Մեկնաբանություն

08.12.2012 22:38


Ո՞վ է որոշում կայացնում Բաղրամյան 26-ում

Ո՞վ է որոշում կայացնում Բաղրամյան 26-ում

Թվում է, թե այս հռետորական հարցադրումն ունի ակնհայտ պատասխան. իհարկե՛ գործող նախագահը, քանզի նա է այսօր տնօրինում Բաղրամյան 26 հասցեում գտնվող հիմնարկի ողջ գործունեությունը: Սակայն դատելով ամենից՝ վերջին ժամանակահատվածում Սերժ Սարգսյանի վրա ահռելի ազդեցություն է թողնում նրա փեսա Միքայել Մինասյանը: Եվ այդ իմաստով դժվար է ասել, թե Սերժ Սարգսյանի որոշումների ո՞ր մասն է իրենը, իսկ որ մասը` փեսայինը:

Այս իրավիճակը բավականին հակասական վիճակի մեջ է դնում թե՛ Սերժ Սարգսյանին, և թե՛ նրա շրջապատին: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի հետ ցանկացած պայմանավորվածություն (ներկուսակցական, ներգերատեսչական, կադրային և այլն) ի չիք է դառնում, եթե այդ պայմանավորվածության հետ համաձայն չի լինում նրա փեսան` Միքայել Մինասյանը: Համենայնդեպս այդպիսի տպավորություն կա պետական ապարատի ներսում։

Գործող նախագահի շրջապատում բողոքում են, որ ըստ էության ավելի հեշտ է պայմանավորվել Միքայել Մինասյանի հետ, քան` հենց Սերժ Սարգսյանի հետ, քանզի վերջինս օրվա կուրսով մտածողություն ունի և չի հասկանում իր խոսքի իրական արժեքը: Փեսան այդ առումով տարբերվում է աներոջից, բայց խնդիրն այն է, որ Միշիկը չափից դուրս ագահ է, և ըստ էության շատ քիչ է գնում կոմպրոմիսների բոլոր այն խնդիրներում, որոնք շաղկապված են փողի կամ իշխանության հետ: Ցանկացած բիզնեսի ոլորտում, որտեղ խոցելի տեղեր են հայտնաբերվում, միանգամից հայտնվում է փեսան:

Օրինակ, երբ 2008 թվականի քաղաքական իրադարձությունների ժամանակ Խաչատուր Սուքիասյանը հետապնդվեց, դրանից հիմնական օգուտը նույնպես քաղեց փեսան: Նույնը կարելի է ասել «Մեծ անիվի» օրինակի մասին,  «Ջերմուկի մայր գործարանի» մասին, և այս շարքը կարելի է շարունակել: Նրա ագահությունը հասնում է այնպիսի չափսերի, որ չար լեզուները նույնիսկ ասում են, թե Միշիկի աչքն ընկել է այնպիսի հզորագույն օբյեկտի վրա, ինչպիսին Որոտան ԳԷՍ–ն է:

Վերը նշված տեսակետին ի հակակշիռ՝ ոմանք պնդում են, որ իրականում հենց Սերժ Սարգսյա՛նն է փեսայի հետ դերաբաշխում կատարել։ Սերժը ստանձնել բարի, իսկ փեսան՝ չար «քննիչի» դերը, այսինքն՝ Ստալին–Բերիա են խաղում ու նպաստում այն թեզի տարածմանը, թե իբր Սերժը չգիտի Միշիկի արածների մասին, այ, որ իմանա...

Մեր կարծիքով, ճշմարտությունը գտնվում է մեջտեղում, և դա «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցելու քայլերի հետևանքն է։ Պարզապես հարցն այն է, որ Սերժն իրեն է տեսնում միակ օլիգարխի դերում, իսկ փեսան՝ իրեն։

Սակայն վերադառնանք մեր սկզբնական հարցադրմանը: Ո՞վ է որոշումներ կայացնում Բաղրամյան 26-ում, և ունա՞կ է արդյոք Սերժ Սարգսյանը գոնե մեկ հարցում իր խոսքի տերը լինել:

Այդ վերջին հռետորական հարցադրումը թողնենք մեր էլիտար ընթերցողներին, որոնք բախտ են ունեցել ոչ միայն ծանոթ լինել Սերժ Սարգսյանի հետ, այլև` մոտիկից հետևել նրա գործունեությանը, և որոնց գնահատականները, կարծում ենք, որ առավել օբյեկտիվ կընկալվի սույն հարցադրման պարզաբանման համար:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Քաղաքում շրջանառվող անեկդոտը, թե մարդիկ չեն ամուսնանում, որովհետև վախենում են, որ Միշիկը փայ կմտնի (նախկինում այդ դերը Սաշիկին էր վերապահված), իրականում օբյեկտիվ հիմքեր ունի: Մամուլը հեղեղված է տնտեսական սկանդալներով, որոնց առանցքում Միքայել Մինասյանն է. մեդիա դաշտ, գովազդային շուկա, Մեծ անիվ, Արմավիայի սնանկացում, ծխախոտի ներկրում, խոչընդոտում տեղական արտադրողին, արագաչափերի բիզնես, Որոտան  և այլն…

Այս խորագրի վերջին նյութերը