Մեկնաբանություն

27.11.2012 14:00


Տիգրան Սարգսյանը ձայնակցել է թուրք–ադրբեջանական քարոզչությանը

Տիգրան Սարգսյանը ձայնակցել է թուրք–ադրբեջանական քարոզչությանը

Տիգրան Սարգսյանը, անշո՛ւշտ, դա արել է ակամայից, բայց ամեն դեպքում խայտառակ բան է ստացվել։

Տիգրան Սարգսյանն ակամայից խոստովանել է նաև, որ հայ–թուրքական արձանագրությունների տողատակում Ղարաբաղի հարց կա, մինչդեռ պաշտոնական Երևանն անընդհատ պնդում էր, թե սահմանի բացումը կապված չէ Ղարաբաղի հարցի հետ, այսինքն՝ ստում էր։

Դատե՛ք ինքներդ. ռուսական «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանը հետևյալ հայտարարությունն է արել. «Ցեղասպանության ճանաչման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցերը մեկ շղթայի օղակներ են» (հարցազրույցն ամբողջությամբ տե՛ս http://izvestia.ru/news/540306

Հիմա հարց է առաջանում. բա եթե գիտեք, որ այդ հարցերը մեկ շղթայի օղակներ են, ապա ինչո՞ւ էիք նետվել Թուրքիայի գիրկն ու բաց սահման էիք մուրում։ Թե՞ պատրաստ էիք Ղարաբաղի ու Ցեղասպանության մոռացության գնով արտաքին լեգիտիմություն ստանալ մարտի 1–ի միջոցով իշխանության գալուց հետո։ Ղարաբաղի հարցում զիջման գնալու պատրաստակամությունը ցույց տալու համա՞ր էր Սերժ Սարգսյանն այն օրերին հարցազրույց հարցազրույցի հետևից տալիս ու հայտարարում, թե Հայաստանը պատրաստ է զիջել Ղարաբաղի հողերը, եթե Ադրբեջանն ընդունի ղարաբաղցիների ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը, իսկ պատմաբանների ենթահանձնաժողովի հարցում համաձայնության տալով էլ, ըստ էության, առևտրի առարկա դարձնում 1,5 մլն զոհերին։

Եթե ՀՀ իշխանությունները շատ լավ գիտեն, որ Ցեղասպանության ու Ղարաբաղի հարցը մեկ շղթայի օղակներ են, բայց այդուհանդերձ գնացել են «ֆուտբոլային» դիվանագիտություն նախաձեռնելու քայլին և մինչև հիմա հետ չեն վերցնում Հայաստանի ստորագրությունն այդ չարաբաստիկ արձանագրություններից, ապա դա այլ կերպ, քան պետական դավաճանություն, դժվար է որակել։

Այն, որ թուրք–ադրբեջանական տանդեմն ուզում է շաղկապել հայ–թուրքական ու հայ–ադրբեջանական հարաբերությունները և միջազգային հանրության ճնշմամբ զիջումներ կորզել Հայաստանից, հասկանալի է։ Դա իրենց շահերից է բխում։ Բայց երբ Ցեղասպանության ու Ղարաբաղի հարցի շաղկապվածությունից խոսում է Հայաստանի վարչապետը, դա հանցավոր անգրագիտություն է։

Անկախ այն բանից, թե ինչպիսի միջազգային ընկալում կա այդ հարցերում՝ Հայաստանի դիվանագիտական թիմը պետք է աշխատի հայ–թուրքական ու հայ–ադրբեջանական հարաբերությունների տարանջատման ուղղությամբ։ Մինչդեռ «ֆուտբոլային» դիվանագիտությունը միջազգային մակարդակով լեգիտիմացրեց Ցեղասպանության ու Ղարաբաղի հարցի շաղկապվածությունը։ Ու որքան էլ «նախաձեռնողական» իշխանությունները հայտարարեն, թե գնդակը Թուրքիայի դաշտում է, միևնույն է, դրանից խնդիրները չեն լուծվում։

Թուրքիային ձեռնտու է անընդհատ գնդակը պահել իր դաշտում, քանզի մինչև այդ, Սերժ Սարգսյանի կոպիտ սխալից օգտվելով, նրանք երկու գոլ են ուղարկել մեր դարպասն ինչպես ֆուտբոլային երկու հանդիպումների ժամանակ, այնպես էլ քաղաքական հարթության մեջ՝ հաջողացնելով չեզոքացնել  ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը և ակտիվ խաղացող դառնալ Ղարաբաղի  հարցում, ինչը չկար մինչև ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումը։

Այս ամենի ֆոնին պարզապես ծիծաղելի են հնչում վարչապետի այն խոսքերը, թե ՀՀ իշխանությունների վրա մեծ ճնշում էր գործադրվում, քանզի հայկական սփյուռքը դեմ էր բանակցություններին և թուրքերի հետ արձանագրությունների ստորագրմանը, սակայն մեր քաղաքական վարկանիշը՝ որպես հուսալի գործընկերոջ, արձանագրության ստորագրումից հետո կտրուկ աճեց։

Նկատենք, որ  վարչապետը հերթական սուտն է ասել։ Նախ, շատերը ոչ թե դեմ էին թուրքերի հետ բանակցելուն, այլ ա՛յդ տարբերակով բանակցելուն. սա՝ մեկ։ Երկրորդը՝ ոչ միայն հայկական սփյուռքն էր դեմ արձանագրություններին, այլ նաև Հայաստանի հանրության մի ստվար հատվածը. ՀՅԴ–ն այդ պատճառով նույնիսկ դուրս եկավ իշխող կոալիցիայից։

Ինչ վերաբերում է այն հարցին, որ իբր Հայաստանի՝ որպես հուսալի գործընկերոջ, վարկանիշը աճել է արձանագրության ստորագրումից հետո, ապա դեռ պետք է պարզել, թե Հայաստանին դրանից ինչ։

«Ֆուտբոլային» դիվանագիտությունից առաջ Բաղրամյան 26–ից մեզ խոստանում էին, որ սահման են բացելու և դիվանագիտական հարաբերություններ են հաստատելու Թուրքիայի հետ առանց Ցեղասպանության հարցը մոռացության տալու և Ղարաբաղի հարցում թուրք–ադրբեջանական զույգի նախապայմանները բավարարելու։ Իսկ հիմա Սերժ Սարգսյանն ու իր թիմակիցներն են սրտնեղում թուրքական նախապայմաններից և ձեռքբերում ներկայացնում այն, որ միջազգային հանրությունը մեզ «պուպուշ» է համարում, իսկ Թուրքիային՝ «քըխ»։ Նկատենք, որ դա հերթական բլեֆն է. ո՞վ է ասել, թե միջազգային հանրությունը մեզ ավելի դրական է նայում, քան Թուրքիային։ Ինչպե՞ս է դա դրսևորվում։  Բացի այդ՝ եթե միջազգային հանրությունը թփթփացնում է Հայաստանի իշխանության ուսերին և բարեկամաբար քաշքշում Նալբանդյանի այտերը, ապա դա հիմք չի տալիս եզրակացնելու, թե մեզ որպես հուսալի գործընկերոջ են ընդունում։ Նույն կերպ Արևմուտքը թփթփացնում էր Գորբաչովի ուսին և համարում հուսալի գործընկեր. մեջն ի՞նչ։

Իշխանությունը պետք է փորձի հուսալի գործընկեր ընկալվել նախևառաջ ՀՀ քաղաքացիների՛ համար, այլ ոչ թե ազգային անվտանգության կորստի գնով փորձի դրսում կասկածելի լեգիտիմություն ստանալ ու պահել աթոռը։

Սերժ Սարգսյանն, ցավոք, ընտրել է Հայաստանի շահերի հաշվին դրսի «դաբրոներ» ստանալու ճանապարհը։ Մեր գործն այս պայմաններում պետք է լինի Սերժ Սարգսյանին հայաստանցիների «դաբրոյից» ամբողջությամբ զրկելու ճանապարհը։

Գալիք նախագահական ընտրությունները հարմար առիթ են «ֆուտբոլասերներին» չվաստակած հանգստի ուղարկելու համար։ Թող գնան որքան ուզում են դրսերում «դաբրո» որոնեն։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը