Մեկնաբանություն

04.12.2012 01:40


Վլադիմիր Գասպարյանն ընդդեմ Աղվան Հովսեփյանի

Վլադիմիր Գասպարյանն ընդդեմ Աղվան Հովսեփյանի

Ամբողջ քաղաքը խոսում է այն մասին, որ «Բելաջիոյում» Սաշիկի որդին կռվի մեջ է ընկել, իսկ նրա ընկերները կրակել են Խաչատուր Սուքիասյանի եղբայր Էդուարդի և Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սիրունյանի եղբոր վրա, բայց արի ու տես, որ ոստիկանությունը տեղյակ չէ դրա մասին։

Այս պատմության հետ կապված բավական ուշագրավ հայտարարություն է արել ոստիկանության լրատվության և տեղեկատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը։

«Մեզ ոչ ոք չի դիմել, նաև բուժօգնության համար ոչ ոք չի դիմել։ Բժշկական կենտրոններից էլ ահազանգ չի եղել ոստիկանությանը, չկա էդպիսի ահազանգ, չկա նաև տուժող»,– «Galatv»–ի թղթակցի հետ զրույցում ոստիկանության քար լռության պատճառների մասին է խոսել Մալխասյանը։

Իսկ այն հարցին, թե միջադեպին մասնակից կոնկրետ մարդկանց կոնկրետ անուններ են հրապարակվում, օրինակ՝ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի տղայի անունը, Մալխասյանը հետևյալ պատասխանն է տվել. «Գիտեք, Ձեր ասածը իրավաբանություն է, տուժող չկա։ Ենթադրենք՝ ես տուժող եմ, չեմ դիմում, չեմ բողոքում, ինչ–որ վարչություն չեմ դիմում, չեմ ուզում...»։

Ուշադրությու՛ն դարձրեք. ոստիկանության աշխատակիցը ոչ թե հերքում է Սաշիկի որդու մասնակցությամբ միջադեպն ու հրազենի կիրառման լուրը, այլ ասում է՝ տուժողը չի բողոքել, ահազանգ չկա և դրա համար էլ ոստիկանությունը համավոր հարս է դարձել։

Փաստորեն, Վլադիմիր Գասպարյանը Սաշիկի որդու միջոցով «փչացնում» է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին։ Դժվար է ասել՝ դա միտումնավո՞ր է արվում, թե՞ ակամայից, բայց փաստն այն է, որ ոստիկանությունը, «չերեզ» Սաշիկ, իր բացասական եզրակացությունն է տվել Վարդան Օսկանյանի «գործի» մասով և անհիմն համարել Հովսեփյանի միջնորդությունը։

Ինչպես հայտնի է, Աղվան Հովսեփյանը միջնորդություն էր ներկայացրել ԱԺ–ին ու պահանջում էր Վարդան Օսկանյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից։

Հովսեփյանը հայտարարում էր, թե ինքն ուզում է պաշտպանել նախկին արտգործնախարարի ստեղծած «Սիվիլիթաս» հիմնադրամի և «Սիվիլթասին» փող նվիրած ամերիկացի միլիարդատեր Հանթսմանի շահերը Վարդան Օսկանյանից ու դրա համար էլ գործ է հարուցել վերջինիս վրա։

Ուշագրավն այն է, որ «տուժող» կողմը՝ «Սիվիլիթասի» աշխատակազմը և Հանթսմանը որևէ բողոք չէին ներկայացրել Հայաստանի իրավապահներին, բայց Աղվան Հովսեփյանը հետևողականորեն ուզում էր պաշտպանել Օսկանյանի ստեղծած հիմնարկը նույն Օսկանյանից։

Հիմա ստացվում է, որ Սաշիկի որդու մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել և կան վիրավորներ, սակայն ոստիկանությունը մատը մատին չի տալիս, քանզի բողոք չկա, իսկ ահա Վարդան Օսկանյանի պարագայում գործ է հարուցվել այն դեպքում, երբ ոչ միայն բողոք չկա, այլ նաև դատախազության մատնանշած տուժողները բողոքի ակցիա են անում ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի։

Ակնհայտ է, որ ոստիկանության և դատախազության գործողություններում նկատվում է երկակի ստանդարտների կիրառում։ Մի դեպքում կա տուժող և հանցակազմ, բայց գործ չի հարուցվում այն պատճառաբանությամբ, թե տուժողի բողոք չկա, իսկ մյուս դեպքում՝ տուժող չկա, տուժողի բողոք չկա և հանցակազմ չկա, բայց գործ է հարուցվում՝ իբր տուժողի շահերը պաշտպանելու նպատակով։ Երկու դեպքում էլ ունենք իրավապահներին վերևից ուղղորդելու երևույթներ։ Երկու դեպքում էլ առկա է կամայական որոշում։ Երկու դեպքում էլ որոշման հետևում երևում են Սերժ Սարգսյանի ականջները։ Եվ վերջապես՝ երկու դեպքում էլ «փչացման» է ենթարկվում ՀՀ իրավապահ համակարգը։ 

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը