Լրահոս

16.06.2009 12:42


Փոքր գյուղի մեծ ընտրությունները

Փոքր գյուղի մեծ ընտրությունները

Հունիսի 21-ին Շիրակի մարզի Ախուրիկ համայնքում գյուղապետի արտահերթ ընտրություններ են: Նախկին գյուղապետ Դրաստամատ Բադեյանը, ըստ գյուղում շրջանառվող լուրերի, միլիոնավոր դրամների հասնող պարտքերի պատճառով հրաժարվել է պաշտոնից և հեռացել Հայաստանից:

Այժմ Ախուրիկի համայնքապետ դառնալու համար պայքարի մեջ են մտել 3 հոգի, սակայն հիմնական մրցակցությունը, թե՛ գյուղացիների, և թե՛ թեկանածուների կարծիքով, ընթանալու է ՀՀԿ-ական Վարդան Խաչատրյանի և Շիրակի մարզպետարանի գյուղվարչության աշխատակից Վարդուհի Գասպարյանի միջև։ Երրորդ թեկնածուն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է:

Հանրապետական Վարդան Խաչատրյանն ահազանգում է, թե մարզպետարանի աշխատակցուհին գյուղում վախի մթնոլորտ է տարածում և փորձում է տարբեր մեթոդներով ազդել ախուրիկցիների ընտրության վրա, վարկաբեկել իրեն:

«Փորձում են ինձ վարկաբեկել, բայց ես ժողովրդի հետ եմ և ավագանու անդամ եմ։ Ժողովուրդն ինձ հավատում է, և դժվար թե որևէ մեկին հաջողվի ինձ սևացնել»,- ասել է Վարդան Խաչատարյանը՝ ընթացքում ակնարկելով, որ այս գործին լծված է հատկապես Վարդուհի Գասպարյանը:

Իսկ միակ կին թեկանածուն զարմացած է հանրապետական թեկանածուի մտավախություններից։ «Երկու թեկանածուն մեկ մարդ են. ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական թեկանածուները միավորվել են և պայքարում են իմ դեմ։ Զարմանում եմ. երկու հզոր կուսակցություն ունեն իրենց թիկունքում, ես իրենց ի՞նչ կարող եմ անել: Ճիշտ է, շատ լուրջ մարդիկ ինձ առաջարկել են մտնել գյուղ և ինձ սատարել »,- ասել է Վարդուհի Գասպարյանը:

Իսկ ախուրիկցիներին բոլորովին այլ խնդիրներ է հուզում. նրանց միակ մտահոգությունը վերջերս քամուց և կարկուտից իրենց ստացած վնասների փոխհատուցման հարցն է: Ախուրիկցիները եկել են մարզպետարան և մարզային իշխանություներից հստակեցում են պահանջում, թե իրենց կրած վնասները երբ է փոխհատուցվելու: Մարզպետարանում էլ նրանց բացատրեցին, որ ամեն ինչ կառավարության ձեռքերում է, և դեռևս որևէ որոշում չկա:

«Ով խոստացավ մեր վնասները փոխհատուցել, իրեն էլ կընտրենք։ Եթե ոչինչ չարեցին, գյուղովին անցնելու ենք Թուրքիայի սահմանը, և ես անձամբ առաջնորդելու եմ ժողովրդին»,- հայտարարում էր երիտասարդ ախուրիկցիներից մեկը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը