Լրահոս

17.06.2009 18:27


Գյումրեցի շինարարները բողոքում են, որ «Գլենդել հիլզ»-ը չի վճարում ըստ պայմանգրերի

Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վահե Ալմոյանին փոխանցել են շինարարների բողոքները։ Նրանք դժգոհում են ստացած ցածր աշխատավարձից և աշխատավարձերի ուշացումներից։ Սրան ի պատասխան՝ ընկերության պատասխանատուն արձագանքել է. «Անհնար տարբերակ է, ես չեմ կարծում, թե նման դեպք լինի: Մենք լուրջ ընկերություն ենք, և թույլ չենք տա, որ քիչ վճարենք, որպեսզի նման դժգոհություններ լինեն: Եթե խոսքը օրավարձով աշխատող բանվորական ուժի մասին է, ապա իրենք օրական ստանում են 3500 դրամ, և այստեղ ուրևէ խնդիր չկա: Եթե կան անվանական բողոքներ, ներկայացրեք և կհամոզվեք, որ այնտեղ ինչ-որ բան այն չէ, և նման խնդիր չկա»:

Սակայն շինարարության վրա աշխատողներն այլ բանի մասին էին խոսում: Նրանք հրաժարվում են ներկայանալ և հիմնականում ազատ խոսում են միայն այն դեպքում, երբ ղեկավարությունից ներկա մարդ չկա:

Բանվորներից մեկը նշել է, որ թև իրենք արդեն 2 ամիս աշխատում են, սակայն ստացել են ընդհանուր առմամբ 70 հազ. դրամ աշխատավարձ։ «Ամիսը ստացել եմ 30-35 հազ. դրամ աշախատավարձ։ 3 մետր բարձության բետոն եմ լցրել, ասում են՝ աշխատավարձը էսօր կտանք, էգուց կտանք: Փող չենք առնի. էնքան որ մեր Լենինականն է՝ աշխատում ենք»:

Զայրացած մի աշխատող էլ կոչ արեց. «Մի հատ էդ վարչապետին ասեք՝ գա տեսնի, թե ինչ է կատարվում: Մի անգամ եկավ՝ անձրև էր, հեռու կանգնեց, գնաց: Աշխատավարձերը զրո են: Երևանում մի խորանարդ մետր բետոնի լցման համար ստանում են 5000 դրամ, Գյումրիում մեզ տալիս են 2000 դրամ»:

Շինարարներից մեկն էլ ասել է, որ իր աշխատավարձը 55 հազար դրամ է, որից ստացել է միայն 30 հազարը. «20 հազարը մինչև հիմա չեն տվել, ասում են՝ ճգնաժամ է, գումարները քիչ են, շինանյութ ենք առնում: Ամեն օր ասում են՝ էսօր կտանք, վաղը կտանք, ու էդպես շարունակ»:

Շինարարների բողոքները փոխանցեցինք «Գլենդել հիլզ» ընկերության Գյումրիի գրասենյակի ղեկավար Միքայել Ներսիսյանին, ով հետևյալ պատասխանը տվեց.

«Աշխատավարձն ամբողջությամբ վճարվում է: Մասամբ կարող է վճարվել միայն այն դեպքում, երբ պլանավորված աշխատանքները մինչև վերջ չեն ավարտել: Այսինքն, նախատեսված ծավալը չեն ապահովել և գումարն ամբողջությամբ չեն ստանում: Ծավալը կապահովեն՝ կվճարենք: Միայն այդ դեպքում հնարավոր է, որ մասամբ վճարված լինեն»:

Կային նաև աշխատողներ, ովքեր նշում էին, որ իրենք աշխատավարձերը շատ նորմալ են ստանում և որևէ խնդիր չունեն:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը