Մեկնաբանություն

25.12.2012 18:33


«Դատարկ դհոլի» օրագիրը (տեսանյութ)

«Դատարկ դհոլի»  օրագիրը (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի կողմից «դատարկ դհոլ» որակումն ստացած Արտաշես Գեղամյանն, ինչպես հայտնի է, ՀՀԿ–ի ցուցակով պատգամավոր է դարձել ու փորձում է արդարացնել իրեն։ Հյուրընկալվելով «Ուրվագիծ» հաղորդմանը՝ Գեղամյանը ցույց տվեց, որ ոչ միայն դատարկ դհոլի, այլ նաև զուռնայի պես կարող է ձայներ հանել։

Պարզվում է, նախկին նախագահներն ու օլիգարխ կոչվածները չեն թողել, որպեսզի Սերժ Սարգսյանն աշխատի ու դրա համար էլ տնտեսությունն անկում է ապրում և մարդիկ արտագաղթում են։

Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին սիամական երկվորյակ համարող Գեղամյանի մոտ հիմա հիշողության մասնակի կորուստ է նկատվում, և նա բոլոր մեղքերի մեջ մեղադրում է չար Քոչարյանին ու հրեշտակի թևեր կպցնում Սարգսյանին։ Ըստ Գեղամյանի՝ Սերժ Սարգսյանը վատ ժառանգություն է ստացել ու դրա համար էլ վատ արդյունքներ է արձանագրում։ 2013–ին Սարգսյանի ձեռքերն, ըստ «դհոլի», ազատվելու են, և նա արմատական բարեփոխումներ է անելու։

Դե քանի «մուլտիինստրումենտալիստ» Գեղամյանը խոսում է երկրում տիրող վիճակի, կլանաօլիգարխիկ համակարգի, այն ծնող պատճառների և թմբկահարում բարեփոխումների մասին, արժե հիշել, թե Սերժ Սարգսյանի ու ՀՀ–ում տիրող մթնոլորտի մասին ինչ էր ինքն ասում ոչ վաղ անցյալում։

Եվ այսպես.

«Իրավունք. հարց ու պատասխան»ի լրագրողի այն հարցին, թե ով է մեղավոր երկրում տիրող վիճակի համար, Գեղամյանը հայտարարել է. «Պարոններ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այս քաղաքականությամբ երկիրը փոսից չեն հանի, հակառակը, ավելի կխորացնեն ճգնաժամը: Ո՞վ կամ ի՞նչն է խանգարում, որ նրանք կտրեն կլանային համակարգի գորդյան հանգույցը: Չէ՞ որ բոլորս էլ գիտենք ամեն ինչ: Գիտենք, թե ով է նավթ ու նավթամթերքներ ներկրում Հայաստան, ով` ցորեն և հացամթերք, ով` մետաղ ու մետաղական իրեր» (16 – 23.IV.2002թ.)։

Անդրադառնալով 2003–ի նախագահական ընտրություններին ու հետագա զարգացումներին՝ Գեղամյանը «Հայկական ժամանակ»–ի թղթակցի հետ զրույցում նշել է. «Պարոնայք Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին չեն հետաքրքրում հանրապետության բախտն ու ճակատագիրը, որովհետեւ խնդիր էր դրված օրինականացնել նախագահական անօրինական ընտրությունները՝ ավելի ապօրինի խորհրդարանական ընտրություններ կազմակերպելով: Քոչարյանը, ըստ իս, զերծ կմնա ԼՂ հարցի կարգավորման որևէ փաստաթղթի տակ ստորագրելուց և կիրագործի երկրորդ տարբերակը. իշխանությունը կփոխանցի այն մարդուն, ով իր հետ մասնակից է եղել 1998-ի ՀՀ նախագահի պաշտոնի բռնազավթմանը, ով իր հետ մասնակից է եղել 1999-ի ԱԺ ընտրությունների արդյունքների կեղծմանը, ով մասնակից է եղել 2003-ի նախագահական ընտրությունների խայտառակ օրինախախտումներին և մայիսի 25-ի ԱԺ ընտրությունների արդյունքների բացահայտ կեղծմանը ու դրան հաջորդած հակասահմանադրական հեղաշրջմանը. այն է՝ երկրի օրենսդիր մարմնի՝ Ազգային ժողովի փաստացի կցումը՝ Սահմանադրությամբ իր իսկ կողմից վերահսկելի գործադիր մարմնին: Իսկ մենք գիտենք, որ այդ գործում առաջին ջութակը պատկանում է Սերժ Սարգսյանին» (17.VI.2003թ.)։

Նույն «Հայկական ժամանակին» (19.IV.2005թ.) տված հարցազրույցում Գեղամյանը, գնահատելով իշխանության գործողությունները և Սերժ Սարգսյանի՝ նախագահ դառնալու հավակնությունները, հայտարարել է. «Սերժ Սարգսյանի պարագայում մենք կունենանք ոչ թե հեղափոխություն, այլ հերթական հակաժողովրդական հեղաշրջում, որի դրոշին, իրավամբ, կարելի կլինի գրել՝ է՛լ ավելի խորացնել կոռուպցիան Հայաստանում, է՛լ ավելի ճնշել ժողովրդավարությունն, է՛լ ավելի ծավալել անօրինականություններ: Ուստի, Սերժ Սարգսյանին նախագահ դարձնելու իշխանությունների պատրանքը «խփված խաղաքարտ է»։ Ինչ վերաբերում է նրանոր Սերժ Սարգսյանը ստանձնի ժողովրդավարական ռեֆորմների իրականացումը, ի՞նչ է, դուք ուզում եք ասել, որ հանձին Սերժ Սարգսյանի մենք հնարավորություն ունենք ստանալու բոլորովին նո՞ր մարդ: Այս դեպքում դա անգամ տեսականորեն հնարավոր չէ, քանզի մարդն ինքն իր սեփական երգի կոկորդին կանգնել չի կարող։ Չի կարող ռեֆորմատոր լինել մի մարդ, որի կողմից եթե չհովանավորվեր կոռուպցիան, կաշառակերությունն ու ստվերը, ինչպես բազմիցս նշվել է ընդդիմադիր մամուլում, Ազգային ժողովի ամբիոնից, ապա իշխանական մեծ լծակներ ունեցող շատ պաշտոնյաներ կհայտնվեին մեղադրյալների կարգավիճակում»։

Ահա այսպիսի հայտարարությունների հեղինակն այսօր նշում է, թե Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանից տուժած մեկն է ու հետայսու արմատական բարեփոխումների է գնալու՝ ապահովելով երկրի թռիչքաձև զարգացումը։

Գեղամյանը շատ ուրիշ բաներ էլ է ասել Ս. Սարգսյանի մասին, բայց ներկայացվածն էլ բավական է՝ պատկերացնելու համար, թե մարդու որ տեսակի հետ գործ ունենք։ Նմանների դեպքում է, որ քաղաքականությունը դառնում է անբարոյականություն։

Միայն կարելի է ցավ ապրել, որ գործող նախագահին դուր են գալիս քաղաքական դիակների բարբաջանքները։ 

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Սերժ Սարգսյանին այժմ անսահմանորեն քծնող Արտաշես Գեղամյանը մի ուշագրավ բան էլ էր ասել «Առավոտ» թերթի թղթակցին (4.VIII.2005թ.): Դա այն ժամանակ էր, երբ մարդիկ արդեն տեսնում էին, որ «թունդ ընդդիմադիրի» դիմակով Գեղամյանը սովորական հաճախորդ է։ Եվ ահա ցրելու համար այդ կասկածները՝ Սարգսյանի «դատարկ դհոլը» հետևյալ ձևակերպումը տվեց. «Հիմա նույն իշխանական լրատվամիջոցներով փորձում են լուրեր տարածել՝ իբր ես ու Սերժ Սարգսյանը պայմանավորվածություն ունենք, բոլոր պրոբլեմները լուծված են, և նախագահական ընտրություններում, իբր, Արտաշես Գեղամյանը պաշտպանելու է Սերժ Սարգսյանին: Լուրեր տարածողները կրկնակի նպատակ էին հետապնդում. երբ կահաբեկեին Գեղամյանին, բոլոր կասկածները Սերժի վրայից դուրս կգան, որովհետև նախապես հայտարարել են, թե մենք իրար հետ լավ ենք: Երկրորդ՝ Սերժ Սարգսյանի անվան հետ ում անունը կապվի, վարկաբեկվում է»։

Այսքանից հետո մնում է միայն ասել՝  սա Արտաշես Գեղամյանն է և վերջ։

Այս խորագրի վերջին նյութերը