Մեկնաբանություն

27.11.2012 00:05


Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի սիրում քաղաքացիական հասարակությանը

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի սիրում քաղաքացիական հասարակությանը

Խոսքս, իհարկե, քաղաքական պահանջներ դնող և ինքնուրույնությամբ աչքի ընկնող քաղաքացիական հասարակության մասին է։ Թե չէ, մյուս «քաղաքացիականներին» Սերժ Սարգսյանն ու իր փեսան ոչ միայն սիրում են, այլ նաև փայփայում։

Սերժամետ լրատվամիջոցները, «Ֆեյսբուքում» անհատական ծրագրով («պրիվատ») գեղամյանություն անող դեմքերը և վաղուց կլիմաքսի մեջ հայտնված մի կին «ատամնատեխնիկ» շատ են սիրում փնովել քաղաքական դաշտը և խոսել վիրտուալ քաղաքացիական դաշտից՝ ձեռքի հետ համոզմունք հայտնելով, թե միևնույն ,է նախագահական ընտրությունների ելքը հօգուտ Սերժի է վճռված։

«Քաղաքական դաշտն իրեն սպառել է, և Հայաստանը կփրկի քաղաքացիական դաշտը»,– պաթետիկ ոճով հայտարարում են քաղաքացիական արժեքներից խոսող գեղամյանները։ Ընդ որում չի նշվում, թե քաղաքացիական հասարակության հեռախոսահամարը ո՞րն է, ո՞ւմ զանգենք ու փրկություն ակնկալենք։ Այլ կերպ ասած՝ Հայաստանում տնտեսաքաղաքական փոփոխությունների ձգտող մարդը, ով իրեն ներկայացնում է որպես քաղաքացիական արժեքների կրող, չի կարող սերժահաճո կոդերով հակադրվել քաղաքական դաշտին, քանզի իրական քաղաքացիականը պետք է ձգտի կոնսոլիդացիայի, այլ ոչ թե պառակտման։ Իշխանությանը ձեռնտու է անհասցե ու անդեմ «քաղաքացիական հասարակություն» քարոզելը, որովհետև դրանից վնաս չկա։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու է բոլշևիկյան մտածողությամբ աչքի ընկնող սերժսարգսյանական իշխանությունն իրեն ենթակա լրատվամիջոցների օգնությամբ «բերանի ծամոն» դարձրել քաղաքացիական հասարակության թեման, ապա պատասխանը շատ պարզ է. որպեսզի տարբեր տրամաչափի «դհոլները» կարողանան հիմնավորել, թե ինչու են իրենք ընդդիմության դեմ պայքարում, այլ ոչ թե իշխանության։ «Մենք բոլորին դեմ ենք» կոդը տվյալ դեպքում յուրօրինակ ալիբիի ֆունկցիա է կատարում։ 

ՀՀԿ ղեկավարի քարոզչաթիմը գիտի, որ իր պաշտպանյալի պոզիտիվ քարոզ չի կարող իրականացնել, ուստի խնդիր է դրված պղտորել ամբողջ դաշտը, որի պարագայում հույս կա, որ Սերժի կեղտոտվածությունը չի երևա։ Ու որպեսզի կեղտոտողները «պալիտ» չլինեն ու որևէ պոզիտիվով հանդես գան, որոշվել է, որ պետք է գեղամյանները խոսեն քաղաքացիական արժեքներից։ Սա՛ է այս բլեֆի իմաստը։ Այլ իմաստ էլ կա «քաղաքացիականությունն» օգտագործելու առումով, բայց դա մեկ այլ հոդվածի թեմա է։

Եվ այսպես, քաղաքացիականության մասին ճամարտակությունները յուրօրինակ «ատմազկայի» դեր են կատարում սերժամետ մամուլի և դրածո քաղաքացիականների համար։

Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ «քաղաքացիական հասարակության» մասին այն պատկերացումները, որոնք ներկայացնում են «անկախ» մամուլն ու «Ֆեյսբուքում» վխտացող «պրիվատ» գեղամյանները, իրականում միտված է քաղաքացիական հասարակության կայացման դեմ, քանզի եթե դու ուղղակի կամ անուղղակի ձևով Սերժ Սարգսյան ես քարոզում, ապա պայքարում ես ոչ միայն քաղաքական դաշտի, այլ նաև քաղաքացիական հասարակության կայացման դեմ։ Չի՛ կարող «մեկ օլիգարխի տնտեսության» պայմաններում քաղաքացիական հասարակությունը կայանալ։ Այնպես որ, իրական քաղաքացիականները պետք է կողմ լինեն «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափին։

Շատ խելք ու վերլուծական կարողություններ պետք չէ ունենալ՝ հասկանալու համար, որ եթե այսօր իշխանությունը երբեմն ընդառաջ է գնում քաղաքացիական հասարակության այս կամ այն հատվածի պահանջներին, ապա միայն այն պատճառով, որ քաղաքական դաշտում կան ինքնուրույն սուբյեկտներ՝ ի դեմս ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի ու ՀԱԿ–ի։ Այդ  ինքնուրույն սուբյեկտներն են ստիպում Սերժ Սարգսյանին թեկուզ ձևականորեն, բայց ինչ–ինչ քայլերի գնալ և սազանդար լրատվամիջոցներ ու «քաղաքացիականներ» պահել։ Ուստի առնվազն հիմարություն է քաղաքացիական արժեքներից խոսելն ու Սերժի մրցակիցների դեմ պայքարելը։ 

Անշո՛ւշտ, ողջունելի են բնապահպանների ու քաղաքաշինական թեմաներով պայքարի ելած անկախ մարդկանց քայլերը, բայց եթե քաղաքացիական նախաձեռնության հիմքում ընկած չէ քաղաքական բովանդակությունը (պարտադիր չէ Սերժի հրաժարականը պահանջել, բայց պարտադիր է գործող համակարգի փոփոխության համար պայքարելը, որովհետև բոլոր խնդիրները համակարգային դեֆեկտի հետևանքներ են), ապա նրանց արձանագրած հաջողությունները կլինեն կարճաժամկետ և անօգուտ։

Քաղաքացիական հասարակությունը կարող է կայանալ ու զարգանալ միայն քաղաքական ու տնտեսական մրցակցության պայմաններում։ Իսկ եթե որևէ անհատ կամ խումբ իրեն ներկայացնում է որպես քաղաքացիական հասարակության ջատագով, սակայն միաժամանակ աջակցում է «Վերարտադրություն» օպերացիային, ապա լավագույն դեպքում մենք գործ ունենք միամիտի հետ, իսկ որպես կանոն՝ շարքային «դհոլի»։

Ի դեպ, պատահական չէ, որ «Հակահարված» artի քաղաքացիական նախաձեռնությանը նվիրված լավաշ–վերլուծություններ ու մեգահիացական գնահատականներ չեն հնչում քաղաքացիականության թեման «ծլնգահան» արած սերժամետ մամուլում։ Պատճառը շատ պարզ է. քաղաքացիական այդ նախաձեռնությունը հստակ քաղաքական հարցեր է առաջ քաշում, դեմ է այս իշխանության ու համակարգի վերարտադրությանը և ամենակարևորը՝ չի վերահսկվում Բաղրամյան 26–ի կողմից։ Բացի այդ՝ «Հակահարված» art–ի ակցիաներից հետո չի կարող Սերժ Սարգսյանը գալ, ասենք, Պետհամալսարան ու արտասանել «Արա՛մ ջան, սիրո՛ւն չի» նախադասությունը, իսկ դա արդեն լուրջ պատճառ է, որպեսզի «անկախ» մամուլն իրեն հայտնի կենդանու տեղ դնի ու չնկատի քաղաքացիական հասարակության իրական անդամներին։  

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ «Քաղաքացիական» դաշտի «դհոլներին» և «անկախ» մամուլի մշակներին մի պրագմատիկ խորհուրդ կուզենայի տալ. այդքան շատ մի՛ պայքարեք ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ։ Այդ ուժերն են ձեր իրական ֆինանսավորողները, ա՛յ անաղուհացներ։ Չլինեին այդ ուժերը, ձեզ Բաղրամյան 26–ից շան տեղ դնող չէր լինելու։ Էդքան կայք ու թերթ, ֆեյսբուքի «ֆեյք» ու ստատուս գրող նրանց պետք չէ։ Պարզապես հիմա վախից բացել են փողի մեշոկը։ Վաղը ոտքի տեղը պնդացրին, առաջինը ձեզ են «ֆուկ» անելու որպես ուտող բերան։ 

Եթե նախագահական ընտրություններում Սերժը հաջողացնի Վլադիմիր Գասպարյանի սիրած շրջիկ խմբերի միջոցով հաղթել, ապա դուք սովից կմեռնեք, քանզի վերարտադրվելուց հետո ձեր կարիքը Սերժն ու իր փեսան այլևս չեն ունենա։ Այնպես որ, այդպիսի էնտուզիազմով գեղամյանություն մի՛ արեք։ Գոնե ձեր անձնական շահը գիտակցեք և մահապարտ մի՛ դարձեք, թե չէ քաղաքական պայքարի ցանկացած ելքի դեպքում հայտնվելու եք տուժողի կարգավիճակում. սերժական իշխանությունը ձեզ օգտագործելու է ու դեն նետի, իսկ իշխանափոխության դեպքում նոր իշխանությանն առավելևս պետք չեն գա անողոքաբար օգտագործված դեմքերը։ Մի խոսքով, քանի կարող եք՝ իշխանությունից շատ պոկեք, քանզի պետության թուլացման և հազարավոր արտագաղթողների հաշվին ձեր խրախճանքը մինչև հաջորդ տարվա փետրվար է տևելու։

Այս խորագրի վերջին նյութերը