Մեկնաբանություն

14.12.2012 13:55


Բաղրամյան 26–ի ծրագրերի և վախերի մասին

Բաղրամյան 26–ի ծրագրերի և վախերի մասին

ԲՀԿ–ի՝ քաղաքական առումով սխալ որոշումից հետո, նախագահական նստավայրում հիմա երկու խնդիր են ուզում լուծել՝

1.Ամեն ինչ անել, որ գալիք նախագահական ընտրություններում հնարավորինս շատ մարդ առաջադրվի ։

2. Ամեն ինչ անել, որ այդ առաջադրվողների մեջ Լևոն Տեր–Պետրոսյանը չլինի։

Այս խնդիրները լուծելու համար իշխանությունն այժմ գործի է դրել ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները։

Օպերացիա «Անապատացում»

Գագիկ Ծառուկյանի խաղից դուրս գալուց հետո նախագահականում շահագրգռված են հնարավորինս մեծ թվով թեկնածուների առաջադրման մեջ, քանզի իրենց պետք է քաղաքական դաշտը մեկ զարկով 2013թ. սկսած ամբողջությամբ անապատի վերածելը։ Սերժ Սարգսյանի ու իր շրջապատի ցանկությունն է անգամ 1–տոկոսանոց քաղաքական դիմադրության հետագայում չհանդիպելը։ Այսինքն՝ մոնոլիտացման ձգտում կա ոչ միայն իշխանական բուրգի, այլ նաև ամբողջ հասարակական–քաղաքական ու տնտեսական սեգմենտների մասով։

Բաղրամյան 26–ում ՀՅԴ–ի ու «Ժառանգության» թեկնածուների առնչությամբ որևէ տագնապ չունեն, և բնականաբար կուզենան, որ նրանք մասնակցեն «ընտրություններին», պարտվեն ու հետո ընդունեն արդյունքները։ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն հասցրել է անուղղակի «մեսիջ» ուղարկել հարկավորներին, որ ինքը պատրաստ է իշխանության աջակցությամբ երկրորդ «պատվավոր» տեղը զբաղեցնել ու հետո շնորհավորել «հաղթած» նախագահին։ Դատելով ամենից՝ ՀՅԴ վերնախավի նեղ շրջանակն էլ դեմ չի լինի նման դերակատարմանը, իհարկե՝ հանուն «ազգային իղձերի»։ Չի բացառվում, որ ՀՅԴ–ն պաշտպանի Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց դրանից իշխանահաճո քաղաքական գործընթացների էությունը չի փոխվի։

Բաղրամյան 26–ում կողմ են նաև, որ տարատեսակ խեղկատակները նույնպես առաջադրվեն և մառազմի վերածեն ընտրարշավ կոչվածը։ «Քյաբաբագետների» առաջադրման ծախսերն, ըստ ամենայնի, «պետպատվերի» շրջանակներում կլինի։

Ուշագրավ է, որ «անկախ» մամուլը և քաղաքական կուլիսներում վխտացող «սրտացավները» փորձում էին խաղի մեջ ներքաշել նաև Վարդան Օսկանյանին և դրդել նրան առաջադրման։ Նրան լրատվամիջոցներով ու այլ ձևերով համոզում էին, թե պետք է ինքնաառաջադրվի ու դառնա քաղաքացիական հասարակության թեկնածուն։ «Ֆեյսբուքում» Օսկանյանին գրեթե «ազգովին խնդրելու» տեսարաններ էին կազմակերպվում. ոմանք անկեղծ էին, իսկ շատերը՝ ուղղորդված։ Իշխանության նպատակներն այդ ուղղությամբ շատ պարզ էին. Օսկանյանի առաջադրմամբ ներսից հարված հասցնել ԲՀԿ–ին, Տեր–Պետրոսյանի հնարավոր առաջադրման դեպքում անհարմար վիճակ ստեղծել երկուսի համար, ինչպես նաև գալիք տարվա փետրվարի 18–ին խայտառակ ցածր տոկոս նկարելով նախկին արտգործնախարարի դիմաց՝ վարկաբեկել նրան,  զրկել հետագայում պայքարելու ներուժից ու դարձնել քաղաքական մարգինալ։ Վ. Օսկանյանը, սակայն, իր երեկվա հայտարարությամբ ցույց տվեց, որ շատ լավ հասկանում է ոմանց իրական նպատակները և չի պատրաստվում կեղծ սրտացավների կոչին ընդառաջ գնալ։

Իշխանության «փողոցային» վախերը

Թվում է, թե Բաղրամյան 26–ում պետք է այլևս ոչ մի լարվածություն չլիներ Ծառուկյանի քայլից հետո, սակայն դա այդպես չէ։ Այնտեղ վախենում են «փողոցային» պայքար մղելու փորձ ունեցող և տիտղոսային ընդդիմության լիդերի կարգավիճակը պահպանած Լևոն Տեր–Պետրոսյանից։

Բաղրամյան 26–ում շատ լավ հասկանում են, որ այս տարվա մայիսին ԲՀԿ–ի ստացած ձայների ճնշող մեծամասնությունը հակաիշխանական տրամադրություններ ունեցող մարդկանց ձայներն են եղել, և Տեր–Պետրոսյանը, համապատասխան ձևով «ռասկաչկայի» տանելու տեխնոլոգիայի օգնությամբ, հանգիստ կարող է վերցնել ամիսներ առաջ մոբիլիզացիայի ենթարկված գրեթե ամբողջ ընդդիմադիր ու այլընտրանքային քվեները։

Իշխանական քաղտեխնոլոգները գիտակցում են, որ ԲՀԿ–ի ընտրազանգվածին իրենք չեն կարողանալու իշխանամետ դարձնել (դա իրենց պետք էլ չէ, քանզի պատրաստվում են Ավանի թիվ 1 մեծամասնական ընտրատարածքում տեղի ունեցած միջոցառման տիպի գործընթացի, երբ «Գազելներով» բերվող հոգեկան հիվանդների մոտ էր քաղաքական գիտակցության կտրուկ աճ արձանագրվել)։ «Քնած» ընտրական միջոցառման համար իշխանությանն անհրաժեշտ է, որ այս տարվա մայիսին ԲՀԿ–ին ձայն տվողները 2013թ. փետրվարին տանը մնան, իսկ դա հնարավոր կլինի, եթե ընդդիմադիր թեկնածուների դերում լինեն «ժառանգության» և ՀՅԴ–ի ներկայացուցիչները, ինչպես նաև խեղկատակներն ու «ատամնատեխնիկ» կանայք։

Այլ իրավիճակ կստեղծվի Տեր–Պետրոսյանի առաջադրման դեպքում։ Իսկ թե ինչ է նշանակում վերահսկել «փողոցն» ու տեր կանգնել ԲՀԿ–ի մոտ կեսմիլիոնանոց ընտրազանգվածին, լրացուցիչ բացատրության կարիք չունի։

Ելնելով վերը նշվածից՝ պարզ է, որ ԲՀԿ–ի ընտրազանգվածին ապատիայի մեջ գցելու և նրան բոյկոտի մղելու միակ տարբերակը Տեր–Պետրոսյանի մասնակցությունն ընտրություններին խոչընդոտելն է։ Մնացած բոլոր թեկնածուների դեպքում ԲՀԿ–ական ձայների տրանսֆորմացիա, մեծ հաշվով, չի սպասվում։ Ավելին, իրական մրցակցության բացակայության դեպքում ԲՀԿ տարածքային ակտիվի մի մասը կարող է անգամ իշխանության թեկնածուի օգտին աշխատել, քանզի բոլորն էլ հասկանում են, որ Րաֆֆին կամ ՀՅԴ–ի «բժիշկ» թեկնածուն դեկորատիվ նշանակություն ունեն։

Եվ այսպես, Սարգսյանը փորձում է ամեն կերպ խուսափել Տեր–Պետրոսյանի հետ մրցապայքարից, քանզի «փողոցն» անկառավարելի է իշխանության կողմից, և բողոքական ընտրազանգվածի ընդվզումն այս անգամ այլ բնույթի կարող է լինել, քան 2008թ., մանավանդ, որ հինգ տարի առաջվա համեմատ երկրի վիճակը զգալիորեն վատացել է և դա ընդունում են անգամ իշխանությունները, ու այդ իսկ պատճառով ուզում «էս գլխից» բացառել իրական մրցակցությունը։ Հետևաբար՝ նրանք, ովքեր դեմ են Տեր–Պետրոսյանի առաջադրմանը և տարբեր փաստարկներ են ներկայացնում նրա չառաջադրման օգտին՝ կամա թե ակամա խաղում են Սերժ Սարգսյանի տիրույթում։ 

Հետաքրքրական է, որ Տեր–Պետրոսյանի չառաջադրվելու օպերացիայի հաջող իրականացման գործին հիմա լծված են բոլոր նրանք, ովքեր նույն ջանասիրությամբ պայքարում էին Ծառուկյանի դեմ և իբր ցավում ՀԱԿ–ի համար։

Ի դեպ, հակալևոնական և պրոսերժական սցենարի իրագործման առաջամարտիկի դերն ստանձնել է ֆորմալ առումով ՀԱԿ–ը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը։

Գագիկ Ծառուկյանի որոշման հաջորդ իսկ օրվանից Նիկոլի «Հայկական ժամանակը» բացահայտորեն աշխատում է Լևոն Տեր–Պետրոսյանի դեմ և «սրտացավորեն» հիմնավորումներ ներկայացնում, թե ինչու պետք է ՀԱԿ առաջնորդը, «պրագմատիկ հաշվարկներից ելնելով», չառաջադրվի։

Քանի կար, «հեղափոխական» Նիկոլը պնդում էր, թե ՀԱԿ–ը պետք է նախագահական ընտրություններում ԲՀԿ–ից անջատ պայքարի և առաջադրի Լևոն Տեր–Պետրոսյանին։ Նա քննադատում էր ՀԱԿ–ի կողմից ԲՀԿ–ի թեկնածուին պաշտպանելու տեսական տարբերակն անգամ և համարում, որ ՀԱԿ–ն այնքան ինքնաբավ կառույց է, որ կարող է միայնակ ու սեփական թեկնածուով դուրս գալ իշխանական մեքենայի դեմ։ Իսկ հիմա, երբ ԲՀԿ–ն մի կողմ է քաշվել, հանկարծ ու Փաշինյանը հիմնավորումներ է ներկայացնում, թե ինչքան ուժեղ է Սերժ Սարգսյանը, և ինչքան ճիշտ կլինի, որ նրա հետ Տեր–Պետրոսյանը մրցակցության չբռնվի, քանզի ՀԱԿ–ը շատ է թուլացել ու չի կարող պայքար մղել։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Փաշինյանը մինչև այժմ «Լևոնից ավելի Լևոն» երևալու ալիբիով էր պայքարում Սարգսյանի համար վտանգ ներկայացնող Ծառուկյանի դեմ։ Այժմ եկել է շատ ավելի բաց խաղալու ժամանակը, քանի որ Ծառուկյանի չառաջադրումը ֆորս–մաժոր առաջացրեց նաև «Նախագահի թեկնածու Ծառուկյանի դեմ աշխատող» գործիչների համար. նրանք զրկվեցին «արմատական լևոնական» խաղալու հնարավորությունից։

«Ես միայն Տեր–Պետրոսյանին եմ տեսնում նախագահի թեկնածու և միայն նա պետք է առաջադրվի»,– մինչև Ծառուկյանի չառաջադրման մասին որոշման կայացումը հակաբարգավաճական իր կեցվածքն էր հիմնավորում «թունդ ընդդիմադիրը» և «սրտացավորեն» քննադատում Տեր–Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը։ Այժմ այդ ալիբին ապահովելու հնարավորություն չկա, և Նիկոլն արդեն բացահայտորեն է դուրս եկել Սերժ Սարգսյանի՝ արդեն միակ իրական հակառակորդի և բողոքական ընտրազանգվածը համախմբելու ներուժ ունեցող Տեր–Պետրոսյանի դեմ։ Իսկ դուք ասում էիք, թե չի կարող պատահել...

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը