Լրահոս

16.06.2009 16:14


ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի Խորհրհրդարանական Վեհաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին և Ժորժ Կոլումբիեին

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2009 թվականի մայիսի 31-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների ուղղությամբ իրականացվող քննությանը եւ 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքներին վերաբերող հարցեր:

Անդրադառնալով տեղի ունեցած անկարգությունների առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքին՝ ՀՀ գլխավոր դատախազը մանրամասնել է ինչպես պարզաբանված հանգամանքները, այնպես էլ քննության դժվարությունները՝կապված որոշ փորձաքննությունների անցկացման հետ: Տեղեկացրել է, որ  արձանագրված 10 մահվան հանգամանքների որոշ հարցերի պարզաբանման համար բանակցություններ են անցկացվել տարբեր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի փորձագետների հետ՝ հատկապես խնդիր ունենալով ստանալ փորձագետների օգնությունը ոստիկանների կողմից կիրառված հատուկ միջոցների նույնացման հարցում, սակայն բոլորն էլ նշել են, որ հատուկ միջոցներից արձակված  փամփուշտները հնարավոր չէ նույնացնել: Նման եզրակացություն է ներկայացրել նաեւ հատուկ միջոցներն ու փամփուշտները արտադրող հիմնարկությունը, որտեղ քննչական խումբը նշանակել էր փորձաքննություն՝ նրանց տրամադրելով դիակների մարմիններից հանված փամփուշտները ու ոստիկաններից առգրավված հատուկ միջոցները: Նախաքննությունն այս ուղղությամբ շարունակվում է:

Հանդիպման ընթացքում շոշափվել է նաեւ մարտի 1-2-ին տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու, դրանք կազմակերպելու համար դատապարտված անձանց նկատմամբ հնարավոր համաներման կիրառմանը վերաբերող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ ըստ ամենայնի հնարավոր համաներումը կտարածվի նաեւ նշված արարքները կատարելու համար դատապարտված շատ անձանց վրա:

Անդրադառնալով դատաքննության ընթացքին եւ հատկապես նախաքննական ցուցմունքները  քննությանը խորթ մեթոդների կիրառման ազդեցության տակ տալու վերաբերյալ որոշ վկաների հայտարարություններին՝ ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ դրանք բոլորն էլ դարձել են քննության առարկա: Նշվել է, որ անկարգությունները կազմակերպելու համար ներկայումս դատարանների վարույթում գտնվող 6 անձանց վերաբերյալ 5 քրեական գործերով հարցաքննվել է շուրջ 80 վկա, որոնցից 6-ը հայտարարել են, թե նախաքննության ընթացքում իրենցից ցուցմունքներ են վերցվել բռնությունների գործադրմամբ: Բոլոր նշված հայտարարությունների հիման վրա դատախազությունը հարուցել է քրեական գործեր եւ հանձնարարել համապատասխան քննչական մարմիններին կատարել քննություն՝ պարզելու վկաների հայտարարություններում մատնանշված հանգամանքները: Բացի այդ շուրջ 10 վկա դիմել են դատարաններին՝ խնդրելով իրենց նկատմամբ պաշտպանական միջոցներ կիրառել՝ հայտարարելով, որ ամբաստանյալների մերձավորների, կողմնակիցների կողմից իրենց նկատմամբ գործադրվում են ճնշումներ՝ պարտադրելով հրաժարվել նախաքննական ցուցմունքներից: Այս հայտարարությունների վերաբերյալ նույնպես հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն ընթացքի մեջ է:

Համազեկուցողների խնդրանքով անդրադառնալով տեղի ունեցած ավագանու ընտրություններին՝ ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ միայն քվեարկության արդյունքները կեղծելու վերաբերյալ ստացված ահազանգերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում  քննվում է 8 քրեական գործ, որից 2-ը՝ 3 անձի վերաբերյալ արդեն  ուղարկվել  է դատարան: 

ՀՀ գլխավոր դատախազության
մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը