Մեկնաբանություն

30.11.2012 10:05


Ո՞ւմ հաշվին է վերանորոգվել ու կահավորվել ՀՀԿ–ի գրասենյակը (տեսանյութ)

Ո՞ւմ հաշվին է վերանորոգվել ու կահավորվել ՀՀԿ–ի գրասենյակը (տեսանյութ)

Մի քանի անգամ կրակի ճիրաններում հայտնված ՀՀԿ կենտրոնական գրասենյակը, ականատեսների վկայությամբ, ճոխ վերանորոգվել է, տարածքային ընդլայնման ենթարկվել և թանկարժեք ինտերիերով զարդարվել։ Համաձայնեք, որ ժողովրդի սոցիալ–տնտեսական ծայրահեղ ծանր այս պայմաններում իշխող կուսակցության նմանօրինակ քայլը նման է ժանտախտի պահին տեղի ունեցող խրախճանքին։ Փաստորեն, որքան արտագաղթն աճում է և տնտեսության վիճակը վատանում, այնքան Սերժ Սարգսյանի կուսակցության գործերը լավանում են։ Ուշագրավ օրինաչափություն է։

Բնականաբար, հարց է առաջանում՝ կոռուպցիան գլխից բռնելու և վիրահատական միջոցներով հարցերը լուծելու մասին հանկարծ հիշած իշխանությանը որտեղի՞ց այդքան «ատկատներ», կներեք՝ ֆինանսական միջոցներ։ Բանից պարզվում է՝ «դրսի» գնումների գործընթացում կարգուկանոն հաստատելու և դրա մասին հրապարակային խոսելու համար «քարտ–բլանշ» ստացած ՀՀԿ–ն իր իսկ «ներսի» գնումների մասին բավականին գաղտնապահ է ու պարտիզանություն է անում։

Հետաքրքիր է, ո՞ւմ միջոցներով է ընդլայնվել ու կահավորվել ՀՀԿ–ի շենքը և որքա՞ն է այդ ամենը նստել հարկատուներիս, կներեք՝ ազնիվ աշխատանքով աչքի ընկնող ՀՀԿ–ականների վրա։ Այս  հարցերի պատասխանը գտնելու համար զրուցեցինք մի շարք հանրապետականների հետ, բայց նրանցից այդպես էլ ոչ մի հարցի պատասխան չստացանք։

ՀՀԿ–ականներից շատերը թերևս ընտրել են «շառից–փորձանքից հեռու» մարտավարությունը և իրենց համար անցանկալի հարցերին պատասխանելուց խուսափելով՝ պարզապես հեռախոսազանգերին չեն պատասխանում։

Առաջինը փորձեցինք կապվել ՀՀԿ գաղափարական թևի ներկայացուցիչ գործարար Սամվել Ալեքսանյանին։ Նրա փոխարեն մեր հեռախոսազանգին պատասխանեց մի անծանոթ տղամարդ և պնդեց, թե Սամվել Ալեքսանյանի ընկերն է, իսկական Սամվել Ալեքսանյանն էլ զաբղված է և չի կարող խոսել։

ՀՀԿ–ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանին մեր հարցը, չգիտես ինչու, այդքան էլ դուր չեկավ։ Նա նախ պնդեց, որ բացարձակապես անտեղյակ է, թե վերանոգորման համար որքան գումար է ծախսվել, իսկ հետո հայտարարեց, թե ֆինանսավորողը կուսակցությո՛ւնն է։

–Կուսակցությունը լայն հասկացություն է։ Կնոկրետ ո՞վ է ֆինանսավորել,–փորձեցինք հստակեցնել։

–Ես ասացի այն, ինչ–որ գիտեմ, ուրիշ բան չեմ կարող ասել,– նշեց Մինասյանը։

–Կուսակցություն ասելով՝ հասկանանք նաև շարքային անդամների՞ն էլ, թե՞ միայն վերնախավին։

–Սիրելի բարեկամ, կուսակցությունն ունի և՛ շարքային անդամներ, և՛ ղեկավարություն։

–Այսինքն՝ կուսակցականների անդամավճարներո՞վ է վերանորոգվել։

–Ես ձեզ ասացի՝ կուսակցության միջոցներով, ուրիշ բան չեմ կարող ասել։ Ցտեսություն,– խոսքը կարճ կապեց Մկրտիչ Մինասյանը ու անջատեց հեռախոսը։

Մեկ այլ ՀՀԿ–ական, կուսակցության խորհրդի անդամ Լեռնիկ Ալեքսանյանից նույնպես հետաքրքրվեցինք, թե որտեղի՞ց վերանոգման և թանկարժեք կահույքի համար ծախսված միջոցները։ Նա՛ էլ չգիտեր։ Հետաքրքրվեցինք, թե շարքային կուսակցականի ամսական անդամավճարը որքա՞ն է։

–Դա կախված է աշխատավարձի չափից։ Ովքեր աշխատում են, մի քիչ ավելի շատ են տալիս, ովքեր չեն աշխատում, սիմվոլիկ գումար են տալիս,–պատասխանեց Լ. Ալեքսանյանը։

–Այսինքն՝ կոնկրետ սահմանված գումար չկա՞։ Ով որքան կցանկանա, կվճարի՞։

–Դա կախված է աշխատավարձի չափից։ Ասենք, մինչև 100 հազարը մի գին է, մինչև 200 հազարը՝ մեկ այլ։ Օրինակ՝ ուսուցիչները քիչ են տալիս։ Պատգամավորները մի քիչ ավելի շատ են տալիս։ Բայց կոնկրետ գին չկա՝ 10 կոպեկ, 15 կոպեկ։ Ովքեր չեն աշխատում, եկամուտ չունեն, սիմվոլիկ գումար են տալիս։ Ովքեր չեն աշխատում, բիզնեսմեն են, ուրիշ գումար են տալիս։ Մարդիկ կան, որ ավելի շատ են տալիս, եթե ցանկություն և իրենց եկամուտն ունեն։

–Մաքսիմալ գումարը որքա՞ն է, որ որպես անդամավճար ՀՀԿ–ականը մուծում է։

–Մաքսիմալը կախված է ցանկությունից։ Կարող է՝ մեկը ուզի շատ տա։

–Իսկ մինիմա՞լը՝ այդ սիմվոլիկ գումարը։

–Օրինակ՝ 200 դրամ, 500 դրամ։

–Ամենախոշոր գումարը, որ անձամբ դուք վճարել եք, որքա՞ն է եղել։

–Ես պատգամավոր աշխատած ժամանակ տվել եմ մինչև 5-10 հազար՝ ամեն ամիս։

–Հիմա արդեն սիմվոլի՞կ գումարն եք վճարում, քանի որ այլևս պատգամավոր չեք։

–Հիմա էլ սիմվոլիկը չեմ տալիս։ Ես էդքան հո աղքա՞տ չեմ, որ չտամ։ Պատգամավոր չեմ, բայց շատ աղքատ էլ չեմ։ Այսինքն՝ պատգամավոր եղած ժամանակի համեմատ քիչ եմ տալիս, բայց սիմվոլիկ էլ չեմ տալիս,– ՀՀԿ–ի «փակ խոհանոցը» մի փոքր բացեց նախկին պատգամավորը։

Փոխարենը ՀՀԿ–ական, գործող պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը կուսակցական անդամավճարի չափին վերաբերող մեր հարցը մեզ չվերաբերող համարեց։

–Ես չգիտեմ որքան է, բայց ես գիտեմ, որ մեր կուսակցությունը բավականին բազմահազար է, և այդ գումարները կբարարեն շքեղ ռեմոնտ անելուն։

–Կոնկրետ դուք որքա՞ն եք անդամավճար տալիս։

–Այ այդ արդեն, իմ կարծիքով, ոնց են ասում... մտնում եք տուն։

–Ուզում եք ասել՝ իմ գործը չէ՞։

–Իհարկե։

–Բայց դա գաղտնի՞ք է։

–Իմ տունը ձեզ համար միշտ գաղտնիք է, ինձ համար գաղտնիք չէ։

–Եթե ուզենաք շատ վճարել, կարո՞ղ եք։

–Բայց խի՞ չեմ կարող։ Իմ կուսակցությունն է, այ քեզ բա՜ն։ Եթե իմ կուսակցությունը երկիր է ղեկավարում, երկիր է կառավարում և երկիր է առաջ տանում, ես էլ, եթե ձեր պատկերացումներով, հարուստ մարդ եմ, ինչի պիտի չանե՞մ որ,–զարմացավ և միաժամանակ զայրացավ Աշոտ Աղաբաբյանը։

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ–ական Սամվել Նիկոյանն էլ ընդհանրապես հրաժարվեց պատասխանել կուսակցության գրասենյակի վերանորոգմանն ու դրա ֆինանսավորմանը վերաբերող հարցին։

–Ինձ նման կենցաղային հարցեր մի տվեք։ Եթե կան քաղաքական բնույթի հարցեր, տվե՛ք, ես կպատասխանեմ։ Ես ո՛չ շինարար եմ, ո՛չ պարետ եմ,–ասաց նա և չասաց, թե որքան անդամավճար է ամսական տալիս հարազատ կուսակցությանը։

Գրասենյակի հետ կապված ծախսերից անտեղյակ էր նաև նորաթուխ ՀՀԿ–ական, երգչուհի Շուշան Պետրոսյանը։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ դեռ չի այցելել ՀՀԿ–ի վերանորոգված գրասենյակ, չի տեսել՝ ճո՞խ է, թե՞ ոչ։ Պարզվեց նաև, որ Շուշան Պետրոսյանն իր կուսակցական անդամավճարը չի տալիս... կամ էլ տալիս է, բայց... տեղյակ չէ։ Ահա այսպիսին էր մեր հարցուպատասխանը նրա հետ.

–Որպես կուսակցական՝ դուք ամեն ամիս անդամավճար տալի՞ս եք։

–Չէէէէէէ...։

–Բայց կանոնադրության համաձայն՝ պարտավո՛ր եք տալ։

–Ուրեմն երևի տալիս եմ։ Ուրեմն երևի աշխատավարձից պահումներ են լինում։

–Այսինքն մտածում եք՝ խորհրդարանից երբ աշխատավարձը ստանում եք, դրանից միանգամից կուսակցական անդամավճարը պահում են։

–Ինձ թվում է, երևի։ Եթե պետք է տա՛մ, ուրեմն տալիս եմ։

–Բայց տեղյակ էլ չեք՝ որքան է անդամավճարը։

–Ո՛չ, տեղյակ չեմ։

–Կուսակցությանն անդամագրվելուց չեն էլ ասե՞լ ձեզ։

–Չեմ հիշում, գուցե ասել են,–չհիշեց Շուշան Պետրոսյանը։

 Մի խոսքով, ՀՀԿ–ականները, գերի ընկած բելոռուսական պարտիզանի պես, «չխածեցին» իրենց կուսակցության գրասենյակի ծախսերի մասին ինֆորմացիան։ Բայց դրանից բան չի փոխվում։ Օլիգոպոլիաների դեմ պայքարից խոսող և միլինովոր դոլարների լեկցիաների օգնությամբ տնտեսությունը «բարեշրջող» Տիգրան Սարգսյանը և «ատկատատյաց» Սերժ Սարգսյանը, երևի, առաջիկայում սպասվող խորհրդակցություններից մեկի ժամանակ հանրությանը կտեղեկացնեն, թե որտեղի՞ց այդքան փող ՀՀԿ–ին, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում ընդլայնվում են։

Արեգնազ Մանուկյան

Հ.Գ.։ Երգչուհի Շուշանի պատասխաններն ինձ հիշեցրին շատ սիրելի «01-99» ֆիլմը, որտեղ Գարսևանը չէր հիշում՝ ընկե՞լ է ավտոմեքենայի տակ, թե՞ ոչ։ «Կարո՞ղ ա ընկել եմ... չէէէէէէէէ էէէէէ... կարող ա ընկե՛լ եմ....»,–մտմտում էր բանից անտեղյակ Գարսևանը։

Այս խորագրի վերջին նյութերը