Մեկնաբանություն

18.12.2012 11:24


ՀՅԴ, մի՛ զիջիր

ՀՅԴ, մի՛ զիջիր

Երեկ ԱԺ–ում էթիկայի հանձնաժաղովի հետ կապված բուռն քննարկումները ցույց տվեցին, որ որքան ՀՅԴ–ն հանդուրժում է ՀՀԿ ղեկավարին և «երկխոսում» նրա հետ, նույնքան չի հանդուրժում շարքային ՀՀԿ–ականներին ու չի պատրաստվում երկխոսության մեջ մտնել նրանց հետ։ Ամոբղջական իշխանափոխություն պահանջող ՀՅԴ ղեկավարությունը մի կողմից խելոք մասնակցում է ՀՀԿ բրեժնևյան համագումարին, իսկ մյուս կողմից՝ պայքարում խորհրդարանի էթիկայի հանձնաժողովում ՀՀԿ–ականների տեղերի ավելացման ու քաղաքական մենաշնորհի դեմ։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Գաղափարական ընդդիմությունը հենց այդպես էլ պետք է գործի՝ գնա Բաղրամյան 26 ու պլատֆորմ քննարկելու անվան տակ PR անի Սերժ Սարգսյանին, ինչպես նաև ղեկավար կազմով մասնակցի Սերժ Սարգսյանին նախագահի թեկնածու առաջադրման համագումարին, բայց դաժան քննադատության ենթարկի ՀՀԿ–ականների օրենսդրական նախաձեռնությունը, որով ծրագրվում է մենաշնորհի ենթարկել ու ձևական մարմնի վերածել էթիկայի հանձնաժողովը։

ՀՅԴ–ականների խորհրդարանական ակտիվությունը բոլորիս համոզեց, որ նրանք, իրոք, կարևորը երկրորդականից տարբերել գիտեն։ Երկրորդականը նրանց համար իշխանափոխությանը, հայ–թուրքական հարաբերություններին և պետական կառավարման համակարգին վերաբերող հարցերն են, իսկ ահա էթիկայի հանձնաժողովի կազմը չափազանց կարևոր հարց է ՀՅԴ–ի համար, և նրանք լեզվակռվի մեջ էին բոլշևիկյան մտածողություն ցուցաբերող ՀՀԿ–ականների հետ։ 

ՀՅԴ–ում, հավանաբար, գտել են, որ էթիկայի հանձնաժողովը մի թեմա է, որի միջոցով կարելի է ռեաբիլիտացվել ու կյանքի կոչել «Նախագա՛հ, մի զիջիր» խիստ ընդդիմադիր կարգախոսը՝ շեշտը դնելով «նախագահ» բառի վրա։ Ինչևէ։

Գաղափարական ընդդիմությունը նաև պետք է անձերի խնդիրը չկարևորի, այլ պետք է կարևորի անձերի հետ փակ պայմանավորվածությունների հասնելը։ Փակ պայմանավորվածությունների հասնելու համար «ծովից ծով» պահանջող ընդդիմությունը պետք է ճիգ գործադրի, որպեսզի կարողանա «լճից լիճ» գործելու հնարավորություն ստանալ։

Օրինակ՝ Սերժ Սարգսյանը չի ընդունում ՀՅԴ–ի պլատֆորմի երկու սկզբունքային կետերը, բայց ՀՅԴ–ում չեն հուսահատվում ու ձեռքերը ծալած չեն նստում։ Հրանտ Մարգարյանը նշում է, որ թեև հանրապետության նախագահը դրական է գնահատում «ֆուտբոլային» դիվանագիտությունը և չի ընդունում խորհրդարանական կառավարման մոդելը, բայց իրենք շարունակելու են հանդիպել ՀՀԿ ղեկավարին և փորձելու են ճիգ գործադրել, որպեսզի համոզեն նրան։

Ճիգը, ինչպես պարզվեց, իր արդյունքը տալիս է. ՀՅԴ ներկայացուցիչները ՕԵԿ–ի հետ միասին մասնակցեցին ՀՀԿ վերջին համագումարին, որի ժամանակ Սերժ Սարգսյանն առաջադրվեց նախագահի թեկնածու։ Եվս մի քանի այդպիսի ճիգ, և ՀՅԴ ղեկավարությունը վերջնականապես կհայտնվի «ճգնավորի» կարգավիճակում։

ՀՅԴ ղեկավար կազմի հետ ամեն ինչ պարզ է։ Հետաքրքիր է, իսկ ի՞նչ են մտածում ՀՅԴ շարքերը։ Ժամանակն է, որ առանձնազրույցներում ՀՅԴ–ական վերնախավից դժգոհող դաշնակցականները հրապարակայնացնեն իրենց տեսակետները։ Այլապես ի՞նչ իմաստ ունի «կաբինետային» դժգոհությունը։

Վաղուց եկել է ՀՅԴ–ում արմատական վերափոխումներ անելու ժամանակը։ Փոփոխություններ պահանջող ուժի հայաստանյան վերնախավն անփոփոխ է արդեն քսան տարի։ Դա էլ իր հերթին բերում է քաղաքական կոռուպցիայի և Բաղրամյան 26–ում ճգնելու երևույթների։

Հիմա ճիշտ ժամանակն է «Նախագա՛հ, մի զիջիր» կոչը վերափոխել «ՀՅԴ, մի՛ զիջիր» կոչի։ Խոսքս, բնականաբար, ուղղված է Դաշնակցության շարքերին, քանզի վերնախավից այլևս սպասելիք չի կարող լինել, որովհետև այդ վերնախավը, չնչին բացառություններով, ամբողջությամբ սպառել է իրեն։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Էթիկայի հանձնաժողովի կազմին վերաբերող ՀՀԿ–ականների օրենսդրական նախաձեռնության ժամանակ Հովիկ Աբրահամյանը բավական անհարգալից տոնով էր խոսում ՀՅԴ–ականների հետ։ Բանը հասավ վիրավորանքների ու սպառնալիքների։ Նկատենք, որ նախկինում Աբրահամյանը նման բան իրեն թույլ չէր տալիս ու չէր էլ կարող թույլ տալ։ Իսկ հիմա թույլ է տալիս, որ քանի որ քաղաքական կուլիսներում տեղի ունեցող գործընթացներից ԱԺ խոսնակը լավատեղյակ է և գիտի, թե ԱԺ–ում իբր դաժան կռիվ տվող ՀՅԴ–ն ինչ կարգավիճակով է «երկխոսում» իշխանության հետ։ Գիտի ու դրա համար էլ համապատասխան վերաբերմունք է ցուցաբերում։

Այս խորագրի վերջին նյութերը