Քաղաքական

18.06.2009 16:46


ԲՀԿ–ն վերահսկելու է մայրաքաղաքային իշխանություններին

ԲՀԿ–ն վերահսկելու է մայրաքաղաքային իշխանություններին

-Ընտրություններից հետո՝ վերլուծական աշխատանքների փուլում ենք, արդյունքները մեզ համար այնքան էլ գոհացուցիչ չէին։ Եթե գնահատենք ողջ նախընտրական գործընթացը, ապա մեզ համար ավելի գոհացուցիչ էր նախընտրական քարոզչության փուլը, քան բուն ընտրական գործընթացը և արդյունքները,- մայիսի 31-ի Երևանի ավագանու ընտրությունները գնահատելիս ասել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ  Խաչիկ Գալստյանը։

Այդ արդյունքները ԲՀԿ-ի համար նա գնահատել է բավարար՝ համարելով, որ ինչ-որ տեղ իրենք էլ են թերացել։ Ըստ Գալստյանի՝ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև նեղացածություն չկա, և ԲՀԿ-ն ընդդիմադիր կեցվածք չունի.

-Քաղաքականության մեջ անհնարին ոչինչ չի լինում, և կարող է մեկ էպիզոդը քաղաքական վայրիվերումների առիթ հանդիսանալ: Բայց այս պահին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ոչ մի կիսաընդդիմադիր կամ լիովին ընդդիմադիր կեցվածք չի որդեգրել։

Անդրադառնալով Երևանի ավագանիում ԲՀԿ անդամների աշխատանքին՝ Խաչիկ Գալստյանն ասել է, որ իրենք հետևելու են սեփական քաղաքական կուրսին.

-Հաշվի առնելով, որ Հանրապետական կուսակցությունն ունի  ավագանու 35 անդամ և հանրապետական քաղաքապետ, ուստի վերահսկողական գործառույթն այս առումով կարող է կաղալ։ Այդ պատասխանատվությունը կստանձնի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

Նա նաև նշել է, որ չնայած ավագանիում ԲՀԿ-ի ռազմավարությունը հստակեցման փուլում է, իր կարծիքով՝ այս կուսակցությանից ավագանու անդամները լինելու են առավելագույնս ակտիվ և օգտագործելու են  հնարավոր բոլոր ինստիտուցիոնալ օղակները՝ երևանցիների ձայնը հասանելի դարձնելու և քաղաքապետարանի գործունեությունը վերահսկելու համար։

-Իհարկե, լավ կլիներ, որ ընդդիմությունը ներկայացված լիներ։ Բայց քանի որ չկա, մենք ի գիտություն ենք ընդունել այսպիսի դասավորվածությունը։ Այս պահին ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի քաղաքական շահերն ու նպատակները հակադիր բևեռներում չեն, դրա համար էլ ընդդիմություն անցնելը մեզ համար օրակարգային չէ։

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը