Մեկնաբանություն

21.11.2012 17:51


Ովքեր են բազմացնում սրիկաներին

Ովքեր են բազմացնում սրիկաներին

«Բազմանում են սրիկաները, բազմանում»,–հայաստանյան միջավայրին անդրադառնալով՝ նշել էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր հարցազրույցներից մեկում։

Ոստիկանապետը ճիշտ ձևակերպում էր տվել, բայց մինչև վերջ չէր անկեղծացել ու չէր նշել, թե ովքեր են այդ սրիկաներին բազմացնում։

Դե ինչ, փորձենք լրացնել այդ բացը և մեր տեսակետները ներկայացնել սրիկայաբույծների մասով։

Ակնհայտ է, որ Հայաստանում առկա տնտեսաքաղաքական համակարգը սրիկաների բազմացման համար պարարտ հող է ստեղծում։ Իսկ տնտեսաքաղաքական համակարգի պահպանմանն ու վերարտադրությանն էլ իր հերթին նպաստում է արատավոր ընտրական համակարգը՝ ընտրակեղծիքների մեքենան։ Այս ամենի պատճառով ունենում ենք արատավոր բարքեր և սրիկաների բազմացում։

ԱԺ վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանի հիմնական ընտրազանգվածը կաշառվածներն ու բազմակի քվեարկություններ իրականացրած շրջիկ խմբերն են։ Որոշակի խումբ մարդկանց ձեռքում մի քանի անձնագրեր էին հայտնվել, և համացանցում այդ մասին վկայող տեսանյութեր տարածվեցին։ Մի քանի տեղ գրանցվածներն իրենց մի քանի անձնագրերով ձայներ էին բերում ՀՀԿ–ի օգտին, ու արդյունքում գրանցվեցին «լավ ընտրություններ»։ Իշխանությունն այս ամենը որակեց որպես քայլ առաջ։ Հարկ է արձանագրել, սակայն, որ եթե քայլ առաջ է տեղի ունեցել ընտրական գործընթացում, ապա ընտրակեղծիքները կատարելագործելու և ավելի ցինիկ ձևով ձայներ հավաքելու առումով։

Պարզ է, որ առանց ոստիկանապետի ակտիվ միջամտության՝ չէին կարող ահռելի քանակությամբ անձնագրեր բաժանվել, չէին կարող մարդկանց գրանցել տարբեր հասցեներում և այլն։ Վլադիմիր Գասպարյանը, փաստորեն, 2012թ. դարձավ «լավ ընտրությունների» մենեջերներից մեկը, և փարիսեցիաբար են հնչում նրա խոսքերը սրիկաների բազմացման մասին։

Եվ այսպես, այն հարցը, թե ովքեր են բազմացնում սրիկաներին, ամենևին էլ հռետորական չէ։ Բազմացնողները որոշակի մարդիկ են, որոշակի պաշտոններ են զբաղեցնում և ունեն որոշակի գործողությունների ծրագիր։ Մեր խնդիրը պետք է լինի սրիկաների բազմացմանը նպաստողներին պետական կառավարման համակարգից հեռու պահելը, համակարգը փոխելն ու նոր միջավայր ստեղծելը։ Դրանից հետո ամեն ինչ իր տեղը կընկնի։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը