Մեկնաբանություն

26.12.2012 21:30


ՀՅԴ–ի պլատֆորմն ու Հրանտ Մարգարյանի նախընտրած անձը

ՀՅԴ–ի պլատֆորմն ու Հրանտ Մարգարյանի նախընտրած անձը

Եվ այսպես, ՀՅԴ–ն որոշեց թեկնածու չառաջադրել գալիք նախագահական ընտրություններում, բայց նաև չբոյկոտել ընտրությունները՝ առաջնորդվելով ընտրական ինստիտուտները վերջնականապես չվարկաբեկելու վեհ ցանկությամբ։

Փաստորեն ըստ ՀՅԴ–ի՝ մեզանում ընտրական ինստիտուտները դեռ վերջնականապես չեն վարկաբեկվել։ Եվ սա ասվում է այն դեպքում, երբ ԱԺ վերջին ընտրություններում ընտրակեղծիքները կիրառվեցին ամենալկտի ու ցինիկ ձևով, ինչի մասին բազմիցս հայտարարում էին նաև ՀՅԴ–ականները։

ՀՅԴ–ն անձի ու պլատֆոմի արանքում

Մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներ հաշվի առնելով՝ ՀՅԴ–ի որոշումը կանխատեսելի էր։ Պարզ էր, որ Գագիկ Ծառուկյանի քաղաքական առումով սխալ որոշումից և «տեխնիկական» փոքրիկ խոչընդոտի պատճառով Լևոն Տեր–Պետրոսյանի չառաջադրումից հետո ՀՅԴ–ն այլ տարբերակ չուներ։ Միակ «ինտրիգն» այն էր, թե ինչպես է ՀՅԴ–ն փորձելու հիմնավորել սեփական թեկնածուով նախագահական ընտրություններին չմասնակցելը։

ՀՅԴ գերագույն ժողովի հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Դերակատար քաղաքական ուժերի, հասարակական շրջանակների հետ քննարկումների միջոցով փորձ արվեց համախոհություն ստեղծել քաղաքական պլատֆորմի շուրջ, հանդես գալ ընդդիմադիր միասնական ճակատով։ ... Սակայն համախմբումը  այս կամ այն կոնկրետ թեկնածուով պայմանավորելու կանխակալ մոտեցումները թույլ չտվեցին տրամաբանական ավարտին հասցնել միասնական օրակարգով նախագահական ընտրությունների գնալու  ջանքերը»։

Նկատենք, որ այսպիսի բացատրությամբ ընտրություններին չմասնակցելը դեմքը փրկելու և այլոց մեղադրելու փորձ է։ Այլ կերպ ասած՝ ՀՅԴ որոշումը «ատմազկա» է։

Եթե ՀՅԴ վերնախավն անկեղծ է իր կուսակցական շարքերի ու ընտրողների հետ, ապա թող մինչև վերջ բացի փակագծերը և տեղեկացնի, թե ո՞վ է եղել միասնական ճակատի և միասնական օրակարգի ձևավորմանը խոչընդոտող ուժը կամ անհատը՝ «Բարգավաճ Հայաստա՞նը», որի ղեկավար Գագիկ Ծառուկյանը Հրանտ Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ ամբողջովին ընդունել է ՀՅԴ պլատֆորմի 7 կետերը որպես համատեղ ուժերով իշխանության գալու դեպքում իրագործվելիք ծրագրի մաս ու արել ֆինանսակազմակերպական բնույթի շատ կոնկրետ առաջարկներ, Կոնգրե՞սը, որի ներկայացուցիչները հայտարարում էին, որ խորհրդակցությունները դրական են գնահատում ու չեն բացառում միասնաբար հանդես գալը, «Ժառանգությու՞նը», որի ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՅԴ կազմակերպած խորհրդաժողովի  ժամանակ ամբողջությամբ ընդունեց ՀՅԴ պլատֆորմի կետերը, թե՞ Դաշնակցությունը, որը հակաիշխանական ոգով ներծծված խորհրդաժողովից հետո ոչ թե ձեռնամուխ եղավ միասնականության գաղափարի կյանքի կոչմանը, այլ գնաց պլատֆորմի սկզբունքները չընդունող Սերժ Սարգսյանի հետ հանդիպման, սեպարատ պայմանավորվածության եկավ նրա հետ ու պարտավորվեց որևէ պարագայում մաս չկազմել «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափին։

ՀՅԴ–ն պետք է բաց տեքստով խոսի այս ամենի մասին, ինչպես որ հրապարակավ գովազդեց Սերժ Սարգսյանի հետ ունեցած անպտուղ հանդիպումը։

Եթե ՀՅԴ–ին դուր չէր եկել, օրինակ, այն, որ ԲՀԿ–ն, քաղաքական տրամաբանությունից և օբյեկտիվ հանգամանքներից ելնելով, առաջարկել էր ընտրությունների գնալ Գագիկ Ծառուկյանով, ապա դաշնակցականները թող բարի լինեն ու ասեն, թե ներկա իրողությունները և ԱԺ ընտրության արդյունքները հաշվի առնելով՝ ումո՞վ էին առաջարկում գնալ ընտրության։

Ինչպես հայտնի է, ՀՅԴ–ից մշտապես խուսափել են սեփական թեկնածուի անունը տալուց՝ հայտարարելով, թե կարևորը պլատֆորմի կետերն են, այլ ոչ թե անձը։ Բա եթե անձը կարևոր չէր, ապա ինչո՞ւ էին անհեթեթ առաջարկներով անձի խնդիր բարձրացնում և ինչո՞ւ են հիմա հայտարարում, թե համախմբումը  այս կամ այն կոնկրետ թեկնածուով պայմանավորելու կանխակալ մոտեցումները թույլ չտվեցին տրամաբանական ավարտին հասցնել միասնական օրակարգով նախագահական ընտրությունների գնալու  ջանքերը։ Կյանքը ցույց տվեց, որ իրականում հենց «ընկերնե՛րն» են  կանխակալ վերաբերմունք ցուցաբերում և անձը կարևորում պլատֆորմից՝ վիժեցնելով միասնաբար հանդես գալու ծրագիրը։

Ո՞ւմ համար պարզ չէր, որ միայն ԲՀԿ–ի գլխավորությամբ և մյուս շահագրգիռ քաղաքական ուժերի համախմբման միջոցով է հնարավոր հասնել իշխանափոխության։

ՀՅԴ–ն չգիտե՞ր, որ Ծառուկյանը վախենում էր միայնակ իշխանության դեմ դուրս գալուց և միայն  լայն համախմբման դեպքում կդիմեր ռիսկի։ ՀՅԴ–ն չգիտե՞ր, որ Ծառուկյանը պատրաստ է հրապարակավ հայտարարել, որ իշխանության գալուց երկու տարի անց հրաժարական է տալու և կրկին չի առաջադրվելու՝ նախապես կազմակերպելով սահմանադրական փոփոխություններ և երաշխավորելով նորմալ ընտրություններ։ Իհարկե՛ գիտեր և գիտենալով հանդերձ՝ պետք է իր մասով ճիգ գործադրեր Ծառուկյանին խաղի մեջ պահելու և որպես գործիք օգտագործելու, այլ ոչ թե Սերժ Սարգսյանի հետ ինչ–ինչ պայմանավորվածությունների հասնելու ուղղությամբ։

Եվ ամենակարևորի մասին. եթե ՀՅԴ–ի համար, ինչպես հայտարարվում էր, կարևորը միասնական թեկնածուի անձը չէր, այլ պլատֆորմի կետերը, ապա ինչո՞ւ իրենք սեփական թեկնածուով չմտան ընտրապայքարի մեջ ու առիթը բաց թողեցին 7 կետերը քարոզելու համար։ Գաղափարական ուժը հենց այդպես էլ պետք է վարվեր, այլ ոչ թե ձևական հայտարարություն աներ այն մասին, թե քաղաքական  բոլոր միջոցներով առաջիկայում ևս հետամուտ են լինելու կուսակցության ներկայացրած յոթ կետանոց օրակարգի իրականացմանը։ Ինչ է, ՀՅԴ–ում չե՞ն հասկանում, որ Սարգսյանի վերընտրության պարագայում պլատֆորմի որևէ կետ չի կարող իրականություն դառնալ։ Իհարկե՛ հասկանում են, բայց ուզում են ճիգ գործադրել՝ ցույց տալու համար, թե իբր գաղափարական խնդիրներն իրենց համար կարևոր են։

Ամփոփում

Վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցածը մեզ հիմք է տալիս եզրակացնելու, որ պլատֆորմը ՀՅԴ վերնախավի համար ընդամենը առևտրի առարկա է եղել, այլ ոչ թե գաղափարական համոզմունք։

Հրանտ Մարգարյանի գործունեությունը ցույց է տալիս, որ իր նախընտրած անձը «ֆուտբոլային» դիվանագիտության կնքահայր Սերժ Սարգսյանն է, իսկ հանրությանը մատուցվող սրտաճմլիկ ձևակերպումները լոկ քողածածկույթ են և դեմքը փրկելու հուսահատ քայլեր։

Գագիկ Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի արանքում Հրանտ Մարգարյանը փորձեց ի՛ր  «պլատֆորմը» թանկ վաճառել, սակայն  ծանր դրության մեջ դրեց ՀՅԴ–ին, քանզի ԲՀԿ–ի խաղից դուրս գալուց հետո արձանագրվեց «հին ընկերների» «արժեթղթային» արժեքի կտրուկ անկում։ Արդյունքում՝ ՀՅԴ–ն ստիպված որոշեց չմասնակցել ընտրություններին։

Սերժ Սարգսյանին պետք էր ամեն գնով վիժեցնել «Կոնսենսուս մինուս մեկը», և նա հասավ դրան՝ ԱԺ ընտրություններից առաջ «Ժառանգությանը» «երկխոսացնելով», նախագահական ընտրությունների նախաշեմին ՀՅԴ–ին Բաղրամյան 26 կանչելով ու ԲՀԿ–ի ղեկավարին ահաբեկելով։ Սա՛ է իրականությունը։

Ինչ մնում է պլատֆորմին, որի իրականացմանն իբր անթեկնածու ՀՅԴ–ն փորձելու է հասնել, ապա այն այլևս որևէ մեկին չի հետաքրքրում, քանզի բոլորը տեսան, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներ փափագող և ճիգեր գործադրող մարդիկ ընդամենն ուզում են ազգային–ազատագրական թեմաները մեջտեղ բերելով՝ անձնական շահ հետապնդող  գործարքներ կնքել։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Հետաքրքրական է, որ ՀՅԴ քայլերն արդարացնելու համար դաշնակցական մամուլը քարկոծում է հեղափոխական ճանապարհով իշխանափոխության հասնելու տարբերակը և քննադատում «Կոնսենսուս մինուս մեկ» բանաձևը, որը, ի դեպ, առաջին անգամ բարձրաձայնվել է դաշնակցական Արմեն Ռուստամյանի կողմից։ Մի կողմ թողնելով այն հարցը, թե արդյոք պե՞տք է մեզ հեղափոխություն, թե՞ ոչ, նկատենք, որ իր անվան մեջ «հեղափոխություն» բառը ներառող կուսակցությունը, անկախ ամեն ինչից, իրավունք չունի իր մամուլով քննադատել հեղափոխության գաղափարը։ Ով ով, բայց Հայ հեղափոխական դաշնակցությունը չի կարող դեմ լինել հեղափոխությանը։ Իսկ եթե դեմ են, ապա թող փոխեն կուսակցության անունը՝ վերանվանվելով Հայ հակահեղափոխական կամ Հայ հեղափոփոխական դաշնակցություն։

Հ.Գ.-2: Գագիկ Ծառուկյանի հետքայլից հետո ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ նախագահի բոլոր թեկնածուների հայտնի դառնալուց հետո իրենք միգուցե կողմնորոշեն ԲՀԿ համակիրներին։ Իշխանական լրատվամիջոցների հետ միասին վաղուց նույն գծի վրա գտնվող դաշնակցական լրատվամիջոցներից մեկն անմիջապես արձագանքեց Զոհրաբյանի այդ հայտարարությանը՝ նշելով, թե համակիրները ոչխարի հոտ չեն, որ ԲՀԿ–ն ուր ուզի՝ կողմնորոշի։

Ուշագրավ է, որ ՀՅԴ–ն իր այսօրվա հայտարարության մեջ կետ ունի համակիրների կողմնորոշման մասին։

«Բացառելով իշխանության թեկնածուին աջակցելը՝ լիազորել Գերագույն մարմնին` հետևել նախընտրական գործընթացներին և ի հարկին կողմնորոշել (ընդգծումը մերն է – խմբ.) ՀՅԴ կազմակերպական կառույցին և համակիրներին»,–նշված է ՀՅԴ գերագույն ժողովի հայտարարության մեջ։ 

Այս խորագրի վերջին նյութերը