Լրահոս

18.06.2009 09:56


Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար Ալ-Ասադի հայտարարությունը

Սիրիայի և ՀՀ նախագահների համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ նախահագ Սերժ Սարգսյանը ողջունել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ–Ասադին։

-Մեր անկախության ձեռքբերմանը հաջորդող տարիներին հայ-սիրիական բարեկամությունը նոր որակ և բովանդակություն է ստացել: Մերձավորարևելյան տարածաշրջանի երկրների և հատկապես Սիրիայի հետ հարաբերությունների զարգացումը եղել է մեր երկրի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը: Հայաստանն ու Սիրիան սերտ համագործակցություն են ծավալում քաղաքական ասպարեզում, մասնավորապես միջազգային կառույցներում: Սակայն լուրջ քայլերի անհրաժեշտություն կա առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Այստեղ, չնայած առկա խնդիրներին, մենք պատրաստ ենք ջանքեր գործադրել համագործակցությանը նպաստող առանցքային խնդիրները լուծելու համար: Դրան կօժանդակի վաղը Երևանում բացվող հայ-սիրիական գործարար համաժողովը: Պայմանավորվածություններ կան նաև տրանսպորտային հաղորդակցության, հատկապես ցամաքային տրանսպորտի բնագավառում համագործակցության առումով: Այսօր նաև ստորագրվեցին երկկողմ համագործակցության զարգացմանը նպաստող մի շարք փաստաթղթեր: Դրանցից հատկապես կառանձնացնեի ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը, որը երկու կողմերի միջև առևտրատնտեսական համագործակցությանը նպաստող առանցքային պայմանագրերից է: Ոչ պակաս կարևոր են նաև հումանիտար ոլորտին առնչվող փաստաթղթերը: Վերադառնալով մեր այսօրվա հանդիպմանը՝ նշեմ, որ պարոն Նախագահի հետ անկեղծ և լիակատար փոխըմբռնման մթնոլորտում քննարկեցինք երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային խնդիրներ: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ քննարկված բոլոր խնդիրների առնչությամբ կողմերի միջև առկա է լիակատար փոխըմբռնում: Մենք նաև պայամանավորվեցինք շարունակել բարձր մակարդակի շփումներն ու քննարկումները: Մեկ անգամ ևս ողջունում եմ Նախագահ Ալ-Ասադի այցը Հայաստան՝ այն գնահատելով որպես բարեկամ երկրի նախագահի պատմական այց: Պարոն Նախագահ, բարո'վ եք եկել,-ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 Իսկ Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար Ալ-Ասադն էլ ասել է. «Երկու ժողովուրդներն էլ անցյալ դարերում անցել են դժվարին ճանապարհներ, և այդ դժվարություններն օգնել են, որպեսզի նրանք միասին լինեն՝  հաղթահարելու այդ դժվարությունները: Կարող եմ ասել, որ ամուր հիմք կա այս հարաբերությունների համար, և մենք այսօրվա մեր հանդիպումներում և գալիք հանդիպումներում պետք է կարողանանք շարժվել ավելի լավ և ավելի արագ: Դրա համար էլ իմ հանդիպումը պարոն Սարգսյանի հետ հարուստ էր իր բովանդակությամբ: Անդրադարձանք շատ հարցերի, որոնք կապված էին Մերձավոր և Միջին Արևելքին, Կովկասին, Միջին Ասիային:

Մենք Սիրիայում շատ գոհունակությամբ ընդունեցինք այն քայլերը, որոնք ուղղված են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Եվ ես պարոն նախագահ Սարգսյանին հայտնեցի իմ կարծիքը, որ մենք պատրաստ ենք օգնելու, որպեսզի այդ հարաբերություններն առաջ շարժվեն՝ նաև ելնելով այն հանգամանքից, որ սերտ հարաբերություններ գոյություն ունեն Սիրիայի և Հայաստանի միջև մի կողմից և մյուս կողմից՝ Սիրիայի և Թուրքիայի միջև:

Պարոն նախագահ Սարգսյանի կարծիքը լսեցի նաև Ղարաբաղի հարցի վերաբերյալ: Իհարկե, հարցը շատ խրթին է, բայց մենք կցանկանանք, որ այն ավելի չբարդանանա, որովհետև մենք Մերձավոր Արևելքում մեր փորձից ելնելով՝ տեսնում ենք, որ, ավաղ, հարցն ավելի է բարդանում և դրա լուծումը ավելի է դժվարանում: Ես պարոն Նախագահի կարծիքը ցանկացա իմանալ այդ հարցի շուրջ, որովհետև եկող ամսին այցելելու եմ Ադրբեջան և նախքան գնալը կուզենայի իմանալ կոնկրետ մանրամասնությունները:

Ներկայացրի նաև մեր տեսակետները՝ կապված մերձավորարևելյան խաղաղության երկարատև գործընթացի հետ: Ես ասացի պարոն նախագահ Սերժ Սարգսյանին, որ այսօր իսրայելցի գործընկեր չկա, որը կարող է նստել խաղաղության սեղանի շուրջ: Եվ մենք մոտ ապագայում չենք տեսնում այնդպիսի գործընկեր, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դադարեցնենք խաղաղության գործընթացը: Երբ այդպիսի գործընկեր իրոք լինի, ապա խաղաղության գործընթացը առաջ կընթանա: Երբ մենք խոսում ենք խաղաղության մասին, մենք չենք կարող անտեսել պաղեստինցիների հարցը եւ հատկապես այն տառապանքը, որ կրում է պաղեստինցի ժողովուրդը Գազայում, այն դժվարին վիճակը, որ գոյություն ունի այնտեղ, որտեղ ապրուստի ոչ մի հնարավորություն չկա, որը հանգեցնում է երեխաների մահվան: Այս ամենը բացասական հետք է թողնում գործընթացի վրա:

Պարոն Նախագահ Սարգսյանը մանրամասն խոսեց մեր երկկողմ հարաբերությունների մասին, այդ պատճառով ես նորից չեմ անդրադառնա դրանց: Իհարկե, այսօր երեկոյան մենք առիթ կունենանք շարունակելու մեր զրույցը հայ-սիրիական հարաբերությունների մասին»։

Այս խորագրի վերջին նյութերը