Մեկնաբանություն

26.11.2012 18:09


Խոսրով Հարությունյանը քաղաքական թրաֆիքինգի զոհ է դարձել

Խոսրով Հարությունյանը քաղաքական թրաֆիքինգի զոհ է դարձել

Խոսրով Հարությունյանը Հայաստանի քաղաքական դաշտի այն ներկայացուցիչներից է, ովքեր մշտապես առաջնորդվել են «Ով էշը, ես փալանը» սկզբուքնով։ Դրա դիմաց նրան, այսպես ասած, կերակրել են ու ձեռքից ձեռք փոխանցել։

Իսկ ի՞նչ է ենթադրում այդ սկզբունքը։ Ենթադրում է, որ դրանով առաջնորդվողը փորձում է ծառայել օրվա իշխանությանը և երբեք չի մտնում բանավեճի մեջ այլ՝ ոչիշխանական ուժերի հետ, քանզի չես իմանա, թե վաղն ինչ կլինի։

Խոսրով Հարությունյանին մինչև հիմա հաջողվում էր լղոզված մնալ։ Նա ՍՍՀՄ տարիներին կոմունիստ է եղել ու ղեկավարել է Չարենցավանը։ 88ին սկիզբ առած շարժման ժամանակ «դանոսներ» է գրել «Ղարաբաղ» կոմիտեի դեմ, բայց զգալով, որ սովետական նավակը խորտակվում է, վերակողմնորոշվել է և դարձել «երդվյալ անկախական»։ ՀՀՇ–ի իշխանության տարիներին նա նույնիսկ վարչապետ դարձավ։ Ճիշտ է, դա կարճ տևեց և անփառունակ ավարտ ունեցավ, բայց գործադիր իշխանությունը ղեկավարելու փաստն ինքնին հետաքրքրական է։

1998–ի իշխանափոխության ժամանակ Խոսրով Հարությունյանն արդեն քոչարյանական էր ու դարձավ ԱԺ նախագահ, իսկ երբ «Միասնություն» դաշինքը 1999ին մեծամասնություն վերցրեց,Խոսրովը դարձավ Վազգեն Սարգսյանի կաբինետի անդամ՝ նախարարի կարգավիճակով։

Նկատենք, որ իր կարիերայի ընթացքում Խոսրովը երբեք աչքի չի ընկել քաղաքական ուժերին, նախկին իշխանություններին և օրվա իշխանության ընդդիմախոսներին քննադատելու հատկությամբ։ Նրան հատուկ էր նաև տեսակետներ չունենալը, քաղաքական կոնյունկտուրային հարմարվելն ու որևէ մեկի  հետ չհակադրվելը։ Դա, ի դեպ, ամբողջությամբ տեղավորվում է «Ով էշը, ես փալանը» սկզբունքի շրջանակներում։

Այժմ նախկին աթեիստն ու Քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն հռչակելու 1700 ամյակի կապակցությամբ կազմակերպվող տոնակատարությունների կազմկոմիտեի ղեկավար Խ. Հարությունյանն իր համար անբնական վիճակում է հայտնվել։

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը նրան ՀՀԿ–ի ցուցակով պատգամավոր է դարձրել և ստիպում է կոնկրետ տեսակետներ հայտնել ու սերժահաճո ելույթներ ունենալ։ Իսկ դա նշանակում է, որ Խոսրովը պետք է ժամանակ առ ժամանակ խոսի ԲՀԿ–ի կամ ՀԱԿ–ի դեմ։ Բոլոր տիպի իշխանություններին ծառայած մարդու համար դա լուրջ դժվարություն է ներկայացնում, բայց դատելով ամենից՝ Խոսրովը թուլացել ու հաճույք է ստանում։

Առաջին անգամ դա նկատվեց Վարդան Օսկանյանի «գործի» ժամանակ, երբ Հարությունյանը ստիպված էր պաշտպանել Աղվան Հովսեփյանի ապօրինի միջնորդությունը։ Հիմա էլ Խոսրովը սկսել է տեսակետներ հայտնել առաջիկա նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանի առաջադրվել–չառաջադրվելու թեմայով։

Նա կարծիք է հայտնել, թե Ծառուկյանը թող մտածի 2018թ. առաջադրվելու մասին։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ, պարո՛ն Հարությունյան։ Փաստորեն, Ձեզ մանդատ են տվել ու շահագործում են։

Մենք հասկանում ենք, որ Խոսրովը լուրջ դիսկոմֆորտի մեջ է հայտնվել, բայց դա իր ընտրությունն է։

Մեզ մնում է միայն արձանագրել, որ Սերժ Սարգսյանը բավական անողոք է իր հաճախորդների նկատմամբ։ Կոպիտ դար է, կոպիտ բարքեր։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը