Մեկնաբանություն

20.11.2012 13:20


Ովքեր են կողմ և ովքեր են դեմ Սերժ Սարգսյանի թուրքմենբաշիացմանը

Ովքեր են կողմ և ովքեր են դեմ Սերժ Սարգսյանի թուրքմենբաշիացմանը

Խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուն դեմ արտահայտվողները նշում են, թե մեզ պետք է ոչ թե կիսանախագահականից խորհրդարանականի անցնելու գործընթաց, այլ համակարգային փոփոխություն։

Եթե համակարգային փոփոխությունը կառավարման մոդելին չի վերաբերում, ապա դժվար է ասել, թե ուրիշ ինչ նկատի ունեն «համակարգային փոփոխության» կողմնակիցները։

Համակարգային փոփոխությունը հենց իշխանության երեք ճյուղերի միջև զսպումների ու հակակշիռների ավելի արդյունավետ տարբերակ գտնելն է։ Կիսանախագահականը ցույց է տվել, որ մարդու և քաղաքացու իրավունքների ամբողջական փաթեթի իրացման չի հանգեցնում։ Սա փաստ է, որը որևէ մեկը չի հերքում, բայց չհերքողներից ոմանք չգիտես ինչու կողմ են արտահայտվում, որ գործող Սահմանադրությունը պահպանվի։

«Խնդիրը Սահմանադրությունը չէ, խնդիրը երկրի ղեկավարների կողմից քաղաքական կամքի բացակայությունն է»,–պնդում են խորհրդարանականին դեմ արտահայտվողները։ Այդ դեպքում ստացվում է, որ մենք պետք է սպասենք՝ լավ ղեկավարները փոխարինելու գան վատ ղեկավարներին, այսինքն՝ բանավեճը տանենք անձերի հարթություն։ Դա սխալ մոտեցում է և թույլ փաստարկ, քանզի լավ կամ վատ ղեկավարներ չեն լինում, լինում են լավ կամ վատ համակարգեր։ Հայաստանում գործող կիսանախագահական համակարգը ցույց է տվել իր բացասական կողմերը, և այդ իսկ պատճառով պետք է այն փոխել ու այլ մոդելի անցնել, տվյալ դեպքում՝ խորհրդարանականի։

Պարզ է, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելով՝ մեր բոլոր խնդիրներն անմիջապես չեն լուծվելու, բայց դա քայլ առաջ է, քանզի «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման տանող կիսանախագահական այս համակարգի ցանկացած փոփոխության արդեն իսկ դրական երևույթ պետք է համարել։ Բացի այդ՝ կա միջազգային փորձ և անցումային հասարակություններն ավելի շուտ են ժողովրդավարականացվում խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա 131 պատգամավորի կամ ֆինանսաարդյունաբերական մի քանի խմբավորումների շահերի բախումից հնարավոր է ի վերջո գալ բաց հասարակության, որտեղ հաշվի կառնվեն նաև աշխատավորության և հանրային մյուս շերտերի շահերը, իսկ ահա մեկ ընտանիքի շահերին ծառայեցնելու տանող ներկա համակարգը որևէ պարագայում չի կարող նպաստել ազատ շուկային ու քաղաքացիական հասարակության կայացմանը։ Մեկ մարդու կամ մեկ կլանի շահերով առաջնորդվող երկրները կա՛մ վերանում են, կա՛մ պատճառ դառնում արյունալի իրադարձությունների։

Մեկ մարդու և մեկ ընտանիքի շահերով էին առաջնորդվում Եգիպտոսում, Թունիսում, Լիբիայում և նմանատիպ այլ երկրներում, ու մենք տեսանք, թե ինչի դա հանգեցրեց։ Հետևաբար՝ բոլոր նրանք, ովքեր ընդդիմադիր դիրքերից խոսում են քաղաքացիական հասարակությունից և ժողովրդավարությունից, բայց միաժամանակ ուղղակի կամ անուղղակի ձևով պաշտպանում են Սերժ Սարգսյանին՝ քաղաքականապես անմեղսունակներ կամ պարզապես վարձկաններ։

Եվ ուրեմն, համակարգային փոփոխություններ ասելով պետք է հասկանալ կառավարման մոդելի փոփոխությունները, որը պետք է վերաբերի նաև տնտեսական քաղաքականությանն ու տեղական ինքնակառավարման համակարգին։

Իսկ եթե ոմանք «համակարգային փոփոխություն» ասելով հասկանում են Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանական նեղ թիմի կողմից տնտեսական դաշտի վերաձևում և սեփականության վերաբաշխում իրականացնելը, ապա թող բարի լինեն մինչև վերջ անկեղծանալ և հայտարարել, որ իրենք բոլշևիկյան մոդելի կողմնակիցներ են և դեմ են ինչպես մասնավոր սեփականությանը, այնպես էլ ընտրությունների միջոցով ղեկավար ունենալուն։ Թե չէ, տարատեսակ «ֆինտուֆլյուշկաներով» Սերժ Սարգսյանին պաշտպանելը սիրուն չի նայվում։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը