասակա՛ն իմիջով։

Ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ շրջանում՝ 1993թ., նա ոչ միայն Ղարաբաղում չէր, այլ նաև Հայաստանում չէր։ Սերժը զբաղված էր Մոսկվայից բանակային պարագաների մատակարարմամբ, այսինքն՝ բիզնեսով, և միայն Վազգեն Սարգսյանի լոբբինգի արդյունքում հետ եկավ Հայաստան և նշանակվեց պաշտպանության նախարար (իսկ թե ինչու էր Սերժը հեռացվել Ղարաբաղից, առանձին հոդվածի թեմա է, որին առիթի դեպքում կանդրադառնանք)։

Սերժ Սարգսյանն, անշու՛շտ, իր ներդրումն ունի Ղարաբաղյան հաղթանակներում, բայց նախ այդ ներդրումը որոշիչ չի եղել (ինչպես պնդում են նրա քարոզիչները) և հետո՝ ոչ պակաս ներդրում ունեցել է նաև ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած գեներալ Մանվել Գրիգորյանը, ուստի ի՞նչ է բխում դրանից։ Մի խոսքով «կռված տղու» փաստարկը սերժականները չեն կարող «ռասկրուտկա» անել։ Եթե շարունակեն, ապա պատերազմի տարիներին տեղի ունեցած որոշ իրադարձությունների մասին այնպիսի փաստեր ի հայտ կբերվեն Սերժ Սարգսյանի մասով, որ սիրուն բան չի ստացվի։ 

Չպետք է մոռանալ նաև այն, որ Սերժի՝ ԱԱԾ ղեկավար եղած ժամանակ տեղի ունեցավ 1999թ. հոկտեմբերի 27–ի ահաբեկչությունը։ Սարգսյանն ի պաշտոնե պատասխանատու է այդ հարցում, քանի որ չի կարողացել կանխել պետության ղեկավար կազմի անդամների սպանությունը։ Պատահական չէ, որ ՀՀԿ ղեկավար Անդրանիկ Մարգարյանն ու սպանվածների հարազատներն այն օրերին պահանջում էին ԱԱԾ ղեկավարի պաշտոնից հեռացված և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար դարձած Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ասել է թե՝ Սերժ Սարգսյանի փորձն ուժային կառույցներում փորձանք է դարձել, և պնդել, թե նա ՊՆ, ՆԳ և ԱԱԾ նախարար է եղել, ու հետևաբար միայն ինքը կարող է գերագույն գլխավոր հրամանատար լինել, պարզունակ քարոզ է։ Դա նույնն է, ինչ ասվի, թե Տիգրան Սարգսյանը 10 տարի ԿԲ ղեկավար է եղել և 5 տարի վարչապետ, ուստի անփոխարինելի է։ Տիգրանի փորձն էլ փորձանքի բերեց և ուրեմն ազատվել է պետք նման «փորձառուներից»։

Եթե Ծառուկյանին հաջողվի դառնալ ՀՀ չորրորդ նախագահը, ապա դա հնարավոր է լինելու է միայն քաղաքական ու հասարակական դաշտի լայն համախմբման շնորհիվ, ինչը նշանակում է, որ մենք ունենալու ենք իրական կոալիցիոն կառավարում և բացառվելու են միանձնյա ու գիշերային որոշումները։

Փորձը ցույց է տվել, որ Ծառուկյանը որոշումներ կայացնում է իր թիմակիցների հետ խորհրդակցելով և նրանց կարծիքը հաշվի առնելով։ Նա շատ լավ գիտի իր ուժեղ և թույլ կողմերը, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, ով արդեն բրեժնեվյան սինդրոմով է տառապում և կտրվել է իրականությունից։

Ծառուկյանի անձնական շահը համընկնում է հանրային շահի և առաջին հերթին բուրժուազիայի բոլոր շերտերի շահերի հետ, իսկ դա հարյուր հազարավոր մարդիկ են։ Ճիշտ հակառակ պատկերն է Սերժ Սարգսյանի պարագայում. նրա անձնական շահը խորը հակադրության մեջ է հանրային ու պետական շահի հետ։

Սերժ Սարգսյանը ձգտում է «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման։ ՀՀԿ ղեկավարը չի էլ թաքցնում, որ իր նպատակը բացարձակ իշխանություն ունենալն է, ինչը նշանակում է, որ նրա վերընտրության դեպքում մեզանում ձևավորվելու են բացարձակ այլասերված հարաբերություններ։ Նման հարաբերությունների պայմաններում մենք կունենանք արտագաղթի է՛լ ավելի մեծ մասշտաբներ, տնտեսության անկում և ի վերջո՝ պետության կորուստ։

Ծառուկյանի թիմն առաջարկում է պետության կառավարման խորհրդարանական մոդել, որը համապատասխանում է քաղաքական դաշտի մյուս սուբյեկտների մոտեցումներին, և որը շանս է տալիս բաց հասարակություն ձևավորելու։

Եթե Ծառուկյանը նախագահ դառնա, ապա պաշտոնավարելու է առավելագույնը 4 տարի ժամկետով, որից հետո մենք կունենք եվրոպական երկրների մեծ մասում գործող խորհրդարանական համակարգը։

Պետք է արձանագրել, որ լավ կյանիքց չէ, որ խոշոր գործարարը մտել է քաղաքական պայքարի մեջ, բայց երբ բոլշևիկները գլուխ են բարձրացնում, քաղաքականությամբ զբաղվել պետք է, քանզի հակառակ դեպքում քաղաքականությունը կզբաղվի քեզանով և քո երկրով։ Իսկ պատմական փորձը ցույց է տվել, որ բոլշևիկները պատուհաս են դառնում և՛ ժողովրդի, և՛ պետության գլխին։ Իսկ ո՞վ կարող է ավելի արդյունավետորեն բոլշևիկների դեմն առնել, եթե ոչ նրանց բնական անտոգոնիստ բուրժուազիան. անձերը տվյալ դեպքում երկրորդական են դառնում։ 

Եվ ամենակարևորը՝ ժողովուրդն իր քվեով պետք է որոշի, թե ով պետք է դառնա Հայաստանի նախագահ, այլ ոչ թե տնաբույծ բոլշևիկների քարոզիչները, ցնդող թանաքները և Սերժի օգտին քվեարկող շրջիկ խմբերը՝ ընտրական «ֆեյքերը»։ 

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը