Մեկնաբանություն

30.12.2012 22:12


«Բարեշրջման» էֆեկտը կամ «տակից» ապրանքի ժամանակները վերադառնում են

«Բարեշրջման» էֆեկտը կամ «տակից» ապրանքի ժամանակները վերադառնում են

Որքան շատ են իշխանությունները խոսում բարեշրջումներից, այնքան ավելի են բյուրոկրատացման ենթարկվում պետություն–քաղաքացի հարաբերությունները, և այնքան ավելի է վատանում հանրային ծառայությունների մատուցման որակը։ Որքան շատ են խոստանում  «Դուք»–ով խոսել ՀՀ քաղաքացու հետ, այնքան ակնհայտ է դառնում իշխանական քարոզչության սնանկությունը։ Տարեվերջին շատերս հերթական անգամ համոզվեցինք այդ ամենում։

Բերեմ կոնկրետ օրինակներ, որպեսզի ավելի առարկայական դառնան վերը նշված գնահատականները։

«Նույնականացված» մղձավանջ

Ինչպես հայտնի է, հաջորդ տարվանից նախատեսված է նույնականացման քարտերի ներդրում, որով տնտեսվարողները էլեկտրոնային տարբերակով հաշվետվություններ պետք է ներկայացնեն հարկային մարմիններին։

Դեռ հայտնի չէ, թե որքանով արդյունավետ կդառնան, օրինակ, Խաչիկ գյուղի կրպակատիրոջ և պետության հարաբերությունները «չերեզ E-mail», բայց արդեն հայտնի է, որ նույնականացման քարտի ձեռքբերման գործընթացը սեփական բիզնես ունեցողների ճնշող մեծամասնության համար վերածվել է մղձավանջի և ժամանակի անիմաստ կորստի։ Նրանք, ովքեր ոստիկանության անձնագրային բաժիններում են եղել այդ հարցով, գիտեն, որ սարսափելի բյուրոկրատիա է տիրում. «Դուք»–ի արժանի քաղաքացիները հերթի մեջ հիշում են սովետական լճացման տարիները և «բարի» խոսքեր ասում բարեշրջիչների հասցեին։

Այն «աչոնիկները», ովքեր զբաղվում են «նույնականացման» հարցերով, իրենց աշխատանքով ու վարքագծով ցույց են տալիս, որ Տիգրան Սարգսյանի բարեշրջումները մեծ թափով առաջ են գնում և մեզ տանում դեպի Սերժ Սարգսյանի խոստացած  ապահով Հայաստան։ 

Ի դեպ, նույնականացման քարտի համար դիմողներին քաշքշուկի ենթարկելուց հետո ոստիկանության անձնագրային բաժինները չեն կարողանում իրենց իսկ նշած ժամկետներում տրամադրել համապատասխան փաստաթղթերը, որպեսզի տնտեսվարողները շարունակեն «նույնականացված» ճամփորդությունը դեպի հարկային։ Իսկ ժամկետները սեղմում են. «բարեշրջումները» մեկնարկելու են 2013թ. փետրվարից, բայց շատերը պետության պատճառով պատրաստ չեն դրան։

Փաստորեն, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորած կառույցն օպերատիվ ու արդյունավետ է աշխատում այն ժամանակ, երբ անհրաժեշտ է ընտրություններին ընդառաջ նոր անձնագրեր տպել և ապահովել շրջիկ խմբերի «սահմանադրական իրավունքը»։ Մնացած դեպքերում ոստիկանությունը քաղաքացիներին է դեմ տալիս բյուրոկրատիայի քայլող կամ ավելի ճիշտ՝ աթոռին կպած մարմնավորում հանդիսացող «աչոնիկներին» և վերջ։

Գրպանահատություն պետական մակարդակով

Շատերը կհիշեն, թե ինչպես էինք սովետի ժամանակ այս կամ այն ապրանքը գնելու համար ծանոթ մեջ գցում։ Տարածված էր նաև վաճառասեղանի «տակից» ապրանք գնելու խաղի կանոնը, որի շրջանակներում վաճառողները ապրանքը պահում էին իրական գին՝ պետականորեն սահմանվածից բարձր, վճարելու ունակ մարդկանց համար. պահանջարկը գերազանցում էր առաջարկը։

Նրանք, ովքեր կարոտել են այդ ժամանակներին, կարող եմ ասել, որ տիգրանսարգսյանական մեկ այլ բարեշրջման արդյունքում արդեն իսկ կարող են վայելել ապրանքային դեֆիցիտի ու «տակից» ապրանք գնելու հաճույքը։

Երևի հիշում եք, թե ինչպես էր նախորդ տարի գովազդվում ավտոմեքենաների տեխզննման կտրոնների հետ կապված բարեշրջումը։ Իրականում բարեշրջում չկար։ Դա կարող եմ ասել որպես ավտոսիրող։ Նախկին կարգի հետ համեմատած միակ փոփոխությունն այն է, որ համապատասխան վճարումները կատարվում են բանկում և ավտոմեքենայի դիմապակու վրա փակցվող տեխզննման կտրոնը ստանում ես բանկից, այլ ոչ թե ձևականորեն տեխզննում անցկացնող կետերից։ Այսինքն՝ բարեշրջման արդյունքում գումարները սկսեցին տեխզննման կետերից հոսել դեպի բանկեր։ Ինչպես հայտնի անեկդոտում է ասվում՝ բան չի փոխվել, պարզապես թղթաբանությունն է ավելացել։

Հիմա բուն թեմայի մասին։

Նախորդ տարի այս օրերին, երբ տեխզննման հերթական «պրոցեդուրան» էի անցնում, ֆիքսեցի, որ բարեշրջման արդյունքում ավելի շատ ժամանակ կորցրեցի, քան դրանից առաջ էր (տե՛ս http://7or.am/am/news/view/29228/ )։ Ճիշտ է, առաջ էլ մի բան չէր, բայց փաստն այն էր, որ քաշքշուկը շատացել էր, քանզի ստիպված էի անցնել թաղապետարան (գույքահարկի չափը ճշտելու համար) – բանկ (գույքահարկը վճարելու համար) – թաղապետարան («զրոյական» թուղը վերցնելու համար) – բանկ (տեխզննման կտրոնը ստանալու դիմաց այլ վճարումներ կատարելու համար) – տեխզննման կայան (բանկից ստացած տեխզննման կտրոնի վրա կնիք դնելու և 5000 դրամ «լեվի» փող ուզողին «պասլատ» անելու համար)։ Այդպիսով՝ նախորդ տարվա այս օրերին մոտիկից ծանոթացա  «Հայկական աշխարհի» ճարտարապետի նորամուծության հետ և համոզվեցի, որ դեմագոգիայից բացի այլ բանով սրանք ունակ չեն զբաղվելու։

Իսկ այժմ «տակից» ապրանքի մասին։

Թվում էր, թե նախորդ տարվա համեմատ այս տարի քայլ առաջ պետք է գնացած լինեինք, բայց ճիշտ հակառակն է եղել։ Տեխզննման կտրոնի համար նշածս երթուղին պահպանվել է ու դեռ մի բան էլ խցանվել։ Այս ամենին ավալացել է մառազմը. բոլոր բանկերը, խոսքները մեկ արած, հրաժարվում են տեխզննման կտրոն տրամադրել՝ պատճառաբանելով, թե չունեն (նման դեպքերում սովետի ժամանակ օգտագործում էին «չենք ստացել» ձևակերպումը)։ Այսինքն՝ մեքենայի դիմապակու վրայի կտրոնը, այն է՝ թղթի կտորը դարձել է դեֆիցիտ ու կարող ես միայն ծանոթով կամ «տակից» գնել այն կամ էլ ընդհանրապես չես կարող գնել։ Նմանատիպ աբսուրդ հնարավոր չէր պատկերացնել։ Բանկերը չեն կարողանում հոդաբաշխ ձևակերպում տալ, թե ինչու չունեն տեխզննման կտրոններ։ Սա՞ էր բարեշրջումը։

Ակնհայտ է, որ այստեղ գործ ունենք պետական մակարդակով կազմակերպված գրպանահատության հետ՝ մոտավորապես այնպիսին, ինչպիսին կազմակերպեցին իշխանությունները 2009թ. մարտի 3–ին, երբ մեկ գիշերվա մեջ ավելի քան 25 տոկոսով արժեզրկեցին ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ մինչև այդ կոչ անելով «Դուք»–ի արժանի ՀՀ քաղաքացիներին խնայողությունները պահել դրամով և 305 դրամով բանկերին հանձնելով 700 միլիոնի հասնող պահուստային դոլարները։

Տեխզննման կտրոնները չտրամադրելով՝ վարչապետ Տիգրան Սարգսյան – ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան – Կենտրոնական բանկի նախագահ  Արթուր Ջավադյան եռամիասնությունը մի քանի խնդիր է լուծում։ Նախ հնարավորություն կա տոնական օրերին «լեվի» ու «պռավի» տարբերակով տուգանել «օրինախախտ» վարորդներին, այսինքն նրանց, ում բանկերը տեխզննման 2013թ. կտրոնը հրաժարվել են տրամադրել։

Եվ ամենակարևորը՝ այս տարի տեխզննման կտրոն չտրամադրելով՝ հաջորդ տարի բանկերը, երբ «ստացած» կլինեն թղթի կտորները, նորից կհրաժարվեն դրանք տրամադրել՝ պատճառաբանելով, թե համաձայն օրենսդրության պետք է մուծել նաև ավտոմեքենայի 2013թ. գույքահարկն ամբողջությամբ և ստանալ արդեն 2014թ. կտրոն։ Իսկ դա նշանակում է, որ, օրինակ, դեկտեմբերին 2012թ. տարեկան գույքահարկը մուծած քաղաքացին հունվարին կրկին պետք է նույն չափով հարկ վճարի արդեն 2013թ. համար, որպեսզի բանկն այդ թղթի կտորը տրամադրի։ Ասել է թե՝ տեխզննման կտրոնը կրկնակի թանկ կնստի վարորդների վրա։ Եվ դա այն դեպքում, երբ բա՛նկն է մեղավոր ստեղծված իրավիճակի համար։ Թե ինչպես կլինի իրականում, պարզ կդառնա տոներից հետո։

Մենք կոչ ենք անում բոլոր այն վարորդներին, ովքեր բանկային բյուրոկրատիայի և պետականորեն կազմակերպված գրպանահատության զոհ են դարձել՝ որևէ պարագայում չխաղալ պետության թելադրած կանոններով, եթե, իհարկե, նախապես վճարել եք 2012թ. ամբողջ գույքահարկը և միայն բանկի պատճառով չեք կարողացել ստանալ տեխզննման կտրոնը։ Եթե հանկարծ հունվարին բանկերը, տեխզննման կտրոնը տրամադրելու դիմաց, կրկնակի վճարումներ պահանջեն, ապա պետք է երեք մատի կոմբինացիա ցույց տալ։ Սրանց թելադրած խաղի կանոններով չի կարելի խաղալ ո՛չ քաղաքական դաշտում, ո՛չ էլ առանձին հարցերում։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Ոստիկանություն արդեն հաղորդագրություն է տարածել տեխզննման կտրոնների մասով։

«Նկատի ունենալով, որ տարեվերջին ոչ բոլոր վարորդներն են հասցրել ձեռք բերել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոններ, իսկ առաջիկայում ոչ աշխատանքային օրեր են, ոստիկանության պետի հանձնարարականով՝ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը տեխզննության կտրոններ չունեցող տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չի կազմի»,– նշված է ոստիկանության հայտարարության մեջ։

Փաստորեն, ոստիկանությունը որպես բարի կամքի դրսևորում է ուզում ներկայացնել տեխզննման կտրոն չունեցող վարորդների նկատմամբ արձանագրություն չկազմելը և չտուգանելը։

Իհարկե լավ է, որ ոստիկանությունը համարժեք կերպով է արձագանքել ստեղծված իրավիճակին, բայց վատ է, որ իր հաղորդագրության մեջ բուն պատճառի մասին չի խոսել, այլ փորձել է այնպես ներկայացնել, կարծես վարորդներն են մեղավոր, որ տեխզննման կտրոն չունեն, իսկ ահա ոստիկանությունը բարի է ու չի պատժի օրենքը խախտած վարորդներին։

Ճիշտ կլիներ, որ ոստիկանությունը ազնիվ լիներ ու բաց տեքստով հայտարարեր, թե մարդկանցից բազմաթիվ ահազանգեր են ստացվել առ այն, որ բանկերը տեխզննման կտրոն չեն տրամադրում և այդ իսկ պատճառով իրենք չեն տուգանելու վարորդներին։ 

Ինչ վերաբերում է բանկերի՝ տեխզննման կտրոն չտրամադրելու պատճառներին, ապա դրանք պետք է համապատասխան մարմինների քննության առարկա դառնան։ 

Այս խորագրի վերջին նյութերը