Մեկնաբանություն

03.12.2012 15:07


Դպրոցականներն «ատկատի» և տենդերի զոհ

Դպրոցականներն «ատկատի» և տենդերի զոհ

Վերջերս ՀՀ ԱԻՆ–ը տեղեկություն էր հաղորդել այն մասին, որ Արմավիրի մարզի Նոր Արտագես գյուղի միջնակարգ դպրոցի վառարաններում օգտագործվող դիզվառելիքի հոտից թունավորվել են երեխաներ և ուսուցիչներ։ Թե ինչպիսի իրավական հետևանք է առաջացել մարդկանց առողջությանը վնաս պատճառած դիզվառելիքի մատակարարման և իրացման պատմությունը, մնում է անհայտ։

Դպրոցի ներկայացուցիչների հետ մեր զրույցից պարզ դարձավ, որ դիզվառելիքը իրանական ծագման է եղել և իրենք այն ստացել են մարզպետարանից։ Ենթադրվում է, որ Իրանից ներկրված դիզվառելիքը եղել է շատ էժան ու բնականաբար՝ անորակ։ Հիմա հարց է ծագում, թե ինչո՞ւ է պետությունը գնել այդ անորակ ապրանքը և ինչո՞ւ է վնաս պատճառել դպրոցականներին ու ուսուցիչներին։ Պատասխան է պահանջում նաև այն հարցը, թե ինչո՞ւ մինչև հիմա չի բացահայտվել մատակարարողի ինքնությունը և ինչո՞ւ համապատասխան ֆունկցիոներները չեն պատժվել։

Մեր ունեցած տեղեկություններով՝ այդ դիզվառելիքի մատակարարը եղել է «Ֆլեշ» ընկերությունը, որը պատկանում է Սերժ և Տիգրան Սարգսյաննների մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանին։ Դա է, թերևս, պատճառը, որ թունավորման պատմությանն ընթացք չի տրվել։

Եթե հիշում եք, Սերժ Սարգսյանը մոտ մեկ ամիս առաջ Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ խոսում էր «ատկատների» դեմ պայքարի և այն մասին, որ չի կարելի պետական տենդերների հաղթող դարձնել չինովնիկների բարեկամներին։  Փաստորեն, դա ոչ բոլորին էր վերաբերում և ոչ բոլոր ոլորտներին։

Ստացվում է, որ խորհրդակցությունը շոու էր, քանզի բոլորին է հայտնի, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը սիրում է դիզվառելիքի մատակարար դարձնել «Ֆլեշին», ընդ որում՝ առանց մրցույթի։ Փույթ չէ, որ «Ֆլեշի» մատակարարած դիզվառելիքից աշակերտները թունավորվում են։ Կարևորն այն է, որ խոսվի կոռուպցիայի դեմ պայքարից, չարաշահողների գլխից բռնելուց և վիրահատական մեթոդներով միջամտություններից։ Իսկ որ աշակերտները թունավորվում են, դա արդեն երկրորդական հարց է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը