Մեկնաբանություն

24.12.2012 19:00


Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը դարձել արթուրբաղդասարյանների սիրելին (տեսանյութ)

Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը դարձել արթուրբաղդասարյանների սիրելին (տեսանյութ)

Քաղաքական լրատվությանը հետևողները նկատած կլինեն, որ իշխանությանը կցված նախկին ընդդիմադիրներն ու պատեհապաշտները սկսել են հղումներ անել Նիկոլ Փաշինյանին ու որպես Լևոն Տեր–Պետրոսյանից տուժած մարդու ներկայացնել նրան։

Առաջին հայացքից դա անտրամաբանական է թվում, քանզի ինչպե՞ս կարող են Սերժ Սարգսյանին անվերապահորեն ծառայող Արթուր  Բաղդասարյանը կամ, ասենք, Խոսրով Հարությունյանը դրական գնահատել մեկին, ով համարվում էր իշխանության դեմ ելած ամենաթունդ ընդդիմադիր գործիչը, «1+1+1+…» գերռոմանտիկ կարգախոսի հեղինակն ու «1 միլիոն մարդ հրապարակում և 24 ժամ իշխանություններին» գերհեղափոխական ծրագրի ջատագովը։

Նիկոլ Փաշինյանը համարվում էր նաև 2008–ի հակաիշխանական պայքարի գլխավոր շեփորահարը, ով որևէ կոմպրոմիսի գնալու դաժան քննադատներից էր։

Ժամանակը, սակայն, նոր իրողություններ առաջ բերեց։

Իշխանության հետ ՀԱԿ երկխոսության արդյունքում կալանավայրից ազատ արձակված Նիկոլի մոտ այսպես կոչված ռոմանտիզմը փոխարինվեց այսպես կոչված պրագմատիզմով, իսկ «Հայկական ժամանակն» սկսեց «տակից» աշխատել իշխանության օգտին և իշխանության բոլոր ընդդիմախոսների, այդ թվում՝ ՀԱԿ–ի դեմ։ Բոլորն են հիշում, թե ինչպես էր Փաշինյանը «գաղափարական» հիմնավորում տալիս Վարդան Օսկանյանի դեմ ներկայացված Աղվան Հովսեփյանի միջնորդությանը, ինչպես նաև տարբեր թեմաներով սինխրոն աշխատում մյուս «անկախ» լրատվամիջոցների հետ։

Այդքանից հետո բնական է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է դառնար արթուրբաղդասարյանների սիրելին, քանզի վարքաբեկված գործիչները շանս տեսան «Եթե Նիկոլի պես հեղափոխականն է իշխանության գծի մեջ հայտնվել, ապա մեզանից ի՞նչ եք ուզում» թեմայով ռեաբիլիտացվելու։ Ասել է թե՝ Նիկոլին դրական լույսի ներկայացնելով՝ պատեհապաշտները փորձում են զուգահեռներ անցկացնել իրենց ու Նիկոլի այժմյան պահվածքի միջև և հետին թվով արդարացնել սեփական «պրագմատիզմը»։ Ուրիշ պատճառ պետք չէ փնտրել այս պատմության մեջ։

Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանը և Արթուր Բաղդասարյանը ՕԵԿ համագումարից հետո տեղեկատվական դաշտում անցան փոխհրաձգության, թող կրկին անտրամաբանական չթվա։

Եթե հիշում եք, 2006թ., երբ ՕԵԿ–ը լքեց իշխող կոալիցիան ու դարձավ ընդդիմություն, նման մի փոխհրաձգություն տեղի ունեցավ Արտաշես Գեղամյանի ու Արթուր Բաղդասարյանի միջև (տե՛ս կից տեսանյութը)։ Թե ինչով ավարտվեց այդ փոխհրաձգությունն ու ի վերջո որտեղ հայտնվեցին այդ երկու գործիչները, հիշեցնելու կարիք չկա։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Հոդվածին կից ներկայացված նկարում ավազակապետության դեմ ելած պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է ՀՀԿ–ական պատգամավորների և «Վիկտոր Դալլաքյան-2»–ի՝ չափից շատ «անկախ» պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ։ Դատելով ամենից՝ սեղանակիցները բանավիճում են ավազակապետության թեմայի շուրջ։

Այս խորագրի վերջին նյութերը