Լրահոս

18.06.2009 18:03


Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ՝ նորընտիր ավագանին արտահերթ նիստ է գումարել

Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ՝ նորընտիր ավագանին արտահերթ նիստ է գումարել

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ՝ հունիսի 18-ին  Երևանի նորընտիր ավագանին գումարել է արտահերթ նիստ: Նիստին մասնակցելու համար Բարգավաճ Հայաստան և Հայաստանի հանրապետական կուսակցություններից գրանցվել է ավագանու 47 անդամ, ինչը բավավար է քվորումն ապահովելու համար: Ինչպես նախորդ նիստին, այս անգամ նույնպես ՀԱԿ-ը չի ներկայացել:
Օրակարգի գլխավոր հարցը Երևանի ավագանու կանոնակարգի ընդունումն է եղել: Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորումից և արտահերթ նիստի օրակարգի հաստատումից հետո ավագանու անդամ Ենոք Ազարյանը ներկայացրել է «Երևան քաղաքի  ավագանու կանոնակարգի» նախագիծը:

«Կանոնակարգի անհրաժեշտությունը պայմանավորված է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ և 25-րդ հոդվածների պահանջներով: Ավագանին գործում է կանոնակարգին համապատասխան՝ նստաշրջանների, նիստերի, հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքների միջոցով: Ներկայացվող նախագիծը բաղկացած է 8 գլուխներից և 16 հոդվածներից»,- իր ելույթում նշել է Ե. Ազարյանը:

Ավագանու կանոնակարգը որոշակի նմանություններ ունի ԱԺ կանոնակարգի հետ: Կանոնակարգի առաջարկվող տարբերակով՝ ավագանու հանձնաժողովների և  նիստերի համար օգտագործված են օրենքի ընձեռած բոլոր հնարավորությունները. նիստերը կգումարվեն ամիսը երկու անգամ, կձևավորվի 4 մշտական հանձնաժողով:
Ձևավորվելու են խմբակցություններ. ըստ ավագանու ընտրությունների արդյունքների՝ դրանք երեքն են՝ ՀՀԿ, ԲՀԿ և ՀԱԿ: Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նշել է, որ կանոնակարգի ընդունումը հրատապ է, որպեսզի ավագանին  կարողանա աշխատել: Իսկ կանոնակարգի լրամշակմանն առնչվող հարցերի վերաբերյալ քաղաքապետն ընդգծել է, որ ավագանու անդամների առաջարկությունները հաշվի կառնվեն: Կարճատև քննարկումից հետո ավագանին միաձայն ընդունել է կանոնակարգը:
Ավագանու կանոնակարգը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: Կանոնակարգի համաձայն՝ ավագանու հաջորդ նիստի ժամանակ կձևավորվեն  մշտական հանձնաժողովներն ու խմբակցությունները:
Իսկ  նախապես հայտարարված ավագանու հունիսի 23-ի նիստը տեղի չի ունենա, քանի որ օրենքով սահմանված ժամկետներում որևէ նախաձեռնություն չի ներկայացվել:

Ըստ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչության

Այս խորագրի վերջին նյութերը