Մեկնաբանություն

06.12.2012 18:56


Ինչու՞ է Սերժ Սարգսյանն իրար խառնվել ԲՀԿ–ի բրյուսելյան այցի պատճառով

Ինչու՞ է Սերժ Սարգսյանն իրար խառնվել ԲՀԿ–ի բրյուսելյան այցի պատճառով

Չնայած Բաղրամյան 26–ի տակ աշխատող և «դեղձի ծառի» վրա մնացած լրատվամիջոցները շեփորահարում կամ ավելի ճիշտ՝ թմբկահարում են այն մասին, թե իբր Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակության այցը Բրյուսել հաջող չի անցել, այդուհանդերձ այն շատ արդյունավետ է եղել։ ԲՀԿ–ի պատվիրակության հետ հանդիպումներ են խնդրել անգամ այն կառույցների ու եվրոպական կուսակցությունների ներկայացուցիչները, որոնց հետ նախապես պլանավորված չի եղել հանդիպում։

«Միշիկ.am»–ների ու «Միշիկ-press»–ի ջղաձիգ պահվածքից հստակ երևում է, որ ի հեճուկս իշխանական ցանկության և ի հակառակ Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցի ջանքերի, ԲՀԿ–ականներն ունեցել են պլանավորված բոլոր հանդիպումներն ու համապատասխան ընդունելության արժանացել։ Բաղրամյան 26–ից ամեն ինչ արել էին, որպեսզի այցը տապալվի, բայց չէին կարողացել, և հիմա բնական է այն աղմուկը, որը բարձրացվել է։

Շատերին կարող է հետաքրքրել այն հարցը, թե ինչու՞ այսքան նյարդային արձագանք տվեցին ԲՀԿ–ի այցին Սերժ Սարգսյանի նեղ շրջապատում։ Լավ, մի՞թե մեկ այցը կարող էր այդպես հունից հանել ՀՀԿ ղեկավարին։ Պարզվում է, որ կարող է, և ահա՛ թե ինչու։

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի ամբողջ PR–ը կառուցվել է «դրսից դաբրո» ունենալու վրա։ Նա շատ լավ գիտի, որ Հայաստանում լեգիտիմություն չի ունենալու և հույսը դրել է արտաքին էֆեկտներ ապահովելու և պլանավորված ընտրակեղծիքները մարսելու վրա։ Սերժ Սարգսյանի վրա, ըստ այդմ, կարվում է արևմտամետի իմիջ և փորձ է արվում նրան ավելի դրական լույսի ներքո ներկայացնել իբր ռուսամետ Ծառուկյանի համեմատությամբ։ Սերժամետ մամուլն անընդհատ մատուցում է այն տեսակետը, թե իբր Սերժ Սարգսյանը հայաստանյան միակ գործիչն է ում հետ շփվում են եվրոպացիները։

«Ճիշտ է, Ռուսաստանի համար Ծառուկյանն ու Սարգսյանը հավասարապես ընդունելի են, բայց արևմտյան ուղղությամբ ԲՀԿ–ն թույլ է, իսկ փոխարենը Սարգսյանն է ընդունելի եվրոպական կառույցների համար»,– անընդհատ գրում են «անկախ» մամուլի մշակները և բխեցնում, թե այդպիսով նախագահական ընտրությունների ելքը վճռված է հօգուտ գործող նախագահի։

«Սերժը՝ Եվրոպայի մարդ» բլեֆին ճշմարտանման տեսք տալու համար՝ Սերժ Սարգսյանի ցանկացած արարողակարգային հանդիպում եվրոպական նույնիսկ «Ճ» կլասի պաշտոնյայի հետ մատուցվում է որպես նրա՝ «դրսից դաբրո ունենալու» ապացույց։ Այդ քարոզն, իհարկե, նախատեսված է քաղքենիական ու գավառական պատկերացումներ ունեցող զանգվածների համար և ունի զուտ հոգեբանական ներազդեցության ֆունկցիա, բայց հետապնդում է նաև այլ նպատակ։ Սերժ Սարգսյանի շրջապատից ներքին խողովակներով մշտապես պետական ապարատին ներկայացվում է, թե իբր Սարգսյանն ունի աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների՝ ԱՄՆ, ՌԴ և ԵՄ աջակցությունը և որպես այդ ամենի հիմնավորում է մատուցվում այն, որ, մասնավորապես, Ծառուկյանին միայն ռուսներն են ընդունելության արժանացնում, իսկ ահա Բրյուսելն ու Վաշինգտոնը փակ են ԲՀԿ առաջնորդի առաջ։

Գ. Ծառուկյանի գլխավորած պատվիրակության այցն ու հանդիպումների ընթացքում հնչած շեշտադրումները նախ պայթեցրեցին «դրսից դաբրո» ստանալու գաղափարն ընդհանրապես և Սերժ Սարգսյանի՝ «Եվրոպայի մարդը» լինելու բլեֆը մասնավորապես։

Բոլորի համար պարզ դարձավ, որ դուրսն ընդամենը դիտորդի կարգավիճակ ունի և մեծ հաճույքով կհամագործակցի ԲՀԿ–ի հետ, եթե Ծառուկյանն անցնի իշխանության գլուխ։ Իսկ այն որ ԲՀԿ–ն ԵԺԿ անդամ չդարձավ, դա այլ հոդվածի թեմա է, քանզի արժե առանձին նյութով անդրադառնալ, թե ինչ է իրականում իրենից ներկայացնում ԵԺԿ–ն և թե ինչպես էր այդ կառույցի հունգարացի փոխնախագահը Ռամիլ Սաֆարովին հանձնում Բաքվին՝ հայաստանյան եվրոնժդեհականների հեզ հայացքների ուղեկցությամբ։

Եվ այսպես, Գագիկ Ծառուկյանի բրյուսելյան այցի ուշագրավ արդյունքներից պետք է համարել այն, որ բացահայտ դարձավ Սերժ Սարգսյանի գլխավորած ուժի թուլությունը, ուժ, որը մրցակցի ցանկացած քայլից կարող է կորցնել  ինքնատիրապետումը և հոգեխանգարմունքի ենթարկվել։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Մեր ունեցած տեղեկություններով, եվրոպացի մի շարք դիվանագետների ապշեցրել է ՀՀ իշխանությունների պահվածքը։ Նրանք ֆիքսել են, որ արվում է ամեն ինչ ԲՀԿ–ի հետ նախատեսված հանդիպումները տապալելու ուղղությամբ և իրենց տարակուսանքը հայտնել։

Եվրոպացիները, թերևս, չեն պատկերացնում, թե որքան ջանք է ներդրել Սերժ Սարգսյանը՝ «Եվրոպայի մարդը» լինելու հեքիաթը տարածելու և այդ թեմայով PR–փուչիկը փչելու համար։ ԲՀԿ–ն ընդամենը մեկ այցով պայթեցրեց այդ փուչիկը, բայց ոչ թե շարքային քաղաքացիների (ինչպես Սերժ Սարգսյանի քարոզարշավի ժամանակ եղավ), այլ նախագահականի գլխին։ Դրա համար էլ վայնասուն է բարձրացվել։ Պայթյունն, ակնհայտորեն, շատ ցավոտ է եղել ոմանց համար ու դա է պատճառը, որ Բաղրամյան 26–ում ցավից գոռում են։

Այս խորագրի վերջին նյութերը