Մեկնաբանություն

29.11.2012 13:18


Սերժ Սարգսյանի «մոմ պահող» լրատվամիջոցները

Սերժ Սարգսյանի «մոմ պահող» լրատվամիջոցները

Ըստ ամենայնի՝ Սերժ Սարգսյանի քարոզչական մեքենայի մաս կազմող լրատվամիջոցները «մոմ պահող» են աշխատում կամ երբեք չեն իջնում դեղձի ծառի վրայից։ Այլ գնահատական հնարավոր չէ տալ. եթե հավատանք գրածներին, ապա նրանք միշտ հայտնվում են փակ կաբինետներում, պաշտոնյաների առանձնատներում, խոհանոցում, իսկ շատ հաճախ նաև՝ ննջասենյակում։

Մեկը «տեղեկություններ» է հրապարակում, ասենք, Սարգսյան–Օլանդ փակ հանդիպումից, մյուսը՝ Սարգսյան–Պուտին, երրորդը՝ աներ–փեսա երկխոսությունից։ «Մոմ պահող» լրատվամիջոցներն ամեն ինչ գիտեն և հավաստի աղբյուրներ ունեն, բայց փորձը ցույց է տալիս, որ ոչ մի բան էլ չգիտեն, իսկ հավաստի աղբյուրներն ընդամենը ցանկալին իրականի տեղ են հրամցնում ու ամեն անգամ անհարմար վիճակի մեջ դնում «մոմ պահողներին»։

Եթե սերժամետ լրատվամիջոցներն, իրոք, տիրապետում են Սերժ Սարգսյանի բոլոր խոսակցություններին ու հույզերին, ապա ստացվում է, որ երկրի նախագահն այս կամ այն գործչի հետ կոնֆիդենցիալ հանդիպումներ է ունենում ու հետո անմիջապես իր տեղեկությունները հաղորդում «անկախ» մամուլին։ Դժվար է ասել  թե նա այդ ամենը «մեյլի» միջոցով է ուղարկում, թե «ֆեյսբուքի» «չատով», բայց դա արդեն էական չէ։

Իսկ եթե սերժամետ լրատվամիջոցների տարածած տեղեկությունները «մուտիլովկայի» ոլորտից են (մենք հակված ենք այս տարբերակին), ապա կարելի է միայն ցավակցել Սերժ Սարգսյանին, ում վերջին հույսը մնացել է գեբելսյան քարոզչությունը, այն էլ ինտերնետի դարաշրջանում։

Սերժամետ լրատվամիջոցների առանձնահատկությունը նաև այն է, որ նրանք ոչ միայն «հավաստի տեղեկությունների» են տիրապետում, այլ նաև նախագահի ներքին ապրումներին ու հոգեվիճակին։

Դատե՛ք ինքներդ. «168.am» կայքը, օրինակ, տեղեկացնում է, թե իբր Սերժ Սարգսյանը Լիբանանից վերադառնալուն պես վերջնաժամկետ է ներկայացրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:

«Նախագահական ընտրությունները մոտենում են, իսկ Գագիկ Ծառուկյանը չի շտապում հրապարակել իր որոշումը` սեփական թեկնածուո՞վ է մասնակցելու ընտրություններին, պաշտպանելու է ընդդիմության միասնական թեկնածուի՞ն, թե՞ սատարելու է իրեն: Սերժ Սարգսյանին այս լռությունը նյարդայնացրել է և նա 2 oր ժամանակ է տվել Ծառուկյանին` որոշումը հրապարակելու համար»,–գրում է «168.am»–ը՝ ձեռքի հետ ընթերցողին փոխանցելով Սարգսյանի նյարդային լինելու մասին խիստ գաղտնի տեղեկությունը։

Փաստորեն, Սերժ Սարգսյանը Լիբանանից վերադարձել է ու հասցրել վերջնագիր ներկայացնել Ծառուկյանին և իր նյարդայնացած վիճակի մասին պատմել հիշյալ կայքին։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Հասկանալի է, որ Բաղրամյան 26–ի տակ աշխատող լրատվամիջոցներին հրահանգվել է ամեն կերպ «կպնել» ԲՀԿ–ին ու նրա առաջնորդին և տարածել այն թեզը, թե իբր ամեն ինչ խաղ է, ամեն ինչ որոշված է, իսկ Սերժ Սարգսյանն էլ կարողանում է վերջնագրերի լեզվով խոսել Ծառուկյանի հետ, բայց արդյունքում նրանք «փչացնում» են Սերժ Սարգսյանին, և ահա թե ինչու։

Բոլորն են տեսել, որ Սերժը ԲՀԿ առաջնորդին «վերջնագիր» էր ներկայացնում միասնական ցուցակով ԱԺ ընտրություններին մասնակցելու առումով, հետո ԲՀԿ–ին «վերջնագիր» ներկայացրեց կոալիցիայի մեջ մնալու առումով, իսկ հիմա էլ ահա եկել է նախագահական ընտրությունների թեմայով «վերջնագիր» ներկայացնելու պահը։ Ակնհայտ է, որ ինչպես մյուս «վերջնագրերի» դեպքում՝ Սերժ Սարգսյանը կհասնի իր ուզածին։ Իսկ այս ամենի արդյունքում Սերժ Սարգսյանը «կփչանա» այն պարզ պատճառով, որ մարդիկ կտեսնեն, որ նա իր ուզածին մշտապես չի հասնում։ «Ցար նե նաստոյաշչի»,– կեզրակացնեն «մոմ պահողներին» հավատացողներն ու վերջ։

Ակնհայտ է, որ «մոմ պահող» լրատվամիջոցներն առաջնորդվում են «Ինչքան էշ հավատա մեր գրածներին, էլի քյար է» սկզբունքով, սակայն դա դեպի ինքնաոչնչացում տանող ճանապարհ է։ Տվյալ դեպքում մեզ այլ բան չի մնում ասելու այդ լրատվամիջոցներին, քան «բարի» ճանապարհ։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը