Մեկնաբանություն

05.12.2012 17:55


Իշխանությունն ուզում է Մհերով փրկե՞լ Սաշիկին

Իշխանությունն ուզում է Մհերով փրկե՞լ Սաշիկին

Այսօր համացանցը լցված է մի դաժան ծեծի պատմությամբ։ Ըստ տարածված տեղեկությունների՝ ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր) պատկանող գազալցակայանում ծեծի են ենթարկվել դերասան Սերգեյ Գրիգորյանն ու իր եղբայրը։ Լուրի սկզբնաղբյուրը Բաղրամյան 26–ի տակ աշխատող լրատվամիջոցներից մեկն է։

Իհարկե լավ է, որ «անկախ» լրատվամիջոցները «շուխուռ» են բարձրացրել ծեծի կապակցությամբ, քանզի բռունցքների օգնությամբ հարցեր լուծելու գործելակերպը անընդունելի և անհանդուրժելի է։ Բայց այստեղ մի մեծ «բայց» կա։

Բանն այն է, որ «անկախ» լրատվամիջոցները և սոցցանցերում վխտացող իշխանամետ դեմքերը, որոնք հիմա անարգանքի սյունին են գամել Մհեր Սեդրակյանին (ի դեպ, Սեդրակյանի մեղքը դեռ ապացուցված չէ), ծպտուն անգամ չհանեցին օրերս «Բելաջիո» ռեստորանի տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի թեմայով, ծեծկռտուք, որի ժամանակ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկի որդու ընկերները հրազեն էին կիրառել և ոտքից վիրավորել Խաչատուր Սուքիասյանի եղբորն ու Վանո Սիրադեղյանի  թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի եղբորը։

Փաստորեն, «անկախ» լրատվամիջոցները «դաբրո» են ստացել Մհերի վրա քշելու, իսկ ահա Սաշիկի պահով նման հրահանգ չեն ունեցել և այդ իսկ պատճառով էլ իրենց ռետինե խողովակի տեղ են դրել։

Հետաքրքիր է, թե ինչպես իրեն կպահի Սերժ Սարգսյանը։ Եթե պարզվի, որ Մհեր Սեդրակյանը մեղավոր է, ապա մենք արդյոք ականատես կլինե՞նք «Մհե՛ր ջան, սիրո՛ւն չի» բեմադրությանը, թե՞ ոչ։ Սերժի կողմից Մհերին պատժելու պարագայում,  սակայն, հարց կառաջանա, թե ինչո՞ւ Մհերի անվան հետ կապվող միջադեպը սիրուն չէ, բայց Սաշիկի անվան հետ կապվող միջադեպը սիրուն է։

Իսկ եթե պարզվի, որ Մհերը կապ չունի այդ ամենի հետ, ապա մեզ թույլ կտանք եզրակացնելու, որ նրա անվան շուրջը տեղեկատվական աղմուկ բարձրացնելով՝ Բաղրամյան 26–ն ուզում է պարզապես շեղել հանրության ուշադրությունը Սաշիկի որդու «սխրագործությունից»։

Թե որ տարբերակի հետ գործ ունենք, կերևա առաջիկայում։

Ուշագրավ է, որ Վլադիմիր Գասպարյանի «կանտոռան»՝ ոստիկանությունը, հաստատել է լցակայանում տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկությունը, սակայն նույն ոստիկանությունը բերանը ջուր էր առել «Բելաջիոյում» տեղի ունեցածի մասով։

Ստացվում է, որ իրավապահ համակարգն ընտրովի կամ ինչպես Նիկոլ Փաշինյանն է սիրում ասել՝ ոչ ստանդարտ արդարադատության կողմնակից է։ Ոչ ստանդարտ վիճակն էլ պայմանավորված է անձերով. եթե Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամներին է վերաբերում անհանդուրժելի երևույթը, ապա պետք է լռել, իսկ երբ դա անում են Սերժի «յուրայինները», ապա պետք է աղմուկ–աղաղակ բարձրացնել և ցույց տալ, որ այն, ինչ կարելի է Սաշիկին, չի կարելի Մհերին։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը