Լրահոս

17.06.2009 15:47


Ուժեղ կարկուտը վնաս է հասցրել մի շարք համայնքների

Ուժեղ կարկուտը վնաս է հասցրել մի շարք համայնքների

Հունիսի 16-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ Վանաձորում տեղացած հորդառատ անձրևի և կարկտի հետևանքով անձրևաջրերը լցվել են կայարանամերձ, 3-րդ մասի և քիմիական գործարանի թաղամասերի բնակելի տների նկուղները և առաջին հարկերը, ինչի հետևանքով թաղամասերը հոսանքազրկվել են։ Նարեկացու, Գ. Լուսավորիչ և Չարենցի փողոցները դարձել են դժվարանցանելի, իսկ Մարգարյան փողոցում առուն փոխել է հունը, և ջուրը լցվում է սեփական տները։
Դեպքի մասին տեղեկացվել են Լոռու մարզպետը, Վանաձորի քաղաքապետը։
Դեպքի վայր են մեկնել փրկարարներ մարզային փրկարարական վարչությունից, Վանաձորի հրշեջ փրկարար ջոկատներից, ինչպես նաև «ՀԷՑ» Դեբետ մասնաճյուղի վթարային ծառայության, քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները։
Կատարվել են փողոցները անձրևաջրերից մաքրելու, փողոցների ջրահեռացման, ուղիների բացման, շենքերի նկուղներից և սեփական տներից ջրահեռացման աշխատանքներ։ Վերականգնվել է հոսանքի մատակարարումը։
Աշխատանքները դադարեցվել են ժամը 03.30-ին։ Մարգարյան փողոցում սահմանվել է հերթապահություն։

Նույն օրը  Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 15-ին տեղացած ուժեղ կարկտի հետևանքով Ակունք գյուղում վնասվել են բնակիչների ցանքատարածքները և այգիները։ Հեղեղումների հետևանքով վնասվել են մի շարք տներ։
Վնասի չափերը ճշտելու նպատակով գյուղապետարանում կազմվել է հանձնաժողով։

Այս խորագրի վերջին նյութերը