Մեկնաբանություն

16.12.2012 16:20


Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի «սենսացիոն» զրույցի մասին

Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի «սենսացիոն» զրույցի մասին

Համացանցում տեղադրվել է Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի գաղտնալսված զրույցը։ Ձայնագրության մեջ առկա աղմուկից ենթադրվում է, որ խոսակցությունը տեղի է ունեցել բացօթյա սրճարանում, այսինքն՝ այնպիսի եղանակային պայմաններում, երբ հնարավոր է դրսում նստելը, այսինքն՝ ամիսներ առաջ։

Իշխանությունները, իրենց արևին, «թույն» կոմպրոմատ են գցել շրջանառության մեջ, բայց լսելով ձայնագրությունը՝ պարզում ես, որ ոչ մի կոմպրոմատ կամ սենսացիոն բացահայտում չկա։ Մանավանդ, որ դրա բովանդակության մասին տեղեկացնող անոնսն իշխանամետ լրատվամիջոցներում դեռևս շաբաթներ առաջ էր տրվել։

Ապօրինաբար գաղտնալսված զրույցից պարզ է դառնում, որ իշխանությունների կողմից տարածվող բոլոր «մուտիլովկաները» սուտ էին, իսկ այն, ինչի մասին խոսել են Զուրաբյանն ու Օսկանյանը, բացառապես տեսական բնույթի է եղել և որևէ կերպ չի հակասել նշյալ գործիչների հրապարակային պահվածքին։

Նիկոլն իշխանության «մարդն» է, իսկ Լևոնը եթե չառաջադրվի, ապա ՀԱԿ–ի թեկնածուն 7-10 տոկոս կհավաքի 

Հիմա գաղտնալսված զրույցի առանձին «սենսացիոն» հատվածների մասին։

Ո՞վ է կասկածում, որ եթե ՀԱԿ–ի թեկնածուն չլինի Լևոն Տեր–Պետրոսյանը, ապա նա կհավաքի առավելագույնը 7-10 տոկոս։

Ո՞վ չգիտեր, որ ՀԱԿ–ն ու ԲՀԿ–ն բանակցում էին նախագահական ընտրություններում համատեղ հանդես գալու թեմայով։

Ո՞ւմ համար պարզ չէր, որ բանակցող կողմերը պետք է սեփական գիծը հիմնավորեին։ Պարզ չէ՞, որ ԲՀԿ–ն կուզենար, որ ՀԱԿ–ն իրենց թեկնածուին պաշտպանի, իսկ ՀԱԿ–ը հակառակը կուզենար։ Ի դեպ, շատ բնական է, որ Զուրաբյանը փորձել է հիմնավորել Օսկանյանին, որ լավ կլինի Տեր–Պետրոսյանով մասնակցել ընտրությանը՝ նշելով, թե ԲՀԿ–ի թեկնածուի դեպքում իշխանությունները դրսից միշիկական լրատվամիջոցներով, իսկ ներսից՝ Նիկոլ Փաշինյանով ու Հրանտ Բագրատյանի էքսցենտրիկությունն օգտագործելով՝ կփորձեն «մոռթել» ՀԱԿ–ին ու ԲՀԿ թեկնածուին։

Ո՞վ չգիտեր, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց իշխանության օգտին է խաղում և ՀԱԿ–ում «ականի» ֆունկցիա է կատարում՝ կեղծ սրտացավություն ցուցաբերելով ՀԱԿ–ի համար և ներսից փորձելով քանդել այդ կառույցը։ Ի դեպ, Ծառուկյանի չառաջադրվելուց հետո Նիկոլի ով լինելն ավելի ցայտուն դարձավ, ու հիմա բոլորին է տեսանելի այն, ինչի մասին Զուրաբյանը խոսել է Օսկանյանի հետ։

Քանի կար, Նիկոլը դեմ էր ԲՀԿ–ի հետ համագործակցությանը և գտնում էր, որ ՀԱԿ–ի թեկնածուն միայն Տեր–Պետրոսյանն է, և նրանով է հնարավոր հաղթանակը։ Իսկ հիմա, երբ Նիկոլի համար ատելի ԲՀԿ–ն չեզոքություն է հայտարարել, նա արդեն բաց է կատարում իր ֆունկցիան։ Թվում է, թե ինքն իրեն հեղափոխական ու ռոմանտիկ ներկայացնող Նիկոլը պետք է ուրախանար Ծառուկյանի չառաջադրվելու փաստից, բայց արի ու տես, որ նա հիմա դարձել է շատ պրագմատիկ ու հիմնավորում է, թե ինչքան ուժեղ է Սերժ Սարգսյանը, և ինչքան ճիշտ կանի Տեր–Պետրոսյանը, եթե գալիք նախագահական ընտրություններում չառաջադրվի։

«7 օրը» շատ վաղուց էր գրում,  որ Նիկոլ Փաշինյանը գեղամյանական դերակատարում ունի, և որ «սութի» հեղափոխական պաթետիզմով ելույթ ունեցող դեմքի տակ իրականում թաքնված է Բաղրամյան 26–ի քաղաքական գործակալը։ Ինչպես ասում են՝ ասողին լսող է պետք։

«Հայկական ժամանակ» թերթի ու դրա ղեկավարի գեղամյանությունը երևաց և՛ Տեր–Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությանը հաջորդած ժամանակահատվածում, և՛ իշխանության սարքած Օսկանյանի «գործի» ժամանակ, և՛ հիմա, երբ Սարգսյանը խնդիր է դրել ամբողջությամբ անապատի վերածել քաղաքական դաշտն ու «մրցել» հայրենասիրական կոմերցիայով զբաղվող Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։

Ուշագրավն այն է, որ անգամ ճղճղան ձայնով է Նիկոլը Գեղամյանին հիշեցնում։ Ինչևէ։

Անցնենք առաջ ու տեսնենք, թե ուրիշ էլ ի՞նչ է բացահայտվել Զուրաբյան–Օսկանյան զրույցի ժամանակ։

Պարզվում է, որ Զուրաբյանը նշել է, թե Հրանտ Բագրատյանն իրենց մարտավարությունը չի ընդունում։ Բայց ո՞վ չգիտի, որ Հրանտ Բագրատյանը դրական չի արտահայտվել ՀԱԿ–ԲՀԿ համագործակցության մասին, և ակնարկել է, որ Լ. Տեր–Պետրոսյանի չառաջադրվելու դեպքում ինքն է առաջադրվելու։ Զուրաբյանն այդ մասին է ասել։ Ի՞նչ կա այստեղ սենսացիոն։

Եվ վերջապես, ո՞վ չգիտի, որ իշխանությունն իր կառույցների, ենթադրաբար՝ ԱԱԾ–ի միջոցով հետևում է բոլոր այն մարդկանց, ումից վտանգ է տեսնում։ Զարմանալի կլիներ, եթե Օսկանյանին կամ Զուրաբյանին չհետևեին։

Զուրաբյան–Օսկանյան զրույցի հրապարակայնացումը և «դավադրությունների տեսության» սիրահարների մառազմատիկ մեկնաբանությունները միայն մի օգուտ տվին ընդդիմադիր դաշտին և դեռևս բանից անտեղյակ ընթերցողներին։ Հերթական անգամ բացահայտվեցին բոլոր այն լրատվամիջոցները, որոնք աշխատում են Բաղրամյան 26–ի տակ ու դրանով իսկ անուղղակիորեն համագործակցում ԱԱԾ–ի հետ։ Ընդ որում՝ ԱԱԾ–ի հետ համագործակցող «ստուկաչներն» ամենաբարձր են հիմա գոռում, թե պետք է ազատել դաշտը սովետառուսական ԱԱԾ–ի ազդեցությունից։

Պետք է արձանագրել, որ «անկախ» լրատվամիջոցները և «անկախ» ֆեյսբուքահայերը, մեկ կենտրոնից եկած հրահանգով, տարածել էին գաղտնալսումը, բայց «չվառվելու» համար իբր քննադատել էին այդ գաղտնալսումը և գեղամյանավարի «կծել» իշխանությանը։

Եվ այսպես՝ հերթական անգամ պայթեցվեցին ու «փչացվեցին» այն ԶԼՄ–ները, որոնք էժանագին «ստուկաչի» դերակատարում են ստանձնել։ Բայց դա իրենց ընտրությունն է։ Որքան էլ փորձեն կեղծ ընդդիմադիր մեկնաբանությունների ուղեկցությամբ տարածել այդ սովորական զրույցը, միևնույն է, չեն կարող թաքցնել իրենց դեմքը։

Մեզ մնում է միայն ասել, որ «անկախ» լրատվամիջոցները և տարատեսակ «Միշիկ.am»–ները Սերժի տակ են և վե՛րջ։ Իրենք «ստուկաչ» են և վե՛րջ։ Իրենք վերջացած լրատվամիջոցներ են և վե՛րջ։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը