Մեկնաբանություն

19.11.2012 12:58


Տիգրան Սարգսյանի «պոստինդուստրիալ» դեմագոգիան

Տիգրան Սարգսյանի «պոստինդուստրիալ» դեմագոգիան

Կան մարդիկ, ովքեր ամբողջ կյանքի ընթացքում մեկ կամ լավագույն դեպքում երկու գիրք են կարդացած լինում, բայց իրենց թվում է, թե արդեն ամեն ինչ գիտեն։ Դրանք, որպես կանոն, կիսագրագետներ են ու մարդու ավելի անդուր տեսակ, քան անգրագետները, քանզի անգրագետը չի հավակնում գրագետ երևալու և տեսակետներ հայտնելու, իսկ ահա կիսագրագետից պրծում չկա։ Կիսագրագետը կարծում է, թե իր կարդացած մեկ կամ երկու գիրքը լրիվ բավարար է ուրիշներին դաս տալու համար։

2008թ. նախագահական «ընտրությունների» և մարտի 1–ի շնորհիվ վարչապետ դարձած Տիգրան Սարգսյանը սիրում էր կառավարության նիստերի սկզբում դասախոսություններ կարդալ։ Բոլորն էլ հասկանում էին, որ դա դատարկաբանություն է, բայց հանգամանքների բերումով լսում էին նրան։ Տնտեսական անկմանը զուգընթաց այդ ամենը ծիծաղելի դարձավ։ Հիմա վարչապետը նոր լսարան է գտել՝ ուսանողությունը։

Օստապ Բենդերի հետևորդը

Դատելով վարչապետ Տիգրան Սարգսյանի պահվածքից ու բառապաշարից՝ կարող ենք վստահաբար պնդել, որ նա ընդամենը երկու գիրք է կարդացել կամ էլ իր կարդացած գրքերից երկուսն են շենշող տպավորություն թողել, և նա հայտնվել է շոկի մեջ։ Այդ գրքերի հեղինակներն են Մաքս Վեբերը և Էլվին Թոֆլերը։ Առաջինը աշխարհահռչակ սոցիոլոգ և փիլիսոփա է, իսկ երկրորդը՝ աշխարհահռչակ ֆուտուրոլոգ։

Վեբերը հայտնի է «Բողոքական էթիկան և կապիտալիզմի ոգին» աշխատությամբ, իսկ Թոֆլերը՝ «Երրորդ ալիք»–ով։ Տիգրան Սարգսյանը, ակնհայտորեն, կարդացել է այդ գրքերը, բայց չի հասկացել հեղինակներին կամ ավելի ճիշտ՝ լրիվ ուրիշ բան է հասկացել, բայց դա չի խանգարում Տիգրանին կարծել, թե ինքը «էս գեղի» կարդացած տղեն է, հետևաբար՝ դեմք է, ու պետք է բոլորին պատմի իր կարդացածի մասին։

Շվեյցարական ժամացույցի ճշգրտությամբ մեռելոցի օրեր հայտարարելով, կղերապետություն քարոզելով ու տերտերական առոգանությամբ ելույթներ ունենալով՝ Տիգրան Սարգսյանը ներքին համոզմունք ունի, թե ինքը տեղայնացնում է Վեբերի նկարագրած բողոքական էթիկան՝ ներդնելով առաքելական էթիկան։ Դե, իսկ «Մեզ ապրանքային արտադրություն պետք չէ, և մենք պետք է ձգտենք գիտելիքահեն տնտեսության» ձևակերպումն օգտագործելով Տիգրան Սարգսյանին թվում է, թե այդպիսով ինքը Հայաստան է բերում Թոֆլերի նկարագրած երրորդ ալիքը (ուռա՜ ընկերներ...)։

Խնդիրն այն է, սակայն, որ հայտնի հեղինակները լրիվ ուրիշ բան էին նկատի ունեցել իրենց հեղինակած գրքերում և լրիվ ուրիշ տարածության ու ժամանակի մեջ առաջ քաշել իրենց թեզերը։

Վեբերի նկարագրած բողոքական էթիկան նախևառաջ վերաբերում է աշխատանքին ու բիզնեսին։ Վեբերն ապացուցում էր, որ արևմտյան արժեհամակարգն ամենահարմարն է շուկայական տնտեսություն կառուցելու և կապիտալիստական հարաբերություններ ունենալու համար, իսկ բողոքական էթիկան (հատկապես կալվինիզմը), որը հիմնված է վստահության և «մարդ դառնալու» ձգտման վրա, նպաստում է մարդկանց և պետության հարստացմանը։ Վեբերը կրոնապետությանը չէր կարող կողմ լինել, քանզի կապիտալիզմը ենթադրում է պետության աշխարհիկ կարգ։

Ինչ վերաբերում է Թոֆլերի ասածներին, ապա նա 1970թ. հրատարակված «Ապագայի շոկը» գրքում նկարագրում էր ինդուրստրիալ հասարակությանը սպասվող տրանսֆորմացիաները, իսկ հաջորդ գրքում՝ «Երրորդ ալիքում», արդեն խոսում էր հասարակական հարաբերությունների երեք ձևերի մասին և ընդգծում, որ զարգացած երկրները մտել են պոստինդուստրիալ՝ ոչ ապրանքային արտադրության փուլ, որի դեպքում գիտելիքներն ու «նոու հաուներն» են որոշիչ դարձել, քանի որ  պոստինդուստրիալիզմի ժամանակ տեխնոլոգիաներ են արտադրվում։ Թոֆլերն ուսումնասիրել էր զարգացած երկրներում ու մասնավորապես ԱՄՆ–ում տեղի ունեցող սոցիալ–տնտեսական գործընթացները և ըստ այդմ էլ կանխատեսումներ արել, կամ ավելի ճիշտ՝ արձանագրել միտումները։

Տիգրան Սարգսյանին դուր են եկել Թոֆլերի խոսքերը, և նա, «թարմ ականջ» գտնելու դեպքում, առիթ–անառիթ խոսում է պոստինդուստրիալ հասարակության ու գիտելիքահեն տնտեսության մասին։ Վարչապետը, թերևս, համոզված է, թե ինքն այդպես ավելի խելացի ու «պռադվինուտի» կերևա։

Վարչապետին թվում է, որ եթե ինքը շատ օգտագործի «պոստինդուստրիալ» և «գիտելիքահեն» բառերը, ապա Հայաստանն անմիջապես կվերածվի մի մեծ սիլիկոնային հովտի, Գյումրին կդառնա տեխնոպարկ, իսկ Դիլիջանը՝ տարածաշրջանային ֆինանսական կենտրոն։

Նկատենք, սակայն, որ որքան շատ է Տիգրան Սարգսյանը տերտերական առոգանությամբ խոսում բարեպաշտությունից ու էթիկայից, այնքան մեր երկրում աճում է կոռուպցիան։ Որքան շատ է խոսում Տիգրանը գիտելիքահեն տնտեսությունից, այնքան եղած բաներն ենք կորցնում, իսկ գիտելիքահենության անվան տակ միլիոնավոր դոլարներ են լվացվում՝ գյուղացիներին դասախոսություններ կարդալու և կով կթելու «պոստինդուստրիալ» գաղտնիքներին ծանոթացնելու միջոցով։

Տեսակետ կա, թե Տիգրան Սարգսյանը ձախողվել է, քանի որ կիսագրագետ է։ Կա  նաև տեսակետ, թե նա ցինիկ է ու փարիսեցի և բարձր բաներից խոսում է՝ քողածածկելու համար «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու սերժսարգսյանական ձգտումը։ Ըստ իս՝ երկու տեսակետներն էլ ճիշտ են։ Մենք գործ ունենք անսահման ցինիզմով աչքի ընկնող կիսագրագետ կառավարման հետ։ Սրանք Աստծո անունը տալով՝ անաստված գործեր են անում, գիտելիքահեն տնտեսությունից խոսելով՝ քյարթու ձևով գանձագողությամբ են զբաղվում և մսխում պետության հաշվին բերած միլիարդավոր դոլարի վարկերը։

Պոստինդուստրիալ հասարակության մասին ճամարտակությունը նյուվասյուկիզմի նոր տեսակ է։ Պոստինդուստրիալ հասարակություն կառուցելու մասին չեն հայտարարում։ Դա լոզունգներով չի ստեղծվում։

Բոլշևիկներն էլ էին ասում «Հասնենք և անցնենք Ամերիկային» կամ «Կառուցենք պայծառ կոմունիստական ապագա»։ Թե ինչ եղավ հետո, բոլորս գիտենք։

Եվ ուրմեն, չի կարելի թույլ տալ, որ Հայաստանն էլ ՍՍՀՄ–ի ճակատագրին արժանանա։ Կիսագրագետ դեմագոգներին պետք է ուղարկել գրողի ծոցը։ Թող այնտեղ դասախոսություններ կարդան, որքան ուզում են։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը