Մեկնաբանություն

22.12.2012 12:52


«Հակաօլիգարխիկ» պայքարի զոհերը

«Հակաօլիգարխիկ» պայքարի զոհերը

Նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանի հնարավոր մասնակցությունը բերել էր քաղաքական, լրատվական ու նույնիսկ քաղաքացիական կոչված դաշտում տասնյակ, ես կասեի նույնիսկ՝ հարյուրավոր աշխատատեղերի ստեղծման։ Իսկ երբ Լևոն Տեր–Պետրոսյանը հանդես եկավ իր քաղաքագիտական վերլուծությամբ՝ «աշխատաշուկայում» հաճախորդների պահանջարկը գերազանցեց առաջարկին՝ բերելով նրանց գների բարձրացմանը։

Բաղրամյան 26–ում հատկապես անհանգստացած էին «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափից, որն իր արդյունավետությունն էր ցույց տվել Իջևանի քաղաքապետի ընտրություններում։ Այդ անհանգստությունն էր պատճառը, որ խնդիր դրվեց «հակաօլիգարխիկ» պայքարի քողի տակ տոնավաճառի վերածել քաղաքական դաշտը։

Պետք է արձանագրել, որ «երկխոսացման» ենթարկվեցին գրեթե բոլորը՝ լրագրողներից մինչև քաղաքական գործիչներ, խմբագիրներից մինչև հարյուրամյա կուսակցության ղեկավարներ, բոցաշունչ հեղափոխականներից մինչև Լևոնի վկաներ, խռխռացող ձայնով «թույն տնտեսագետներից» մինչև անհայտ կուսակցությունների անհայտ ղեկավարներ։

Մի խոսքով տեղի ունեցավ քաղաքական կոռուպցիայի աննախադեպ դրսևորում։ Եթե նախկինում առանձին անհատներ էին դառնում հաճախորդներ (Արտաշես Գեղամյան, Արթուր Բաղդասարյան), ապա վեջին մեկուկես տարվա ընթացքում ծախվածությունը կրեց գրեթե համատարած բնույթ։ Միայն հատուկենտ լրատվամիջոցներ ու քաղաքական դաշտի առանձին ներկայացուցիչներ չգնացին գործարքի։ Մնացածը տրվեցին Բաղրամյան 26–ին այնպես, ինչպես փողոցային «թիթեռնիկներն» են տրվում փողատեր հաճախորդներին։

 «Շինդլերի» ցուցակը

«Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափից առաջինը պոկվեց «Ժառանգությունը», որին ԱԺ ընտրությունների նախաշեմին իշխանության քավորությամբ միացրեցին «Ազատ դեմոկրատներ» կոչված քաղաքական խմբակին և պարացրեցին սարերի ֆոնին։

Սարերի քամուց քշված Րաֆֆի Հովհաննիսյանը հաճույքով մտավ այդ խաղի մեջ՝ մտածելով, թե ինքն այնքան «շուստրի» է, որ կկարողանա սատանի մայլում քյանդրբազություն անել։ Կյանքը, սակայն, ցույց տվեց, որ Րաֆֆին զրկվեց անգամ հինգ հոգուց բաղկացած խմբակցություն ղեկավարելու հնարավորությունից, իսկ «Ժառանգություն» խմբակցությունն ընդամենը անվանական կապ ունի «Ժառանգություն» կուսակցության հետ։ «Ժառանգություն» կուսակցությունն էլ իր հերթին զրկվեց մարդու իրավունքների համար պայքարողի իմիջից՝ վերածվելով Սերժ Սարգսյանի համար գեղամյանություն անող կանտոռայի։

«Ժառանգությունն» ու դրա առաջնորդ Րաֆֆին, իհարկե, այն միավորը չէին, որ կարողանային ազդել քաղաքական զարգացման տրամաբանության վրա։ Դա հասկացան նաև նախագահականում և լայնամասշտաբ հարձակման անցան։

ԲՀԿ–ի դեմ տոտալ քարոզչություն էր իրականացվում, իսկ ՀՅԴ–ի վերնախավի հետ, ինչպես վերջերս պարզվեց, սկսվել էր «երկխոսության» գործընթաց, որը հրապարակայնացվեց օրերս։

Ուշագրավն այն է, որ հակաիշխանական ոգով ներծծված համաժողով կազմակերպելու հաջորդ օրը ՀՅԴ–ականներ Հրանտ Մարգարյանն ու Արմեն Ռուստամյանը, հակառակ քաղաքական տրամաբանության, գնացին Բաղրամյան 26 ու Սերժ Սարգսյանի հետ սկսեցին քնարկել մի պլատֆորմ, որի փիլիսոփայությունն ամբողջությամբ հակասում է ներկայումս վարվող կուրսին։ Այդպիսով պարզ դարձավ, որ ՀՅԴ–ի համար պլատֆորմն ու այնտեղ արտացոլված մոտեցումներն առևտրի առարկա են, այլ ոչ թե քաղաքական սկզբունքի դրսևորում։ Հակառակ դեպքում ի՞նչ իմաստ ուներ պլատֆորմը քննարկել մեկի հոտ, ով հակառակ գծի ճարտարապետն ու իրականացնողն է։

Քաղաքական տրամաբանության մեջ չէր տեղավորվում նաև այն հայտարարությունը, թե ՀՅԴ–ն շարունակելու է նախագահի հետ հանդիպումներն ու ճիգի գործադրումը։ Ժամանակը ցույց տվեց, որ այդ ճիգն այլ թեմայով էր գործադրվել։ ՀՅԴ ղեկավարության «խնդիրները», թերևս, կարգավորվել էին այդ ճիգի արդյունքում, ինչի դիմաց նրանք պարտավորվել էին որևէ պարագայում չմիանալ ԲՀԿ–ին և պարտաճանաչ աշակերտի պես մասնակցել ՀՀԿ համագումարին ու հիացական գնահատականներ տալ նախագահի ելույթին։ Այդպես էլ եղավ։

Ինչ վերաբերում է ՀԱԿ–ին, ապա այդ կառույցի դեմ քարոզչություն իրականացնելուց զատ կիրառվում էր նաև քայքայիչ մեթոդը։ Հերթով «երկխոսացվում» էին Կոնգրեսի մաս կազմող անհատներն ու կազմակերպությունները։ Մերձկոնգրեսական ու ներկոնգրեսական տիրույթը վերածվել էր մեծ բորսայի։ Իշխանությունները հոլանդական աճուրդով գնում էին նրանց, ովքեր կարող էին ՀԱԿ–ԲՀԿ հնարավոր համագործակցությունը քննադատող նախադասություններ արտասանել։

Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության գործին տարբեր կոդերով լծվեցին նախկին ու ներկա մի շարք ՀԱԿ–ականներ։ Առաջամարտիկներն այս գործում Դավիթ Շահնազարյանն ու Արամ Սարգսյանն էին։ Վերջիններիս հետ նույն նավակում էին հայտնվել նաև Նիկոլ Փաշինյանը, Պետրոս Մակեյանը, Սոս Գիմիշյանը, Գառնիկ Մարգարյանը և էլի ուրիշ մանր–մունր դեմքեր։ Նշյալ մարդկանցից ամեն մեկը մի գիծ էր բռնել, բայց բոլորին միավորում էր Սերժ Սարգսյանին ծառայելու գիծը։

Ծառուկյանից «քաշվածները»

Այժմ, երբ արդեն հայտնի է, որ Ծառուկյանը քաղաքական առումով անհեռատես քայլ կատարեց ու որոշեց չմասնակցել նախագահական ընտրություններին, քաղաքական շուկայում նկատվում է գործազրկության շեշտակի աճ և գների կտրուկ անկում։  Ասել է թե՝ Ծառուկյանը «քաշեց» ոչ միայն ինքն իրեն, այլ նաև նախագահականի հաստիքացուցակով իր դեմ աշխատող մարդկանց։

Բանն այն է, որ Ծառուկյանի խաղից դուրս գալուց հետո  Սերժ Սարգսյանն այլևս րաֆֆիների ու մյուսների կարիքը չունի։ Դա է պատճառը, որ Դավիթ Շահնազարյանն արդեն ուղիղ տեքստով է պաշտպանում ու քծնում Սերժ Սարգսյանին՝ փորձելով որևէ փոխհատուցում ստանալ իր արածների դիմաց, իսկ ահա հեղափոխական հռետորաբանություն կիրառած ու փողոցը գրավելու խոստում տված, բայց իրականում ԲՀԿ–ի դեմ «դհոլություն» անելու համար ՀԱԿ–ից դուրս բերված Արամ Սարգսյանը Ծառուկյանի չառաջադրվելուց հետո ստիպված որոշեց ինքն էլ չառաջադրվել։ 

Քաղաքական «աշխատաշուկայում» առաջարկի ու պահանջարկի կորերի հատման կետի կտրուկ փոփոխությունը հուշում է, որ Սերժ Սարգսյանն այլևս չի հանդիպի ՀՅԴ–ի հետ (համենայնդեպս՝ հրապարակավ) և չի քննարկի պլատֆորմի մյուս կետերը, քանզի մեկ այլ պլատֆորմ նա ՀՅԴ ղեկավարության հետ արդեն իսկ քննարկել ու համաձայնության հասել է։ Ասել է թե՝ Հրանտ Մարգարյանի այն խոսքերը, թե իրենք էլի են հանդիպելու Սարգսյանին, որպեսզի ճիգ գործադրեն, կմնա լոկ որպես ցանկություն։ Իհարկե չի բացառվում, որ դեկտեմբերի 8–ի հանդիպման ժամանակ Սարգսյանն ու դաշնակցականները պայմանավորվել էին կրկին հանդիպել, և դա էր  Մարգարյանին հիմք տալիս հայտարարելու, թե կրկին հանդիպելու են Սարգսյանին, բայց հիմա քաղաքական իրավիճակը փոխվել է, և ՀՀԿ ղեկավարն այլևս չունի ՀՅԴ–ի հետ հանդիպման կարիք։ Այնպես որ, Մարգարյանը Սարգսյանին մյուս անգամ, երևի, կհանդիպի ՀՀԿ–ի մյուս միջոցառման ժամանակ (եթե հրավիրեն)։ Դժվար է ասել, թե այդ ընթացքում ՀՅԴ–ականներին կհաջողվի՞ արդյոք պլատֆորմի կետերի մասին հիշեցնել Սերժին, թե՞ ոչ, բայց դա արդեն որևէ մեկին չի հետաքրքրում։

. . .

Այսպիսին էր «հակաօլիգարխիկ» պայքարի առաջին զոհերի անցած ուղին։ Թե ինչ կունենանք դրանից հետո, ժամանակը ցույց կտա։ Մեկ բան ակնհայտ է. համարյա բացարձակ այլասերված քաղաքական, հասարակական ու լրատվական դաշտով բացարձակ այլասերված իշխանություն պահելու ռեսուրս Հայաստանը չունի։ Եթե հզոր Հռոմեական կայսրությունը կամ ռեսուրսաշատ ՍՍՀՄ–ը չդիմացան բացարձակ ցինիզմին ու այլասերվածությանը, ապա թշնամական երկրներով շրջապատված փոքրիկ Հայաստանն ինչպե՞ս է պահպանելու իր գոյությունը։ 

Սերժ Սարգսյանն այժմ Ադրբեջանի ու Հայաստանի արանքից հանեց մեր հասարակությանն իր վերնախավով հանդերձ՝ մնալով հարևանի զինուժի դեմ մեն–մենակ։ Ամեն ինչ այդքան էլ վատ չէր լինի, եթե չլիներ այն հանգամանքը, որ Ալիևին Սերժը հաստատ չի կարող առնել, ինչպես որ առավ Հայաստանի «արևմտամետներին» ու «ռուսամետներին», «հեղափոխականներին» ու հակահեղափոխականներին, «Եվրասիականներին» ու թուրքմենբաշիստներին, «անկախ» ու «ազատ» լրատվամիջոցներին։

Ծախված վերնախավով Հայաստանն ինչպե՞ս է պահելու Ղարաբաղն ու ինչպե՞ս է նորմալ պետություն կառուցելու։ Սրանք ամենևին էլ հռետորական հարցեր չեն։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը