Լրահոս

17.06.2009 18:26


«Գլենդել Հիլզ»-ը տեղեկացնում է, որ Գյումրիի անօթևանների բնակարանաշինությունն ընթանում է լայն թափով

«Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն Գյումրիում իրականացնում է «1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանաշինության պետական ծրագիրը», որի ընթացքի վերաբերյալ այսօր Գյումրիի շինհրապարակում տեղի ունեցավ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վահե Ալմոյանի մամուլի ասուլիսը:

2008 թ. շահելով ՀՀ կառավարության հայտարարած բաց մրցույթը, «Գլենդել Հիլզը» սկսել է իրականացնել ծրագիրը, որի ավարտին Գյումրիում շահագործման կհանձնվի ընդհանուր առմամբ 3030 բնակարան և սպասարկման օբյեկտների տարածքներ: «Ծրագրով նախատեսված է եղել 2300 բնակարանի կառուցում, սակայն նախագծման փուլում ռեսուրսների օպտիմալացման շնորհիվ հնարավոր է դարձել նախատեսել 3030 բնակարանի կառուցում' նույն բյուջեի սահմաններում: Այդ բնակարաններից 1320-ը Մուշ թաղամասում շահագործման կհանձնվեն ավելի վաղ, քան նախատեսված է ծրագրով' այս տարվա վերջին: Կառուցապատման ընդհանուր մակերեսը 210 500 քմ է, որից 204 185-ը բնակելի տարածք է լինելու, իսկ 6 315-ը' սպասարկման նշանակության օբյեկտներ»,- նշեց պարոն Ալմոյանը:

Ծրագրի արժեքը 39 միլիարդ դրամ է. նախատեսված է վճարման 2 ձև, որոնցից կանխիկ վճարման պարագայում ընկերության կողմից տրամադրվում է 10% զեղչ, իսկ արտաքին ֆինանսական ռեսուրսների ներգրավման պարագայում' բյուջետային երաշխիք: Գյումրիում կառուցապատման այս տարվա բյուջեն կազմում է 18'600'000'000 դրամ, որի տրամադրման վերաբերյալ ՀՀ Կառավարությունն արդեն ընդունել է որոշում:

«Գլենդել Հիլզը» նման ծրագիր է իրականացնում նաև Լոռու և Շիրակի մարզերի 36 գյուղական համայնքներում, Սպիտակ քաղաքում. որտեղ շինարարությունն արդեն սկսվել է 2 գյուղական բնակավայրերում և ընթանում են նախապատրաստական աշխատանքներ 6 գյուղական համայնքներում: Արդեն սկսվել են 32 բնակելի տների շինարարական աշխատանքները: Նախատեսվում է կառուցել 536 բնակարաններ, 2047 անհատական բնակելի տներ, սպասարկման օբյեկտներ: Այս տարվա ավարտին շահագործման կհանձնվեն 398 բնակելի տներ:

Այս ծրագրի արժեքն է 42 միլիարդ դրամ, որը նույնպես օպտիմալ ճարտարապետական լուծումների և տրամադրված զեղչերի հաշվին նվազեցվել է մինչև 26'000'000'000 դրամի:

 Կառուցապատումը և ներքին հարդարումն իրականացվում է տեղական արտադրության և արտերկրներից ներմուծված բարձրորակ նյութերով: Շինարարության որակի վերահսկողությունն իրականացվում է ընկերության Երևանյան գրասենյակի բարձրակարգ մասնագետների կողմից: Բացի այդ, որակի համապատասխանությանը և ծրագրի իրականացման ընթացքին խստորեն հետևում է ՀՀ Քաղաքաշինության նախարարությունը:

Ավելի քան երկու ամիս է' Գյումրիում բացվել է ընկերության գրասենյակը, ինչը հեշտացրել է մատակարար ընկերությունների աշխատանքը «Գլենդել Հիլզի» հետ, ինչպես նաև աշխատանքի հայտ ներկայացնողների համար ստեղծել է քաղաքակիրթ պայմաններ և հավաստի աղբյուր' տեղեկություններ ստանալու համար:

Ներկայումս ընթանում են 22 շենքերի շինարարության աշխատանքները (լուսանկարները կցված են): «Գլենդել Հիլզի» Գյումրիի գրասենյակի պատասխանատու Միքայել Ներսիսյանը ներկայացրեց մանրամասներ շինարարության ծավալների մասին: Գյումրիում մեր ընկերության կողմից իրականացվող շինարարության վրա արդեն աշխատում է 600 մարդ: Կապված շինարարության տարբեր փուլերի հետ, աշխատողների քանակը կավելանա և հաշվարկվում է, որ ծրագրի ընթացքում մոտ 1500 մարդ ապահովված կլինի աշխատանքով:

Մոտ 1500 մարդ հերթագրված է և մեր ընկերությունից աշխատանքի առաջարկ է ակնկալում: Դիմողները անցնում են եռօրյա փորձաշրջան, և ընկերության որակի պահանջներին համապատասխանելու դեպքում շարունակում են աշխատանքը, հակառակ դեպքում' նրանց հետ պայմանագիր չի կնքվում և երեք օրվա համար վարձատրվում են սահմանվածի 50 տոկոսի չափով:  Ընկերությունը շինարարներին և այլ մասնագետների աշխատանքի է ընդունում ըստ նախնական հայտերի, ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համաձայն, երաշխավորելով աշխատողների օրինական իրավունքները: Աշխատողները վարձատրվում են այնքան, որքան մեր ընկերության Երևանում իրականացվող կոմերցիոն ծրագրերի վրա աշխատող շինարարները:

Շինանյութերի առաջարկների, ինչպես նաև աշխատանքի ընդունման հայտերն ընդունվում են «Գլենդել Հիլզի» Երևանյան գլխավոր և Գյումրիի գրասենյակներում: Այլ հավասար պայմաններում նախապատվությունը տրվում է Գյումրիում արտադրվող շինանյութին: Ընկերության կողմից շինանյութերի պատվերները տրվում են ըստ անհրաժեշտ քանակների և ըստ շինարարության համապատասխան փուլերի:

 

Ծրագրի արդյունքում' ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ, Կառավարության միջոցներով, «Գլենդել Հիլզի» պրոֆեսիոնալիզմի և գյումրեցի շինարարների աշխատանքի շնորհիվ 2011 թ. առաջին եռամսյակում Գյումրիում շահագործման կհանձնվի միջազգային չափանիշներին համապատասխան 3030 բնակարան' հարակից սպասարկման օբյեկտների տարածքներով:

 

Վ. Ալմոյանի խոսքերով. « «Գլենդել Հիլզը» սոցիալապես պատասխանատու ընկերություն է և այս ծրագիրն իրականացնելով, կոմերցիոն նպատակներ չի հետապնդում և շինարարության ընթացքում ներդնում է նաև իր ֆինանսական ռիսկերը: Ողջունելով Աղետի գոտին վերականգնելու ՀՀ Նախագահի և Կառավարության ջանքերը, «Գլենդել Հիլզը» զեղչեր է նախատեսել շինարարության ծրագրի ֆինանսական մասի համար: Ընկերությունն ինչ-որ առումով համարում է, որ այս ծրագրի հաջող իրականացումը կլինի իր ներդրումը' Աղետի գոտու վերականգնման գործում»:

 Հանրության կետ կապերի և

տեղեկատվության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը