Լրահոս

16.06.2009 19:25


Ս. Նիկոյանը ՌԴ նախագահի ներկայացուցչին «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել

Ս. Նիկոյանը ՌԴ նախագահի ներկայացուցչին «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը հանդիպել է Ռուսատանի Դաշնության նախագահի արտասահմանյան երկրների հետ միջտարածքային և մշակութային կապերի վարչության պետ Սերգեյ Վինոկուրովի հետ:
Ս. Վինոկուրովը մեկ անգամ ևս փաստել է ռուսական կողմի՝ Հայաստանը ռազմավարական գործընկեր դիտարկելու դիրքորոշումը: Բարձր գնահատելով համագործակցությունը քաղաքական, ռազմական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում՝ ռուս պաշտոնյան ընդգծել է Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև հաստատված  ջերմ հարաբերությունները' համարելով դրանք լավ խթան շփումները էլ ավելի աշխուժացնելու համար:

Ս. Նիկոյանի գնահատմամբ՝ երկու երկրների միջև առկա ռազմավարական գործընկերությունը և դարավոր բարեկամությունը պարտավոր են այսօր պահպանել և զարգացնել: Նա խոսել է հատկապես խորհրդարանների միջև շփումներն ակտիվացնելու մասին:

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղավ «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրի մանրամասներին: Խորհրդարանի փոխնախագահը մտահոգություն է հայտնել այս գործարքով Ռուսաստանին հանձնված ձեռնարկությունների անգործության վերաբերյալ՝ նշելով, որ դրանից չեն շահում ո՛չ հայկական, և ո՛չ էլ ռուսական կողմերը:

ՌԴ նախագահի ներկայացուցիչը, համաձայնելով գնահատականի հետ, նշել է, որ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է, և որ վերջին մեկուկես տարիների ընթացքում լուրջ քայլեր են ձեռնարկում իրավիճակը փոխելու ուղղությամբ: Մասնավորապես նշված ձեռնարկություններում անց են կացվում աուդիտորական ուսումնասիրություններ, ինչպես նաև դիտարկում են վստահելի ներդրողների թեկնածությունները:  

Ս. Նիկոյանը, որպես զարգացման ենթակա ուղղություն, մատնանշել է միջազգային և միջխորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցությունը: Համագործակցությունն այս ոլորտում խորհրդարանի փոխնախագահը գնահատել է ոչ բավարար:   Հանդիպման ընթացքում խոսվել է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում համագործակցության մասին:  Զրուցակիցներն անդրադարձել են ՌԴ-ում Հայաստանի քաղաքացիների կեցությանը և իրավական կարգավիճակին առնչվող հարցերի:

ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ Ռուսաստանը Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման գործում մեծ դերակատարություն կունենա:

Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին՝ Հայաստանին  500 մլն. դոլարի վարկ տրամադրելու համար՝ չնայած, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն իր ազդեցությունն է ունեցել նաև Ռուսաստանի վրա:

Այս խորագրի վերջին նյութերը