Մեկնաբանություն

30.11.2012 16:43


Գուրբանգուլիի ձին, Բարոզոյի «դաբրոն», Սահակաշվիլու դարդերը և Սարգսյանի ապագան

Գուրբանգուլիի ձին, Բարոզոյի «դաբրոն», Սահակաշվիլու դարդերը և Սարգսյանի ապագան

Թուրքմենստանի դժվարարտասանելի անուն–ազգանուն ունեցող նախագահը՝ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, օրերս հյուրընկալվել էր Սերժ Սարգսյանին։ Գուրբանգուլին, իհարկե, չունի իր նախորդի՝ հանգուցյալ Սափարմուրատ Նիյազովի՝ Թուրքմենբաշու «հմայքը», բայց ամեն դեպքում շատ ցանկալի հյուր է թուրքմենբաշիզմի ձգտող ՀՀ նախագահի համար։ Պատահական չէ, որ Գուրբանգուլիին շատ ճոխ ընդունելության արժանացրեցին։ Ի վերջո, հայաստանյան իշխանության նեղ թիմի համար Թուրքմենստանի նախագահը ներշնչանքի աղբյուր և ընդօրինակման ենթակա գործիչ է։

Գուրբանգուլիին ճանապարհելուց հետո Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզոյին։

Ինչպես հայտնի է, Երևանում տեղի է ունենում Եվրոպայի ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների 2-րդ գագաթաժողովը։ «Ֆուրշետային» այս միջոցառումն իշխանամետ լրատվամիջոցները փորձում են օգտագործել Սերժ Սարգսյանից արևմտամետ գործչի իմիջ կերտելու նպատակով, սակայն դա «վառված» համար է, քանզի Սարգսյանին արևմտամետ, ռուսամետ կամ եսիմինչամետ համարելու համար վառ երևակայություն և ծախվածություն է պետք ունենալ։

Բազմիցս նշել ենք, որ Սերժն ընդամենը աթոռամետ է, և եթե աթոռը պահելուն օգնում է, ասենք, ֆուտբոլի ժամանակ մերոնց կերած գոլից հետո Գյուլի դեմքին թռնելը, ապա նա մեծ հաճույքով դա կանի, միայն մնա Բաղրամյան 26–ում։

ԵԺԿ հերթապահ միջոցառման ժամանակ Սերժ Սարգսյանը հանդիպել է նաև իր ապագա կոլեգային՝ Վրաստանի ընտրություններում պարտված Միխայիլ Սահակաշվիլուն։ Վերջինս, թերևս, հասցրած կլինի ՀՀԿ ղեկավարին պատմել, թե ինչ է լինում ընտրությունների ժամանակ, երբ իշխանության դեմ դուրս է գալիս խոշոր բուրժուազիայի ներկայացուցիչը, ով վայելում է հանրության լայն շերտերի վստահությունը։

Թե ում հետ ունեցած հանդիպումն է առավել տպավորիչ եղել Սերժ Սարգսյանի համար, դժվար չէ կռահել։ Գուրբանգուլին իր տեսակով և մտածողությամբ ամենահոգեհարազատն է «ֆուտբոլասեր» նախագահին, իսկ բարոզո–մարոզոների հետ հանդիպումը զուտ «դրսի դաբրո ունենալու» բլեֆը կիրառելու և Սերժի՝ «արևմտամետ» փուչիկը փչելու համար է օգտակար, բայց քանի՞ հիմար կա այս երկրում, որ հավատա, թե Բարոզոն ԵՄ–ից 2 կիլոգրամ թարմ «դաբրո» էր բերել ու թողել նախագահականի սառնարանում։ Այնպես որ, ճիշտը Գուրբանգուլին է, համ էլ նա ձի ունի, որի վրա կարելի է նստել ու վարգով սուրալ դեպի Արևմուտք։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը