Մեկնաբանություն

21.11.2012 14:02


Անմեղսունակության կանխավարկած

Անմեղսունակության կանխավարկած

«Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանն օրերս հրավիրվել է ԱԱԾ հարցաքննության։ Տարածված տեղեկությունների համաձայն՝ իրավապահները հետաքրքրվում են այդ հիմնադրամի ծրագրերով և այն հարցով, թե ինչքան գումար է ծախսվել։ Այսինքն՝ Օսկանյան–Հանցման ֆինանսական հարաբերությունների հարցի քննությունը մղվել է հետին պլան։ Իսկ դա նշանակում է, որ իշխանությունները, քաղաքական դրդապատճառներից ելնելով, սկզբում որոշում են կայացրել գործ հարուցել Օսկանյանի դեմ, ԱԺ հլու–հնազանդ մեծամասնության միջոցով նախկին արտգործնախարարին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից և հետո նոր միայն սկսել են աշխատել որոշակի հանցակազմ գտնելու ուղղությամբ։ Սա ևս մեկ ապացույցն է այն բանի, որ Օսկանյանի դեմ շինծու գործ է հարուցված, և համապատասխան մարմինները հիմա փորձում են այդ գործը գլուխ բերել։

Այս ամենը հաշվի առնելով՝ արժե հիշել, թե ՀՀԿ և ՕԵԿ խմբակցության պատգամավորներն ինչ հիմնական փաստարկ էին ներկայացնում Աղվան Հովսեփյանի միջնորդությանը կողմ քվեարկելու օգտին։

«Մենք ուզում ենք զրկել Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից, որպեսզի նա կարողանա ապացուցել իր անմեղությունը»,–հայտարարում էին խորհրդարանական մեծամասնության «ուսյալ» և «չուսյալ» ներկայացուցիչները։

Փաստորեն, «անմեղության կանխավարկած» հասկացությունն այս մարդկանց համար գոյություն չունի, կամ ավելի ճիշտ՝ ունի, բայց քանի որ վերևից հրահանգ էր եկել, ուստի մի հիմարություն պետք էր մոգոնել։ Եվ մոգոնել էին՝ իրավական տեսանկյունից աբսուրդ հայտարարություն անելով։

Դե, եթե ՀՀԿ–ում և ՕԵԿ–ում չգիտեն կամ չեն ուզում իմանալ անմեղության կանխավարկածի մասին, ապա զուտ իրավական տեսանկյունից նրանց գործողությունները պետք է գնահատել անմեղսունակության կանխավարկածից ելնելով։

Նկատենք, որ իրավական անմեղսունակությամբ աչքի ընկավ հատկապես «ուսյալ» համարվող պատգամավորներից Նաիրա Կարապետյանը, ով իբր ավելի լավն է, քան մականունավոր հանրապետականները, և պետք է երկրի թիվ մեկ օլիգարխ Սերժ Սարգսյանի իբր «հակաօլիգարխիկ» պայքարի հաջող ելքի դեպքում իր տեսակային ընկերների հետ միասին զբաղեցնի «չար օլիգարխների» տեղը։ Կյանքը, սակայն, ցույց տվեց, որ «ուսյալները» մականունավորների հետ ուս–ուսի տված Օսկանյանի դեմ քվեարկեցին՝ առաջնորդվելով անմեղսունակության  կանխավարկածով։

Ուշագրավն այն է, որ մականունավոր պատգամավորներն ընդամենը դակեցին Բաղրամյան 26–ի որոշումը և ծպտուն չհանեցին։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ակնհայտորեն դիսկոմֆորտի մեջ էր, երբ արտասանում էր «Օսկանյանին հնարավորություն տանք ապացուցելու իր անմեղությունը» նախադասությունը։ Հին դեմքերից սովետական ոճով Օսկանյանի դեմ դուրս եկան միայն Համլետ Հարությունյանը, Հայկ Բաբուխանյանը, Արտաշես Գեղամյանը և Խոսրով Հարությունյանը, ինչպես նաև մի կին «ատամնատեխնիկ»՝ Կարինե Աճեմյանը։ Մնացածը լուռ էին խոսել չիմանալու կամ խոսել չուզենալու պատճառով։ Իսկ ահա «ուսյալների» դարբնոց ինքնահռչակված ՄԻԱԿ–ականները քվեարկության պահին ու դրանից հետո այնպես էին առաջ տանում «Թող Օսկանյանն ապացուցի իր անմեղությունը» թեզը, որ մականունավորները սրանց ֆոնին Լոկ ու Մոնտեսքյու էին թվում։

Այնպես որ, այն գաղափարը, թե պետք է Սերժին աջակցել, որպեսզի ազատվի «չուսյալներից» և իշխանության բերի «ուսյալներին», կեղծ ու դեմագոգիկ բնույթ է կրում։

Փորձը ցույց է տալիս, որ «ուսյալներն» ավելի վտանգավոր են, քան «չուսյալները», քանզի վերջինները պատրաստ են ոչ միայն կատարել վերևից եկած հակաօրինական հրահանգները, այլ նաև կրծքով պաշտպանել հակաօրինականությունն ու չամաչել անմեղսունակության կանխավարկածով հանդես գալուց։ Բացի այդ՝ հասարակությունը չպետք է ընտրություն կատարի Սերժին դժկամորեն ծառայող «չուսյալների» և Սերժին էնտուզիազմով ծառայող «անմեղսունակ ուսյալների» միջև։ Մեր ընտրությունը պետք է բոլշևիկյան մտածողությամբ իշխանության և մրցունակ Հայաստանի միջև լինի։ Բնականաբար՝ մրցունակ Հայաստանն ավելի գերադասելի է, քան «ուսյալ խունվեյբիններով» շրջապատված Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը