Մեկնաբանություն

20.12.2012 17:07


Շվոնդերական Հայաստան

Շվոնդերական Հայաստան

Քաղաքագիտական հայտնի կանոնի համաձայն՝ իշխանությունն այլասերում է մարդուն, իսկ բացարձակ իշխանությունը բացարձակ ձևով է այլասերում մարդուն։

Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ «Դեպի արդար Հայաստան» կարգախոսի ներքո իրականում «Դեպի շվոնդերական Հայաստան» ծրագիրն է իրականացվում։ Մենք այժմ ականատեսն ենք դառնում բացարձակ այլասերված հասարակական հարաբերությունների ձևավորման։ Դրա առաջին նախանշաններն արդեն կան։

Անկախ ու ընդդիմադիր հայացքների տեր ներկայացնող լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցում վխտացող դեմքերը, ովքեր խոսում են քաղաքացիական արժեքներից, ժողովրդավարությունից ու լյուստրացիաներից, վերածվել են իրենց «չսիրած» ԿԳԲ–ի «ստուկաչների» ու «դանոսչիկների», իսկ ինչպես երեկ պարզվեց` նաև պռովակատորների։ Ինչ է սա, եթե ոչ այլասերվածություն և փարիսեցիություն։

Դատելով քաղաքական, հասարակական ու լրատվական դաշտում ոմանց գործունեությունից՝ կարող ենք ասել, որ իշխանությունը շվոնդերների թիմ է ձևավորել, թիմ, որին քսի են տալիս ում դեմ որ պետք է, և որին կերակրելու գինն ահագնացող արտագաղթն ու Հայաստանի թուլացումն է։

Օսկանյանի ու Զուրաբյանի առանձնազրույցը մեկ կենտրոնից եկած հրահանգով տարածողները, «ընդդիմադիր» դիրքերից Սարգսյանի համար գեղամյանություն անողները և փարիսեցիաբար լյուստրացիայից խոսողներն իշխանության ձեռքում գործիքի են վերածվել և պայքարում են հանուն կլանաօլիգարխիկ համակարգի բյուրեղացման ու ընդդեմ հասարակության։

Նողկալին այն է, որ Բաղրամյան 26–ի տակ աշխատող լրատվամիջոցների ներկայացուցիչներն իրենց այդ վարքագիծն արդարացնում են «Եթե երկրում ստեղծված է առուծախի մթնոլորտ, ապա մենք ումից ենք պակաս» սկզբունքով։

Թե ինչի կարող է հանգեցնել այսպիսի այլասերվածությունը, դժվար չէ կռահել։ Հայաստանը չի դիմանա կեղծ արժեքների տարածմանն ու իշխանության ամբողջատիրական ձգտումներին։ Հետևաբար՝ նրանք, ովքեր հիացած են Սարգսյանի նոր կարգախոսով և հավանել են նրա ելույթը, և նրանք, ովքեր ԶԼՄ–ները վերածել են զանգվածային մանիպուլյացիայի միջոցի, ոչ պակաս պատասխանատվություն են կրում ներկա վիճակի համար և արժանի են ոչ պակաս քննադատության, քան դեպի շվոնդերական Հայաստան տանող «մեծ» առաջնորդը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը