Խմբագրական

17.12.2012 17:25


Սերժ Սարգսյանի դեկտեմբերյան թեզիսները (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի դեկտեմբերյան թեզիսները (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի նոր՝ «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսը շատ որոշակի սպառնալիքներ է պարունակում։ Նման եզրակացություն անելու հիմքն այն է, որ իշխող ուժի կողմից վերջին հինգ տարիների ընթացքում հանրությանը հրամցված «Քեզ համար, Հայաստա՛ն», «Առա՛ջ, Հայաստա՛ն» և «Հավատա՛նք, որ փոխե՛նք» կարգախոսների ներքո ապահովվել է Հայաստանի հետընթացն ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքական ոլորտներում։ Կարելի է միայն կռահել, թե ինչ է Հայաստանին ու հայաստանցիներիս սպասում դեպի ապահով Հայաստան գնալու ճանապարհին։

Այժմ եկեք տեսնենք, թե Սերժ Սարգսյանն ինչպիսի գնահատականներ է տալիս ներկա վիճակին և ինչպիսի թեզիսներ է առաջ քաշում բրեժնևյան տարիների համագումարները հիշեցնող միջոցառման ժամանակ։

Ռեակցիոն իշխանության «ալֆան և օմեգան»

1.«Մեր հասարակությունը ցնցվեց տարիներ շարունակ կուտակված հասարակական-քաղաքական անհանդուրժողականության ժայթքումից»,–2008թ. նախագահական ընտրություններն ակնակրկելով՝ նշում է Սերժ Սարգսյանը։ Փաստորեն ստացվում է, որ հասարակությունը ցնցվել ու փողոց է դուրս եկել ոչ թե խայտառակ ընտրակեղծիքների պատճառով, այլ տարիներ շարունակ կուտակված հասարակական–քաղաքական անհանդուրժողականության ժայթքումից։ Այսինքն՝ մարտի 1–ի համար մեղավոր են բոլորը, բացի Սերժ Սարգսյանից։ Ինքը պարզապես ծանր ժառանգություն է ստացած եղել։

2.«Մենք կարողացանք երկիրը դուրս բերել ֆինանսատնտեսական ճգնաժամից: Կարողացանք թեթևացնել փոքր ու միջին ձեռնարկությունների հարկային բեռը։ Կարողացանք անխաթար պահել մեր ֆինանսական համակարգը»։ Եվ սա ասվում է այն դեպքում, երբ ՀՀ–ում գրանցվել է աշխարհի տնտեսական ամենամեծ երկնիշ անկումներից մեկը, և երբ մեկ գիշերվա մեջ դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվեց ավելի քան 25%–ով (դրանից առաջ Տիգրան Սարգսյանը համոզում էր ՀՀ քաղաքացիներին խնայողությունները պահել միայն ՀՀ դրամով)։ Իսկ այն հարցի պատասխանը, թե  փոքր ու միջին ձեռնարկություններից քանիսը փակվեցին հարկային տեռորի պատճառով, լավագույնս արտացոլված է ԱՎԾ հաշվետվություններում և միգրացիոն ծառայության տվյալներում։

3.«Մենք սկսել ենք քայլ առ քայլ դեպի լուսանցք տեղափոխել երկրում տասնամյակներ շարունակ արմատներ ձգած կոռուպցիան ու չարաշահումները»։ Նման դեպքերում ընդունված է ասել՝ «no comment»։

4.«Մենք խրախուսեցինք ու առաջ քաշեցինք երիտասարդ ու կրթված քաղաքական և պետական գործիչների»։ Նախագահը, երևի, նկատի ունի կուսակցությունից կուսակցություն թռած, ՀՀԿ–ի ընդերքում «բուծվող» և իրեն անսահմանորեն քծնող կարիերիստ խունվեյբիններին առաջ քաշելու գործընթացը։

5.«Մենք արմատից մերժեցինք լրագրողների հանդեպ ուժի կիրառման արատավոր պրակտիկան, բացեցինք ողջ լրատվական դաշտը, վերականգնեցինք հեռուստաընկերությունների՝ եթեր ունենալու իրավունքը»։ Մեր ջերմ ողջույնները «Արմնյուզի» եթերում 20  րոպեով «երկխոսացված» «Ա1+» հեռուստաընկերությանը։ Լրատվական դաշտը բացելու մասով դժվար է Սերժ Սարգսյանի հետ չհամաձայնելը, բայց այստեղ կա մի մեծ «բայց»: Բանն  այն է, որ եթե Տեր–Պետրոսյանի ու Քոչարյանի ղեկավարման օրոք կար իշխանամետ ու ընդդիմադիր տրամադրությունների մամուլ և գաղափարական պայքար, ապա այժմ գրեթե բոլոր թերթերն ու կայքերն «անկախի» ու «ընդդիմադիրի» պիտակի տակ ծառայում են Բաղրամյան 26–ին։ Նման պայմաններում, բնականաբար, բռնություններ չեն լինում, քանզի լրատվական դաշտի մեծ մասն իրենց խմբագիրներով ու լրագրողներով պարզապես մանրամեծածախ գներով վաճառվել են իշխանությանը։ Նախագահականում, իրոք, «բաց դռների» քաղաքականություն են վարում։

6.«Մենք պահանջեցինք մեր ոստիկանությունից քաղաքացուն ծառայել նորովի: Ծառայել բարեխղճորեն»։ Ոստիկանության օգնությամբ ձևավորված շրջիկ խմբերի գործունեությունն ԱԺ ընտրությունների ժամանակ ասվածի վառ ապացույցներից է։ Դա, անշու՛շտ, ՀՀ քաղաքացուն նորովի և բարեխղճորեն ծառայելու հաջողված փորձ էր, ինչին, թերևս, ականատես կլինենք նաև գալիք նախագահական ընտրությունների ժամանակ։ Ինչպես ասում են՝ հավատա, որ փոխվես։ 

7.«Հավատացնում եմ ձեզ, որ հայաստանցիների նոր սերունդն անպատժելիության այլևս հանդիպելու է միայն ծնողների հուշերում»։ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկի որդու մասնակցությամբ վերջերս տեղի ունեցած ծեծկռտուքը, որն ավարտվել էր հրազենի կիրառմամաբ, և որի մասին ոստիկանությունում բերանները ջուր են առել, հուշում է մեզ, որ անպատժելիությունը հանդիպելու է ոչ միայն մեր ծնողների, այլ նաև պապերի ու տատերի հուշերում։ Դե իսկ կին գործարարին ապտակած ու ոտքով հարվածած Սյունիքի մարզպես Սուրեն Խաչատրյանի ներկայությունը դահլիճում նստածներին ու հայ ժողովրդին առավելևս համոզեց, որ անպատժելիությունը հաստատ տեղ չի ունենալու վաղվա ապահով Հայաստանում։

8.«Նախորդ հինգ տարիներին մենք ձեզ հետ միասին կարողացել ենք զգալիորեն փոխել մեր երկիրը: Բայց դա իսկապես քիչ է, շատ քիչ է»։ Երկիրը, իրոք, ահագին փոխվել է։ Ցինիզմն ու դեմագոգիան աննկարագրելի չափերի են հասել, բայց վերին օղակներում գիտակցում են, որ դա քիչ է, շատ քիչ է։ Առա՛ջ, Հայաստա՛ն։

9.«Մենք կարողացել ենք Հայաստանը դարձնել գործարարի համար անհամեմատ ավելի գրավիչ ու ներդրումների համար անհամեմատ ավելի հուսալի երկիր»։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ներդրումների ծավալները կրճատվել են 40 տոկոսով, իսկ Հայաստանից կապիտալի արտահոսքը հասել է աննախադեպ չափերի։

10.«Մենք կարողացել ենք Հայաստանը դարձնել մարդու համար անհամեմատ ավելի հարմարավետ ու ապահով երկիր: Շատ ավելին պետք է անենք»։ Հավանաբար այդ անհամեմատ հարմարավետությունն է պատճառ դարձել, որ վերջին հինգ տարում մեր երկրից արտագաղթել է ավելի քան 200 հազ. մարդ։ Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ կլինի, եթե իշխանությունները շատ ավելին անեն, ինչպես որ խոստանում են։ Իսկ նրանք հենց այնպես խոստում տվող չեն։ Եթե ասացին, ուրեմն կանեն։

11.«Մեր բոլոր քայլերն ուղղված են դեպի մարդը: Դեպի հայաստանցին: Մեր բոլոր ջանքերը մարդու համար են: Մեր հայրենակիցների, նրանց բարօրության համար»։ Տե՛ս նախորդ և հաջորդ կետերի մեկնաբանությունները։

12.«Մենք երբեք չենք փորձել նեղ կուսակցական շահ հետապնդել մեր քայլերով»։ Ըստ ամենայնի՝ Սերժ Սարգսյանն ուզեցել է մի փոքր ավելի կուլտուրական ձևով մատուցել «Կուսակցությունը ոհմակ չէ» իր հայտնի ձևակերպումը։

13.«Մեր բազամաթիվ նախաձեռնություններ այսօր արդեն արդյունք են տվել»։ Երևի նկատի ունի իր փեսա Միքայել Մինասյանի գրանցած տպավորիչ արդյունքները կապիտալի առաջանցիկ կուտակման, բիզնեսն ու մեդիադաշտը կենտրոնացնելու ուղղություններով։

14.«Միասին մենք կարողանալու ենք կայացնել այն երկիրը, որը մրցունակ կլինի նաև իր քաղաքացիներին բավարար բարեկեցություն առաջարկելու տեսանկյունից, անիմաստ կդարձնի օտար ափերում վաստակելու որևէ ցանկություն և արժանապատվորեն կկանչի իր զավակներին՝ վերադարձե՛ք ապահով Հայաստան»։ Այս տողերի հեղինակը հաստատ Հրանուշ Հակոբյանը եղած կլինի։ Նա է սիրում «Արի՛ տուն», «Գնա մեռի, արի սիրեմ» և նմանատիպ այլ լոզունգներ հնարել ու հայրենասիրական զգացմունքների վրա խաղալով՝ սփյուռքահայերից փող «կպցնել»։

15.«2015 թվականն ամբողջ աշխարհի հայության՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի և ամբողջ առաջադեմ մարդկության համար լինելու է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման յուրատեսակ հանգրվան: Մենք մեր միասնական ջանքերն ենք ներդնելու ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն էականորեն նոր հարթություն տեղափոխելու գործում` լինի դա միջազգային կառույցների, պետությունների, թե միջազգային հանրության (այդ թվում՝ Թուրքիայի հասարակության) մակարդակով»։ Այս խնդիրը լուծելու համար Սերժ Սարգսյանը ստորագրեց հայ–թուրքական տխրահռչակ արձանագրությունները և այդպիսով համաձայնեց թուրքերի հետ միասին պատմաբանների ենթահանձնաժողովում միջպետական վեճի առարկա (իրականում՝ առևտրի առարկա) դարձնել Հայոց ցեղասպանության հարցը։ Փաստն այն է, որ «ֆուտբոլային» դիվանագիտության հետևանքով գործնականում դադարեցվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, և անհասկանալի է, թե ինչպես է Հայաստանի ստորագրությունն արձանագրությունների վրայից համառորեն հետ չվերցնող այս իշխանությունը ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն էականորեն նոր հարթություն տեղափոխելու։

16.«Ապահով հայրենիքի մյուս կարևորագույն բաղադրիչը արցախյան խնդրի խաղաղ կարգավորումն է: Քննարկման չի ենթարկվում. Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշողը միայն ու միայն Արցախի ժողովուրդն է»։ Եթե չեմ սխալվում, Սերժ Սարգսյանը հարցազրույց էր տվել սիրիական «Ալ Վաթան» թերթին ու հայտարարել, որ ինքը պատրաստ է Ադրբեջանին զիջել Ղարաբաղի հողերը, եթե Ալիևն ընդունի ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը։

17.«Բազմակուսակցական համակարգի զարգացումն ու քաղաքական միավորումների կառուցողական երկխոսությունն ապահով Հայաստանի կարևոր բաղադրիչներն են»։ Եվ սա ասում է մի մարդ, ում օրոք վերականգնվում են միակուսակցական համակարգի ջատագով համայնավարների «բարի» ավանդույթները։

18.«Կայուն և առողջ քաղաքական համակարգը ենթադրում է նաև աջակցություն քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացմանն ու զարգացմանը։ ... Մեր երկրում քաղաքացիական հասարակության կայացումն այլևս փաստ է: Քաղաքացիների ոչ ֆորմալ միավորումները` իրենց հուզող խնդիրները լուծելու համար, դարձել են գործոն` իշխանությունների որոշումների վրա ազդող և յուրօրինակ հավասարակշռող մեխանիզմներ: Մենք շարունակելու ենք առաջ գնալ այս ճանապարհով»։ Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանին դուր է եկել քաղաքացիական հասարակության հետ  «Տարո՛ն ջան, սիրուն չի» մոդելով շփվելը։ Այդ մոդելի շրջանակներում Սերժ Սարգսյանը մի կողմից քաղաքացիական հասարակությանը հնարավորություն է տալիս «տժժալ» Երևանի քաղաքապետի վրա, իսկ մյուս կողմից ԱԺ պատգամավոր է դարձնում նույն քաղաքապետի «անլեզու» աներորդուն։ Եթե կողմերը գոհ են նմանատիպ նվաճումներով, ապա Հայաստանի քաղաքացիական ապագան հուսալի ձեռքերում է։

19.«Քաղաքացին պետք է իրեն ապահով և ինքնավստահ զգա թե՛ փողոցում, թե՛ աշխատավայրում, թե՛ ոստիկանատանը, թե՛ դատարանում»։ Օսկանյանն ու Զուրաբյանը հանգիստ նստած զրուցում էին սրճարանում, բայց պարզվեց, որ փողոցի վրայի սրճարանում զրուցելն ամենևին էլ ապահով չէ, քանզի զրույցն ապօրինաբար գաղտնալսվում է։

20.«Որևէ քաղաքական ուժի, առավել ևս` կառավարող կուսակցության պարտականությունն է նպաստել նոր հայի ձևավորմանը: Նոր հայ, ով հարգում է օրենքները` հաստատ իմանալով, որ իրեն նույնպես հարգում են»։ «Նոր հայ» ձևակերպումը Սարգսյանից լսելիս, չգիտեմ ինչու, իշխանական միջանցքներում վխտացող անհայրենիք ու «ժելեոտած» մազերով ջահելներին հիշեցի։ Ի դեպ, մի ժամանակ բոլշևիկներն էին ուզում նոր՝ սովետական մարդ կերտել Բուլգակովի նկարագրած շարիկովներից։ Ով տեղյակ չէ, թե ինչով ավարտվեց դոկտոր Պրեոբրաժենսկու «շարիկովյան» փորձը, խորհուրդ կտամ կարդալ «Շան սիրտը»։

21.«Հայաստանի և սփյուռքի բոլոր քաղաքական ու հասարակական ուժերը և հատկապես Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այսօր ի թիվս այլ հարցերի, ունեն առաքելություն. թե՛ իրենց ներսում, թե՛ միմյանց միջև համաձայնության գալ երկրում ժողովրդավարության, օրենքի գերակայության և սրանցից բխող մնացած հարցերի շուրջ»։ Թե ինչով են ավարտվում Սարգսյանի պատկերացրած համաձայնությունները՝ կարելի է ճշտել իշխանության հին ու նոր հաճախորդներից (արթուրբաղդասարյաններ, վիկտորդալլաքյաններ, արամսարգսյաններ, արտաշեսգեղամյաններ և այլն)։

Սրանք էին այն հիմնական թեզիսները, որոնք բարձրաձայնվեցին ՀՀԿ համագումարում։

Եվ այսպես, Սարգսյանն այդ թեզիսներով զինված՝ պատրաստվում է վերջնախաղի։

Ակնհայտ է, որ եթե որպես այդ վերջնախաղի արդյունք՝ Հայաստանն առաջնորդվի Սարգսյանի դեկտեմբերյան թեզիսներով, ապա մոտ ապագայում մենք իսկապես կտեսնենք, որ սա Հայաստանն է և վերջ, բայց ասեմ, որ Լեոնիդ Ազգալդյանն այդ նախադասությունն օգտագործելիս հաստատ ուրիշ բան էր պատկերացնում։

Նժդեհի գաղափարներն իրենց վարքագծով արժեզրկեցին, հիմա էլ անցել են մեր մյուս հերոսների ասածներին։

Անդրանիկ Թևանյան

Հ.Գ.։ Նրանք, ովքեր բաց են թողել բարեբաստիկ առիթն ու չեն կարողացել հետևել ՀՀԿ 14–րդ համագումարին, կարող են այդ բացը լրացնել սոցիալիստական մեծ հեղափոխության 60–ամյակին նվիրված «Վրեմյա» ծրագիրը դիտելով։ Տարբերություններն աննշան են։

Այս խորագրի վերջին նյութերը