Մեկնաբանություն

18.12.2012 19:28


Հատուկ հանձնարարությունը և ԱԱԾ–ի իմիջը

Հատուկ հանձնարարությունը և ԱԱԾ–ի իմիջը

Հունգարիայի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո Սերժ Սարգսյանը խորհրդակցություն հրավիրեց, մի լավ բողոքեց «էս անիրավ աշխարհից» ու վերջում Գորիկ Գուրգենիչին խնդրեց մնալ, քանզի «հատուկ հանձնարարություն» ուներ տալու։ Առաջին տպավորությունն այն էր, որ երկրի նախագահը ԱԱԾ ղեկավարին հանձնարարելու է Բաքվում գտնել ու վերացնել ադրբեջանցուն։

Ժամանակը գնում է, բայց «հատուկ հանձնարարության» արձագանքներն այդպես էլ չեն լսվում, սակայն պարզվեց՝ գաղտնալսվում են Բաղրամյան 26-ին անհանգստացնող քաղաքական գործիչների առանձնազրույցները։

Շատերը հիմա կասկածում են, որ Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի զրույցը «ժուչոկապատել» է ԱԱԾ–ն։ Այսինքն՝ հատուկ հանձնարարություն ստացած կառույցի ղեկավարը ոչ թե ՀՀ քաղաքացուն սպանած Սաֆարովով է զբաղվել, այլ Սերժ Սարգսյանին քաղաքականապես վնասելու ներուժ ունեցող մարդկանցով կամ էլ նախագահականում հենց այդպիսի՛ հատուկ հանձնարարություն է ստացել ԱԱԾ ղեկավարը։ Այդպես է դա, թե ոչ, դժվար է պնդել։

ԱԱԾ–ից շտապել են հերքել իրենց կապը գաղտնալսման հետ, բայց դե քանի՞ հոգի հավատաց այդ հերքմանը։ Սա այն դեպքն է, երբ տեղին է նշելը, թե լավ է մարդու աչքը դուրս գա, բայց անունը դուրս չգա։

ԱԱԾ իմիջը սովետական շրջանից է մնացել ու դա է պատճառը, որ այդ կառույցի հանրային լեգիտիմությունը վիճարկվում է և քչերն են հավատում պաշտոնական հերքումներին։ Ասեմ, որ դա այդքան էլ լավ չէ, քանզի հատուկ ծառայություններն անհրաժեշտ կառույցներ են ու լավ կլինի, որ ՀՀ քաղաքացիները համոզված լինեն, որ այդ կառույցը պետության ու քաղաքացիների անվտանգության ապահովմամբ է զբաղված, այլ ոչ թե ՀՀ քաղաքացիներից իշխանության անվտանգության ապահովմամբ։

Ասել, որ ԱԱԾ–ն միակ կառույցն է, որն ունի հանրային լեգիտիմության խնդիր, սխալ կլինի։ Եթե մեզանում ընտրական ինստիտուտները չեն գործում, ապա դելեգիտիմացվում են պետական բոլոր կառույցները։

Տվյալ դեպքի ու դրան հաջորդած մեկնաբանությունների հետ կապված՝ ԱԱԾ–ին (և ոչ միայն ԱԱԾ–ին) պետք է մտահոգի այն հարցը, թե ինչո՞ւ են գրեթե բոլորը կասկածում, որ ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի ներկայացուցիչներին գաղտնալսած կլինի ԱԱԾ–ն։ Մի՞թե դա չի նշանակում, որ ԱԱԾ–ի իմիջը գաղտնալսողի ու գործ սարքողի է, ընդ որում՝ անկախ այն բանից, թե որքանով է այդ իմիջը համապատասխանում իրականությանը։ Սրանք հարցեր են, որոնք պետք է գտնվեն բոլորիս ուշադրության կենտրոնում, այլապես ստիպված կլինենք ապրել տոտալ կերպով գաղտնալսվող Հայաստանում, եթե արդեն իսկ չենք ապրում։

Ինչ վերաբերում է «սենսացիոն» գաղտնալսումը մեկ կենտրոնից եկած հրահանգով տարածած լրատվամիջոցներին, ապա դրանք արժանի են համընդհանուր պարսավանքի և արհամարհանքի, եթե, իհարկե, մենք ուզում ենք առողջ պետություն ունենալ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը