Մեկնաբանություն

01.12.2012 00:54


Նախագահական ընտրությունների ելքը «վճռված» է

Նախագահական ընտրությունների ելքը «վճռված» է

2013թ. ընտրություններին ընդառաջ իշխանական քարոզչամեքենայի հիմնական անելիքը մարդկանց մոտ հիասթափություն առաջացնել է՝ «Ոչինչ հնարավոր չէ փոխել, քանզի նախագահական ընտրությունների ելքն արդեն վճռված է» թեմայով։ Համընդհանուր հիասթափություն առաջացնելուն, կամա թե ակամա, նպաստում են նաև տարատեսակ խմբակներն ու անհատները։

Ուշագրավն այն է, որ անկումային տրամադրություններ առաջացնելուց զատ, հետևողականորեն տարածվում է այն միտքը, թե ընտրությունների ելքը վճռվելու է դրսում, որովհետև Հայաստանի հասարակությունը որոշիչ գործոն չէ։

Շատ լավ հասկանալով, որ երկրի ներսում Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը հնարավոր չէ բերել համապատասխան մակարդակի՝ փորձ է արվում նրա շուրջը դրսի լեգիտիմության պատրանք ստեղծել և ընտրողներին համոզել, թե Հայաստանի սահմաններից դուրս ամեն ինչ արդեն վճռված է ։

Սերժ Սարգսյանի թիմակիցներին, իհարկե, չի մտահոգում այն, որ էքստենսիվ կերպով դրսի գործոնի հսկայական նշանակությունը քարոզելով և այդ գործոնի դերն արհեստականորեն ուռճացնելով՝ Հայաստանի անվտանգությանը հսկայական հարված է հասցվում և մենք հայտնվում ենք շատ խոցելի վիճակում, քանի որ դրսում էլ են տեսնում այն, ինչ կատարվում է մեզ մոտ և կարող են մեկ–երկու հոդվածով, «ճ» կլասի չինովնիկի հայտարարությամբ կամ մեկ ռեպորտաժով մանիպուլյացիայի ենթարկել Հայաստանի ամբողջ քաղաքական դաշտը։

«Դե եթե ՀՀ իշխանություններն իրենց լրատվամիջոցներով շարունակ տարածում են այն թեզը, թե ամեն ինչ դրսում է որոշվելու, ապա կարելի է օգտվել դրանից ու Հայաստանը դարձնել արտաքին ուժերի շահերի սպասարկման գրասենյակ»,– կարող են մտածել բոլորը, այդ թվում՝ Թուրքիան։

Ի դեպ, «ֆուտբոլային» դիվանագիտության ժամանակ մենք ականատես եղանք նմանատիպ իրավիճակի, երբ Հայաստանը խաղալիք դարձավ արտաքին ուժերի ձեռքում։ Ինչևէ։

Իշխանություններն այնքան են տարված «Ամեն ինչ վճռվում է դրսում և վճռված է հօգուտ Սերժ Սարգսյանի»  բլեֆի տարածմամբ, որ ՀՀ նախագահի յուրաքանչյուր արտաքին շփում և արարողակարգային հանդիպում ծառայեցվում է այդ նպատակին։ Իսկ դա նշանակում է, որ Սերժի շրջապատում հույսները դրել են ժողովրդին ստրկամիտ դարձնելու և դրսի գործոնի մասին միֆն իրականության տեղ անցկացնելու վրա։

Եթե փորձենք խտացված ձևով ներկայացնել այն «փաստարկները», որոնք իբր  Սերժ Սարգսյանի անվերապահ հաղթանակի հիմնավորումներ են, ապա կստացվի բավական զավեշտալի պատկեր։

Եվ այսպես, ըստ սերժամետ լրատվամիջոցների՝ Սերժ Սարգսյանն ունի դրսի «դաբրոն» և նա կվերընտրվի, քանի որ նա՝

2008-2010 թթ. ընթացքում պարբերաբար հեռախոսով խոսում էր Հիլարի Քլինթոնի հետ և մեկ անգամ էլ ձեռքով բարևել է Բարաք Օբամային,

–Պուտինի հետ մի քանի անգամ շփվել է, իսկ Մեդվեդևին մոտիկից տեսել է ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երևանում,

– Երևանում ընդունել է Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզոյին, ով մասնակցել է ԵԺԿ համաժողովին,

–պահի տակ արևմտամետ է և ռուսատյաց (ոչինչ որ ՌԴ–ի հետ ռազմական բնույթի 49 տարվա պայմանագիր է կնքել),

–պահի տակ ռուսամետ է և արևմտատյաց (ոչինչ, որ հակառուսական քարոզարշավ է խրախուսում),

–հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ,

ունի նախարար, որի այտերից քաշքշել է Խավիեր Սոլանան, ինչը մերոնց արևմտամետության վկայություն է,

–Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ ջերմ ժպտում էր, երբ ֆոտոխցիկները չըխկ–չըխկում էին,

–ունի վարչապետ, ով հարցազրույց է տվել ռուսական մամուլին և այլն, և այլն, և այլն։

Մոտավորապես նման «հիմնավորումներ» են ներկայացվում, և փորձ է արվում ապացուցել, որ այդ ամենը Սերժի՝ դրսի «դաբրո» ունենալու ապացույց է։ Ճիշտ է, մենք մի փոքր սարկազմով ներկայացրեցինք սերժամետ քարոզչամեքենայի «վերլուծական» գոհարների պատառիկները, սակայն դրանից այդ «վերլուծությունների» էությունը չի փոխվում։

Նկատենք, որ եթե նմանատիպ բլեֆների օգնությամբ են Բաղրամյան 26–ում պատրաստվում «Վերարտադրություն» օպերացիային, ապա իրոք որ գալիք նախագահական ընտրություններում ամեն ինչ «վճռված» է։ 

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը