Լրահոս

17.06.2009 10:49


40 հազար բաժանորդների ջրաչափերի պիտանելիության ժամկետն անցել է

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ընդունել է «Երևան ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեին։

Փոխվարչապետը նշել է, որ քանի որ վերջերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ բավարարելով «Երևան ջուր» ՓԲԸ-ի հայտը, բարձրացրեց խմելու ջրի սակագինը, երևանցիներն ակնկալում են ծառայությունների որակի բարձրացում: Նա նաև հետաքրքրվել է, թե ընկերությունն այդ ուղղությամբ առաջիկայում ի՞նչ միջոցներ է պատրաստվում ձեռնարկել:

Պ. Ռուայեն ասել է, որ իրենց հայտի բավարարումը բավական բարդ ընթացակարգ ունեցել, և, մինչ որոշում ընդունելը, հանձնաժողովը լուրջ ուսումնասիրություն է կատարել: Նա նշել է, որ վարձակալության պայմանագրով դժվար հասանելի առաջադրանքներ են ստանձնել:
Անցած տարվա արդյունքներով՝ ընկերությունը նկատելի բարելավում է արձանագրել ջրամատակարարման շարունակականության գործում: Ամառային ճգնաժամային այս ամիսներին Երևանի ջրամատակարարման շարունակականությունը գերազանցում է 80 տոկոսը' 2008-ի 60-ի դիմաց:

Ֆրանսիական ընկերության տնօրենը տեղեկացրել է, որ հուլիսի 6-ին Երևան կժամանի տեխնիկական անկախ աուդիտորը' վերստուգելու «Երևան ջուր» ՓԲԸ-ի 2008 թ. հաշվետվությունը, այնուհետև այն կտեղադրվի ընկերության կայքում:
Ընկերությունը ձեռք բերվածը բավարար չի համարում: Դեռևս շատ են ջրի առևտրային և տեխնիկական կորուստները, ջրի ապօրինի օգտագործման դեպքերը։ Երևանցիները հաճախ են ականատես լինում հոսակորուստների' բակերում և նկուղներում:
Պ. Ռուայեն տեղեկացրել է, որ իրենց կողմից սպասարկվող 40 հազար բաժանորդների ջրաչափերի պիտանելիության ժամկետն անցել է, և իրենք պարտավորվածություն են զգում շտկելու այդ վիճակը:

«Երևան ջուր» ՓԲԸ-ն կառավարման բարելավման և կորուստների կրճատման նպատակով նպատակահարմար է գտնում ստանձնել նաև բազմաբնակարան շենքերի ներքին ցանցերի սպասարկումը:

Փոխվարչապետ Ա. Գևորգյանի, ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի և Երևանի փոխքաղաքապետ Վ.Վարդանյանի հետ քննարկվել են բազմաբնակարան շենքերի ներքին ցանցերի սպասարկումը ֆրանսիական ընկերությանը հանձնելու իրավական, տեխնիկական, ֆինանսական հնարավոր լուծումները:

Փոխվարչապետ Ա. Գևորգյանը կարևորել է ամբողջ համակարգը նույն օպերատորի կողմից կառավարելու հանգամանքը' առկա խնդիրները համակարգված լուծելու և վթարային իրավիճակներին արագ արձագանքելու առումով:
Ա. Գևորգյանն ընկերությանն առաջարկել է պետական շահագրգիռ մարմինների հետ համատեղ կիրառել բոլոր միջոցները՝ ջրի ապօրինի օգտագործման դեպքերը կանխելու նպատակով։

Այս խորագրի վերջին նյութերը