Մեկնաբանություն

28.11.2012 00:24


Վարչապետի ակամա խոստովանությունը. Սերժ Սարգսյանն առևտուր է արել թուրքերի հետ

Վարչապետի ակամա խոստովանությունը. Սերժ Սարգսյանն առևտուր է արել թուրքերի հետ

Տիգրան Սարգսյանը հարցազրույց էր տվել ռուսական «Իզվեստիա» թերթին ու իրեն հատուկ ոճով լյափսուսներ տվել։

«Ցեղասպանության ճանաչման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցերը մեկ շղթայի օղակներ են»,–հայտարարել էր վարչապետը՝ դրանով իսկ ջուր լցնելով ազերիների քարոզչական «ջրաղացին»։

Հասկանալի է, որ Տիգրան Սարգսյանն ուզեցել է «հայրենասիրություն» խաղալ, բայց արդյունքում երկրորդել է թուրք–ադրբեջանական այն հայտարություններին, թե հայ–թուրքական և հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը պետք է դիտել մեկ շղթայի մեջ։

Թուրքերն ու ադրբեջանցիներն էլ են այդպես կարծում և դրա համար էլ ասում են, թե մինչև Ղարաբաղի հարցում հայերը զիջման չգնան, հայ–թուրքական սահմանը չի բացվի և ոչ մի դիվանագիտական հարաբերություն չի հաստատվի։ Այսպիսով ստացվում է, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան հայտարարում է մի բան, որը բխում է բացառապես թուրք–ադրբեջանական զույգի շահերից, ու արդեն կապ չունի՝ Տիգրան Սարգսյանը դա արել է միտումնավո՞ր, թե՞ իրեն բնորոշ դիլետանտիզմի պատճառով։

Պաշտոնական Անկարան, ի դեպ, վարչապետ Էրդողանի ու թուրք այլ բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով «ֆուտբոլային» դիվանագիտության մեկնարկից ի վեր անընդհատ հայտարարում էին, թե հայ–թուրքական սահմանի բացումը կապված է Ղարաբաղի հարցում զիջումների գնալու հայկական կողմի պատրաստակամությունից։ Ու չնայած այդ հայտարարություններին՝ Սերժ Սարգսյանը գնաց տխրահռչակ արձանագրությունների ստորագրմանը, արձանագրություններ, որը նախատեսում է Հայոց ցեղասպանության ուսումնասիրման ենթահանձնաժողով ստեղծել, այսինքն՝ գյալաջիի թեմայի վերածել Հայոց ցեղասպանության հարցը։ Իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը, փաստացի, առևտրի առարկա է դարձրել Ցեղասպանությունը՝ միամտաբար կարծելով, թե այդ հարցում զիջելով՝ կարող է հասնել սահմանների բացմանն ու Ղարաբաղի հարցում Թուրքիայի չեզոքությանը։ Սակայն ինչպես և սպասվում էր, «ֆուտբոլային» դիվանագիտությունը հսկայական հարված հասցրեց ՀՀ և ԼՂՀ անվտանգությանը։

Ու հիմա, երբ վարչապետը հայտարարում է այն մասին, թե իրենք ռիսկի գնացին ու հակառակ Սփյուռքի ճնշումներին, ստորագրեցին արձանագրությունները՝ քաջ գիտակցելով, որ Ցեղասպանության ու Ղարաբաղի հարցերը շաղկապված են, դա արդեն յուրօրինակ ինքնախոստովանական ցուցմունք է այն մասին, որ Սերժ Սարգսյանի գլխավորած թիմն առևտուր է արել թուրքերի հետ ՀՀ շահերի հաշվին՝ նպատակ ունենալով ներքին լեգիտիմության դեֆիցիտը լրացնել արտաքին լեգիտիմությամբ այնպես, ինչպես ռուս բոլշևիկները հանուն իշխանության ծախեցին ռուսական շահերը՝ Բրեստլիտովսկյան պայմանագիրը ստորագրելով։

Տիգրան Սարգսյանն իր հարցազրույցով խոստովանեց նաև, որ իրենք ստում էին, երբ հայտարարում էին, թե Ղարաբաղի հարցը որևէ ձևով ներառված չէ թուրքերի հետ բանակցություններում և որևէ ձևով կապված չէ Ցեղասպանության հարցի հետ։  

Մեզ մնում է միայն նշել, որ պետության շահերի հետ խաղալը և հանցավոր անգրագիտության պատճառով պետությանը հասցված վնասները վաղեմության ժամկետ չունեն։ Ինչպես հայտնի ֆիլմերում է ասվում՝ այն ինչ դուք կասեք, կարող է օգտագործվել ձեր դեմ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը