Լրահոս

16.06.2009 18:49


Կոլեգիայի ընդլայնված նիստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրավիրած այսօրվա կոլեգիայի ընդլայնված  նիստը, որը նախագահում էր ԱԻ նախարար Մհեր Շահգելդյանը, մասնակցում էին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը,  նախարարության կազմում գործող կառուցվածքային ստորաբաժանումների և գործակալությունների ղեկավարներն ու տեղակալները:

Ներկայացնելով Արտակարգ իրավիճակների նախարարության կոլեգիայի 2009 թվականի գործունեության ծրագիրը, Մհեր Շահգելդյանը կարևորեց համակարգում ընդգրկված բոլոր կառույցների բարեփոխման գործընթացին ուղղված ռազմավարական մոտեցումները, ընդհանուր քաղաքականության, այդ թվում նաև  գերակա ուղղությունների վերաբերյալ տեսակետներ և  առաջարկություններ  ներկայացնելու  փաստը, միաժամանակ շեշտելով պարտականությունների հստակ կատարման այն անհրաժեշտությունը, որը  բխում է երկրի անվտանգության և բնակչության պաշտպանության  շահերից:

Ողջունելով նիստի մասնակիցներին, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը ընդգծեց այն հանգամանքը, որ նախարարության կոլեգիան այսուհետ պետք է դառնա որոշումներ և քննարկումներ կայացնող առավել ակտիվ կառույց: Արթուր Բաղդասարյանը վստահեցրեց, որ աջակցելու և օժանդակելու է նախարարության ցանկացած ոլորտի բարեփոխման գործընթացին:

 Խոսելով  մի շարք խնդիրների մասին, անվտանգության խորհրդի քարտուղարը մատնանշեց  ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի հայեցակարգի ընդունման անհրաժեշտությունը, որը պետական նշանակության հիմնահարց է մեր հանրապետությունում: Արթուր Բաղդասարյանը առաջարկեց ԱԻՆ գործունեությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, մշակել նոր մոտեցումներ՝ հիմք ընդունելով կոնկրետ գործողությունների իրականացումը:

Ելույթներով հանդես եկան ՀՓԾ տնօրեն Էդիկ Բարսեղյանը, ԱԻՆ տեխանվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանը, ԱԻՆ պետական ռեզերվների գործակալության տնօրեն Ռուդիկ Ղուկասյանը  և այլք:

Ելնելով ԱԻՆ կոլեգիայի գործունեության առավել հրատապ,  արդյունավետ կազմակերպման և հիմնարար հարցերի քննարկման անհրաժեշտությունից, կոլեգիան որոշեց հաստատել ՀՀ ԱԻՆ կոլեգիայի 2009 թ. գործունեության ծրագիրը:

                                                      ԱԻՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը