Քաղաքական

18.06.2009 15:24


Հմայակ Հովհաննիսյան. «Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթը «մենտոռական» էր»

Հմայակ Հովհաննիսյան. «Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթը «մենտոռական» էր»

Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով Հայ ազգային կոնգրեսն ընտրարշավի ընթացքում բազմաթիվ սխալ ձևակերպումներ արեց։ Այն շատ տաղտկալի և գորշ անցավ, սուր հարցադրումներ չեղան, այդուհանդերձ. «Կոնգրեսը տանուլ է տվել այս ընտրությունները ոչ թե ընտրարշավի ընթացքում։ Դրա պատճառը Լևոն Տեր-Պետրոսյանի մարտի 1-ի ելույթն էր»։

-Մարտի 1-ին մարդիկ հրապարակ էին եկել այն ակնկալիքով, որ Լ. Տեր-Պետրոսյանը կհայտարարի, թե ինքն իշխանություններից պահանջատեր է թափված արյան համար։ Ի վերջո, մարտի 1-ը հեղափոխական ապստամբություն էր, ընդվզում էր։ Դա սահմանադրական միջոցառում չէր, մարդիկ այդ տրամաբանությամբ չէին եկել հանրահավաքի։ Եվ այդ օրը, երբ լրանում էր զոհերի մահվան տարեդարձը, քննադատորեն խոսել հեղափոխության մասին, խոսել ազգային համաձայնության կառավարության ձևավորման մասին՝ պատեհ չէր։

Քաղաքագետն ասել է, թե մարդկային արյունը ջուր չէ, որ թափվի ու անհետ կորչի, և դրա դիմաց պատասխանատվության խնդիրն «անանց» է։

Ըստ Հմայակ Հովհաննիսյանի՝ երբ Լ. Տեր-Պետրոսյանն ասում էր, թե պատրաստ է գործիք լինել ժողովրդի ձեռքին, նա այդ ժամանակ այլ տոնայնություն ուներ։ Իսկ երբ ասում էր, թե ոչ ոք իրավունք չունի իրենց պարտադրել՝ իրականացնելու սեփական ծրագրերը, նրա ելույթը «մենտոռական» էր։

-Մեկ տարվա ընթացքում համաժողովրդական շարժումը վերածվեց կոնգրեսի. տեղի ունեցավ ինստիտուցիոնալիզացիա։ Երբ ժողովրդական շարժումը գնում է այդ ուղով, միշտ պետք է պատրաստ լինի կորուստների։ Քաղաքական առաջնորդը և նրան օգնող տեխնոլոգների խումբը (չգիտեմ՝ այդպիսիք կա՞ն , թե՝ ոչ. եթե կան, ուղղակի կատարյալ ապիկարներ են, կարող եմ ապացուցել) պետք է անպայման հավասարակշռի օգուտները և վնասները։

Միաժամանակ Հմայակ Հովհաննիսյանն ասել է, թե ողջունել և ողջունում է Լ. Տեր-Պետրոսյանի վերադարձը. «Լ. Տեր-Պետրոսյանը հրաշք կատարեց, որ կարողացավ վերադառնալ քաղաքականություն և ընդունվել ժողովրդի կողմից։ Սա  հրաշք է, որ մի կողմից ապացուցում է ժողովրդի մեծահոգությունը, մյուս կողմից՝ թե իշխանություններն ինչ աստիճանի էին այդ ժողովրդին հասցրել»։ Բայց հայտարարել է նաև, որ համաձայն չի եղել նրա բոլոր գնահատականներին, մասնավորապես այն գնահատականին, թե հոկտեմբերի 27-ից հետո ձևավորվեց ավազակապետական համակարգ։ Հ. Հովհաննիսյանը կարծում է, որ եթե այդ ավազակապետական համակարգը չլիներ մինչև հոկտեմբերի 27-ը, չէր լինի նաև այդպիսի ոճրագործություն։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը