Մեկնաբանություն

21.12.2012 14:10


Մհերի հակառակորդներն ու Սաշիկի վկաները

Մհերի հակառակորդներն ու Սաշիկի վկաները

ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի պահվածքը «ֆեյսբուքում» հանրահավաքային ալիք բարձրացրեց։  Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լրագրող Մհեր Արշակյանի համար, բացի անկեղծ վրդովվածներից, «դոշ» էին տալիս ու բոցաշունչ տեքստեր գրում նաև հայտնի շրջանակների շահերը ներկայացնող «վրդովվածները»՝ կարող ենք ասել, որ «ֆեյսբուքային հանրահավաքն» արտոնված էր։ Իսկ երբ հակաթոխմախյան հանրահավաքին միացան նաև ՀՀԿ–ի շվոնդերական հատվածը ներկայացնող Էդուարդ Շարմազանովը և Մարգարիտ Եսայանը՝ «Մենք բոլորս Մհեր ենք, մենք բոլորս լրագրող ենք» տարբերակով, պարզ դարձավ, որ «հանրահավքը» ոչ միայն արտոնված, այլ նաև խրախուսված է։

Իհարկե լավ է, որ լրագրողները, քաղաքացիականության ջատագով ներկայացող ֆեյսբուքահայերի մի մասը և նրանց միացած ՀՀԿ–ի առաջադեմ զանգվածները բողոքում են տարիքով փոքր Մհերին սպառնացող տարիքով մեծ Մհերի վարքի դեմ, բայց վատ է, որ նույն այդ մարդիկ ծպտուն անգամ չհանեցին, երբ, օրինակ Սաշիկ Սարգսյանի որդին ու իր ընկերները ոչ միայն ծնոտ պոկելով սպառնացին,  այլև անցան կոնկրետ գործողությունների՝  մեկին ոտքից, իսկ մյուսին՝ գլխից հրազենային վնասվածք հասցնելով։ Բա ո՞ւր մնաց «միտինգավորների» սկզբունքայնությունը։ Այդ ինչպե՞ս է պատահում, որ «հակաօլիգարխիկ» պայքարի կողմնակիցների ու ՀՀԿ ղեկավարի անձնական շահը միշտ համընկնում է ու միշտ անտեսվում է հանրային շահը։ 

Եթե Մհեր Սեդրակյանին կարգի հրավիրելու համար դիմում է գրվում ԱԺ նախագահին, ապա Սաշիկ Սարգսյանի որդուն կարգի հրավիրելու համար պետք է նամակ գրվի արդեն Սերժ Սարգսյանին, բայց այդպիսի բան տեղի չի ունենում։ Ավելին՝ «անկախ» լրատվամիջոցները, նրանց ֆեյսբուքյան գործընկերները և իրավապահները չտեսնելու են տալիս Սաշիկի հետ կապված պատմությունը։ Իսկ դա նշանակում է, որ համապատասխան հիմնարկից չեն արտոնել Սաշիկի դեմ հանրահավաքը և վերջ։

Մհեր Արշակյանին, անշո՛ւշտ, պետք է պաշտպանել, բայց նաև չպետք է հատվածական սկզբունքայնություն ցուցաբերել՝ մի դեպքում դառնալով Մհեր Սեդրակյանի հակառակորդը, իսկ մյուս դեպքում՝ Սաշիկի վկան։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Ռուբեն Հայրապետյանը, հայտնի դեպքերից հետո, հրաժարվեց պատգամավորական մանդատից։ Սպանված բժշկի ընտանիքին դա, իհարկե, ոչինչ չտվեց, բայց փոխարենը տվեց նախագահին, ով հնարավորություն ստացավ հանրությանը ներկայանալ որպես անհանդուրժելի երևույթների դեմ պայքարող մարտիկ, և ում նպատակը, իբր, վատ պատգամավորներին լավ պատգամավորներով փոխարինելն է։

Ժամանակը, սակայն, ցույց տվեց, որ այդ ամենը իշխանության հերթական բլեֆն է, քանզի «Հարսնաքարի» տիրոջ փոխարեն պատգամավոր նշանակվեց «անտեսանելի մարդը»՝ նշանակովի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին։ Այսինքն՝ Ռուբենի դեմ պայքարի արդյունքում ԱԺ–ում հայտնվեց «անլեզու» Ռոբերտը։ Եթե նման մի բան սպասվում է նաև Մհերի դեմ պայքարի արդյունքում, ապա դա լրիվ տեղավորվում է «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու խիստ «հակաօլիգախիիկ» ծրագրի և «կադրային բարեփոխում վերևից՝ ներքևի պահանջով» դեմագոգիկ գործընթացի մեջ։ Եթե «քաղաքացիական» հասարակությունը Սերժ Սարգսյանից նմանատիպ «բարեփոխումների» ակնկալիք ունի, ապա ապահով Հայաստանի մասին հնչեցված սպառնալիքն անհիմն չէ։

Հ.Գ.-2։ Տեսնես այս անգամ ո՞ւմ աներորդու բախտն է բացվելու, եթե, իհարկե, նախագահին հաջողվի «Սիրո՛ւն չի» ներկայացման երրորդ արարն ապահովել։

Այս խորագրի վերջին նյութերը