Մեկնաբանություն

02.12.2012 23:27


Սերժ Սարգսյանը հեղափոխության կոչ է անում

Սերժ Սարգսյանը հեղափոխության կոչ է անում

Պատգամավորական մանդատների համար թիվ 1 և թիվ 35 մեծամասնական ընտրատարածքներում դեկտեմբերի 2–ին տեղի ունեցած «ընտրությունները» ցույց տվեցին, որ իշխանությունները կեղծիքների հրեշավոր մեքենա են ստեղծել։ Ճիշտ է, դա Սերժ Սարգսյանի օրոք չի ստեղծվել, բայց նա կատարելության է հասցրել ընտրակեղծիքի ինստիտուտը։ Փաստորեն, ՀՀ նախագահն իր ողջ էներգիան ու պետական կառավարման ռեսուրսները ներդնում է ոչ թե երկրի արտաքին ու ներքին քաղաքական խնդիրները լուծելու, այլ բացառապես ընտրակեղծիքների մեքենան «յուղելու» և վերարտադրվելու համար։

Երևանում և Գյումրիում ավարտված ընտրությունները ցույց տվեցին նաև, որ Սերժ Սարգսյանի սիրած «Տարո՛ն ջան, սիրու՛ն չի», «Նեմե՛ց ջան, սիրու՛ն չի» կամ «Վարդանի՛կ ջան, սիրու՛ն չի» բեմադրությունները լրիվ ուրիշ նպատակ են հետապնդում և որևէ կապ չունեն քաղաքացիական հասարակության պահանջներին ընդառաջ գնալու գործընթացների հետ, ինչպես որ ներկայացնում են սերժամետ լրատվամիջոցները։

Քաղաքականապես անմեղսունակ են (լավագույն դեպքում) բոլոր նրանք, ովքեր հավատում են, թե Սերժ Սարգսյանը բարեփոխումներ է ուզում անել և պետք է նրան օգնել այդ հարցում։ Տարեց օլիգարխ կոչվածներին երիտօլիգարխներով փոխարինելը բարեփոխում չէ, այլ «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցմանը նպաստող գործընթաց։ Ուշագրավ է, որ Բաղրամյան 26–ից կոչ են անում քաղաքացիական հասարակություն կոչվածին աջակցել այդ գործընթացին։ Ոմանք կամավոր, իսկ ոմանք էլ  ակամա լծվել են «Սերժը չարյաց փոքրագույնն է» հեքիաթի տարածմանն ու  դհոլիկություն են անում սոցցանցերում և այլուր։

Հարկ է նկատել, որ վերջին օրերին Սերժ Սարգսյանն անկեղծանալու մի քանի առիթ ունեցավ։ Սաշիկի որդու հետ կապված պատմությունը և դրան հաջորդած զարգացումները «քաղաքացիականության» մարմնավորում ներկայացվող Սերժի հստակ դիրքորոշումն էր. երբ վատ են պահում իր ընտանիքի անդամները, ապա դա սիրու՛ն է։ Բացի այդ՝ կիրակնօրյա ընտրություններով Սերժ Սարգսյանը կարևորագույն «մեսիջ» ուղարկեց հանրությանը՝ փաստացի կոչ անելով գնալ հեղափոխության։

«Թուղթն արկղի մեջ գցելու տարբերակով ես չեմ հեռանա»,– իրեն չընդունող ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությանն է դիմում Սերժ Սարգսյանը։

Դե ինչ, մնում է, որ ընտրողներն ու փոփոխությունների ձգտող քաղաքական ուժերն այդ «մեսիջն» ընդունեն, գալիք նախագահական ընտրությունների առիթն օգտագործեն և ընդառաջ գնան ՀՀԿ ղեկավարի կոչին։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը