Մեկնաբանություն

19.12.2012 14:22


Կարդացե՛ք, նախանձե՛ք, ես ապահով Հայաստանի քաղաքացի եմ

Կարդացե՛ք, նախանձե՛ք, ես ապահով Հայաստանի քաղաքացի եմ

ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարում Մեծ առաջնորդի ելույթից հետո աշխատավորական կոլեկտիվներից բազմաթիվ նամակներ են ստացվել։ Մարդիկ իրենց հիացմունքն են արտահայտում առ այն, որ վաղը չէ մյուս օրն արդեն ապահով Հայաստան են ունենալու։

Ստորև ձեզ ենք ներկայացնում նոր հայ դառնալու հայտ ներկայացնող Նոր Խաչիկ գյուղի չոբան Գվիդոն Գարսևանյանի սրտից բխած նամակն անապահով Հայաստանից դեպի ապահով Հայաստան գնալու մասին։

Մեր կողմից նկատենք, որ հեղինակն, ակնհայտորեն, իր տողերը գրել է՝ ոգեշնչվելով ոչ միայն անփոխարինելի առաջնորդի խոսքերից, այլ նաև գրող Վլադիմիր Մայակովսկու հայտնի բանաստեղծությունից։

. . .

Սա ապահո՛վ Հայաստան է և վերջ։

Հինը Սաշիկի Հայաստանն էր, իսկ ապահովը՝ փեսաներին առաջ բրդող ու աներձագներին տեղ տվող Հայաստանն է և վերջ։

Սա շրջիկ խմբերով ժողովրդավարություն ապահովող Հայաստան է և վերջ։

Սա «Բենթլի Սամոյի» օրհնած Հայաստան է և վերջ։

Սա մեռելոցների օրերը հիշող և այդ օրերին Ծաղկաձորում տուրիզմը զարգացնող Հայաստան է և վերջ։

Սա «ատկատների» ղադրը իմացող ու դրանց չափը բարձրացնող Հայաստան է և վերջ։

Սա կոռուպցիան քյալլից բռնող Հայաստան է և վերջ։

Սա քարից հաց քամող, իսկ հացից հարկ քամող Հայաստան է և վերջ։

Սա Թուրքիայի հետ ֆուտբոլ խաղացող ու նրանց խփած խղճուկ գոլի վրա հրճվող Հայաստան է և վերջ։

Սա բոլոր քաղաքացիներին գաղտնալսող, իր նորագույն պատմությունը կեղծող, կեղծիքից լիցքեր առնող, բայց նաև կեղծիքների դեմ պայքարողների հնոտիքը վրայից թափող, նոր պատմություն կերտող Հայաստան է և վերջ։

Սա Հայաստանի դեմ վերջնախաղն է և վերջ։

Կարդացե՛ք, նախանձե՛ք, ես ապահով Հայաստանի քաղաքացի եմ։

Պատրաստեց՝ Կարեն Հակոբջանյանը և վերջ

Այս խորագրի վերջին նյութերը